Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բժշկի, որպեսզի կանխվի սկսվող հիվանդությունը: Սակայն հնարավոր է, որ Ա-ի ծկթման ընթացքում նկատվեն լնդերի գրգռվածություն, քոր, որը որոշ երեխաների մոտ առաջ է բերում անհանգստություն և լնդերը կոշտ առարկային (գդալ, ոսկրե օղակ) քսելու ցանկություն, առատ թքահոսություն՝ պայմանավորված թքագեղձերի գործունեության ուժեղացմամբ:

Մնայուն Ա. ծկթում են 5-6 տարեկանում. սկզբում՝ 1-ին մնայուն մեծ աղորիքը (ի հայտ է գալիս կաթնատամ աղորիքների հետևում, որը կապված է ծնոտի հետին բաժնի աճման հետ): Կենտր. մնայուն կտրիչները (սկզբում՝ ստորինները, ապա՝ վերինները) ծկթում են 6-8 տարեկանում, այնուհետև փոխվում են կողմնային կտրիչները (9-10 տարեկանում), ժանիքները և փոքր աղորիքները (10-14 տարեկանում): 2-րդ մեծ աղորիքները ծկթում են 14-16 տարեկանում, իսկ իմաստության Ա.՝ սովորաբար 16-25 տարեկանում: Երեխաների ֆիզ. զարգացման արագացման հետ կապված (տես Ակցելերացիա)՝ Ա. կարող են փոխվել նաև ավելի վաղ ժամկետներում:

Մնայուն Ա-ի ծկթմանը նախորդում է կաթնատամների արմատների ներծծումը, որն սկսվում է այն հատվածից, որտեղ դրանց հպվում են աճող մնայուն Ա-ի պսակները: Երբ պսակները ծկթում են, Ա-ի արմատները դեռևս ձևավորված չեն: Դա մեծ նշանակություն ունի երեխաների Ա-ի հիվանդությունների ժամանակ: Ոչ լրիվ զարգացած Ա. հաճախ են ախտահարվում, ոսկրափուտը գրանցում կատարվում է ավելի արագ, իսկ եթե ոսկրափուտը բարդացել է կակղենու բորբոքումով, ապա զարգացած արմատների բորբոքումն արագ անցնում է արմատաթաղանթին:

Ա-ի ֆունկցիան սնունդը կտրելը և մանրացնելն է: Ծամելը մարսողության սկզբն. փուլն է, որի ժամանակ սնունդը Ա-ով մանրացվում է և խառնվում թքի հետ: Թքի մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցության հետևանքով տեղի է ունենում բերանային մարսողություն, որն ապահովում է հետագա լիարժեք մարսողությունը ստամոքսում: Ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովը հաստատել է ծամելու դրական ազդեցությունը թքագեղձերի արտազատման, ստամոքսի ֆունկցիայի, ինչպես նաև արյան շրջանառության և նյութափոխանակության վրա:

Ստորին ծնոտի ծամող շարժումները (վերև, ներքև, հորիզոն.՝ աջ, ձախ) իրականանում են ծամիչ մկանների կծկումների շնորհիվ, ինչպես նաև շրթունքների, այտերի, լեզվի մկանների մասնակցությամբ: Սնունդը կծում են առջևի Ա-ով, այնուհետև լեզվի միջոցով այն փոխանցվում է փոքր և մեծ աղորիքների ծամող մակերևույթներին: Այդ դեպքում այտի մկանները սեղմվում են Ա-ին և առաջացնում, այսպես կոչված, այտային գրպանիկներ: Մանրացված սնունդն Ա-ի վրայից ընկնում է այտային գրպանիկները և այտային մկանների կծկման շնորհիվ նորից վերադառնում Ա-ի ծամող մակերևույթներին: Մանրացված մասնիկները գոյացնում են սննդային գնդիկներ, իսկ խոշորները նորից տեղափոխվում են Ա-ի վրա: Թքով շաղախված լպրծուն սննդի գունդն ընկնում է լեզվի թիկնային մակերևույթին, ծամելիս առաջանում է դադար, կլման ռեֆլեքս, և սննդի գունդը կուլ է գնում:

Ատամների հիվանդությունները և վնասվածքները: Ատամների զարգացման խանգարումները (անոմալիաները) բազմատեսակ են: Դրանցից մեկը կարող է լինել միայն կոսմետիկ. արատ (ատամի անկանոն ձևը, մեծությունը, գույնը), մյուսները (օրինակ՝ մի խումբ Ա-ի բնածին բացակայությունը) առաջացնում են ծամելու խանգարումներ: Այսպես կոչված՝ բաց ատամնակծվածքը փոխում է դեմքի ձևը: Երբեմն որոշ լրիվ ձևավորված մնայուն Ա. մնում են ծնոտում և չեն ծկթում (աննկատելի Ա.): Դրանք հաճախ ժանիքներ են կամ իմաստության Ա.: Ա-ի զարգացման խանգարումները կարող են կապված լինել հղիության ժամանակ մոր ոչ ճիշտ սնուցման, երեխայի ծնոտի աճման կասեցման հետ, և երբեմն Ա. կարող են լինել գերհամալրված կամ շատ խիտ: Հաճախ կենտր. կտրիչների միջև նկատվում է տարածություն, այսպես կոչված, դիասթեմա: Երբեմն Ա., տեղը չբավարարելու պատճառով, կարող են ծկթել ատամնաշարից դուրս:

Ա-ի զարգացման խանգարումներից են չափազանց շուտ և չափազանց ուշ ծկթումը: Վերջինս սովորաբար կապված է երեխայի օրգանիզմը թուլացնող հիվանդությունների (ստամոքսաղիքային խանգարումներ, թոքաբորբ, ռախիտ) հետ: Հաճախակի բարդություններից է իմաստության Ա-ի ծկթման դժվարացումն այն տարիքում, երբ ծնոտի աճումն արդեն ավարտվել է: Այդ դեպքում ոչ լրիվ ծկթած ատամի պսակը ծածկող լինդը բորբոքվում է, իսկ չհետևելուց կարող է առաջանալ ծնոտի շրջոսկրի բորբոքում:

Ա-ի զարգացման կամ ծկթման բոլոր խանգարումների ժամանակ հարկավոր է դիմել ստոմատոլոգի, որը որոշում է խանգարման աստիճանը, բուժման անհրաժեշտությունը և այլ մասնագետների հետ խորհրդատվության կարիքը: Ա-ի սաղմի սկզբնավորման և զարգացման շրջանում, երեխայի օրգանիզմում նյութափոխանակության խանգարման (սուր վարակ, մոր և երեխայի անբավարար սնուցում) հետ կապված, կարող է առաջանալ կարծր հյուսվածքների թերզարգացում, չնայած Ա. սկզբնավորվել և ծկթել են: Այդ անկանոնությունը կոչվում է հիպոպլազիա և հիմնականում նկատվում է կտրիչների ու 1-ին մնայուն մեծ աղորիքների վրա: Արծնի շերտը լինում է շատ բարակ՝ ալիքաձև տեսքով կամ բաց դարչնագույն բծերով: Երբեմն դենտինը լրիվ արծնազուրկ է: Այդպիսի Ա., որպես կանոն, չեն ցավում, բայց ենթակա են ոսկրափուտի, ուստի երեխային պետք է ցույց տալ ստոմատոլոգի՝ կանխարգելիչ բուժման նպատակով:

Ատամների վնասվածքները. Ա. հաճախ վնասվում են: Կարող է լինել Ա-ի հոդախախտում, պսակի և արմատի կոտրվածք, որից առաջանում են ուժեղ ցավեր: Ա. շրջապատող հյուսվածքներն այտուցվում են: Ցանկացած վնասվածքի դեպքում դիմում են ստոմատոլոգի, սուր վնասվածքի ժամանակին բուժումը հաճախ օգնում է Ա. կամ դրանց արմատները պահպանելու և համապատասխան բուժումից հետո գամատամի համար (տես Ատամների պրոթեզներ) օգտագործելու: Ա-ի քրոնիկ. վնասվածքը սովորաբար կապված է մասնագիտ. վնասակարությունների կամ վնասակար սովորությունների հետ: Առջևի Ա-ի կտրող ծայրերին առաջանում են թերություններ (օրինակ՝ մատիտը, մեխը Ա-ի միջև պահելիս կամ թելն Ա-ով կտրելիս): Ա-ի քրոնիկ. վնասվածքը կարող է առաջանալ, օրինակ, փողային գործիքներ նվագող երաժիշտների, ապակեգործների մոտ: Նման թերություններով Ա. սովորաբար ցավոտ չեն, բայց տգեղ են, կարող են վնասել լորձաթաղանթը: Բուժման համար հարկավոր է դիմել ստոմատոլոգի:

Քիմ. ձեռնարկություններում, լաբորատորիաներում թթուների և հիմքերի հետ աշխատելիս, նոսր աղաթթվի երկարատև ներընդունման (ստամոքսաբորբի ժամանակ) դեպքում Ա-ի արծնի գույնը փոխվում է, առաջանում են գունակային բծեր, արծնը դառնում է խորդուբորդ (անհարթ): Դա կարող է հանգեցնել Ա-ի պսակի քայքայման, որից Ա-ի զգայնությունը սառի, տաքի նկատմամբ բարձրանում է: Այդպիսի ախտահարումների կանխարգելման համար պետք է վերացնել պատճառը և