Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշ կենդանիների (վարազ, ծովափիղ, փիղ) արական սեռի հատկանիշ են: Լավ զարգացած են խոտակեր կենդանիների աղորիքները: Մարդանման կապիկների Ա-ի թիվը և ձևը նույնն են, ինչ մարդունը:

Մարդկանց Ա. ծնոտների վրա տեղադրված են այնպես, որ դրանց պսակները գոյացնում են, այսպես կոչված, ատամնային աղեղներ կամ շարքեր: Հասուն մարդու յուրաքանչյուր ատամնաշար պարունակում է 16 ատամ՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ (նկ. 1), որոնք տարբերվում են ըստ ձևի և Ա-ի թվի: Վերին և ստորին ատամնաշարերն իրար կցելիս Ա. միակցվում են որոշակի փոխհարաբերությամբ, որը կոչվում է ատամնակծվածք:

Կաթնատամները կամ ժամանակավոր Ա. ունեն նույն ձևը, ինչ մնայունները, բայց ավելի փոքր են, և արմատներն էլ ավելի կարճ են: Դրանք կաթնատամ են կոչվում, քանի որ սկսում են ծկթել կրծքային տարիքում և գործում են մինչև մնայուններով փոխարինվելը: Կաթնատամները յուրաքանչյուր շարքում 10-ն են՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 աղորիք: Կաթնատամների ատամնակծվածքում փոքր աղորիքները բացակայում են: 6-14 տարեկանում գոյանում է, այսպես կոչված, հերթափոխային ատամնակծվածք, որում կան և՛ կաթնատամներ, և՛ մնայուն Ա.: Այդ շրջանում բոլոր կաթնատամներն աստիճանաբար փոխարինվում են մնայուն Ա-ով, որոնց պսակներն արդեն ձևավորված են ծնոտում: Այդ դեպքում կաթնատամ աղորիքները փոխարինվում են մնայուն փոքր աղորիքներով, իսկ մնայուն մեծ աղորիքներն իրենց նախորդող կաթնատամները չունեն:

Ատամների զարգացումը բարդ գործընթաց է, այն սկսվում է սաղմի զարգացման վաղ փուլում և շարունակվում մինչև 18-20 տարեկանը: Կաթնատամների սաղմի սկզբնավորումն ու կազմավորումն սկսվում են ներարգանդային զարգացման 6-8-րդ շաբաթում, իսկ մնայուն կտրիչներինը, ժանիքներինը և փոքր աղորիքներինը՝ սաղմնային զարգացման 5-րդ ամսից: Մնայուն մեծ աղորիքների սաղմը ձևավորվում է ավելի ուշ. 1-ին մեծ աղորիքները՝ երեխայի կյանքի 1-ին տարվա կեսին, իսկ իմաստության Ա-ի սաղմը՝ 4-րդ կամ 5-րդ տարում: Դա բացատրվում է նրանով, որ պտղի ծնոտում բոլոր Ա-ի համար տեղը չի բավականացնում: Երեխայի Ա-ի ձևավորման համար կարևոր նշանակություն ունի հղիության նշված ժամկետներում մոր (տես Սնուցում, հղի կնոջ և կերակրող մոր) և երեխայի (տես Կրծքի երեխա) լիարժեք սնունդը. ոչ ճիշտ սնուցումը, հյուծող հիվանդությունները, հատկապես հղի կնոջ և կրծքի երեխայի սննդում վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի աղերի անբավարարությունը նպաստում է Ա-ի պինդ հյուսվածքների ձևավորման խանգարմանը: Նման Ա. ավելի շուտ են ախտահարվում:

Ատամների կազմությունը (նկ. 2): Յուրաքանչյուր ատամ բաղկացած է պսակից, որը լնդի մակերևույթից բարձր է, և արմատից՝ տեղակայված ծնոտոսկրի ատամնաբնային փոսում: Պսակը և արմատն իրարից բաժանված են վզիկով, որը կիպ գրկված է դրան հարող լնդի լորձաթաղանթով: Պսակի և արմատի ներսում գտնվում են խոռոչը և արմատային խողովակները, որոնք անցքով բացվում են ատամի արմատի վերջնամասում, որտեղից խոռոչ են մտնում անոթներ և նյարդեր: Ատամը հիմնականում կազմված Է դենտինից, որը պսակի շրջանում ծածկված է արծնով (էմալ), արմատի շրջանում՝ ոսկրանման ցեմենտով: Ատամի արմատի և ատամնաբնի միջև գոյություն ունի ատամը պահող կապան, որը կազմված է շարակցահյուսվածքային խրձից և կոչվում է արմատաթաղանթ կամ պերիօդոնտ: Վերջինով ատամի խոռոչ են մտնում ատամը սնող անոթներն ու նյարդերը:

Ա-ի խոռոչը և արմատային խողովակները լցված են փափուկ հյուսվածքով՝ կակղենիով (պուլպա): Այն բաղկացած է փուխր շարակցական հյուսվածքից, անոթներից, նյարդերից և տարբեր բջիջներից: Մասնավորապես կակղենիում են գտնվում օդոնտոբլաստները, որոնց շնորհիվ ատամի կարծր հյուսվածքում կատարվում է նյութափոխանակություն: Օդոնտոբլաստներից դուրս են գալիս ելուստներ, որոնք, խողովակներով անցնելով, թափանցում են ամբողջ դենտինի մեջ:

1-ին հյուսվածքը, որը գոյանում է ատամի սաղմում, դենտինն է, ապա՝ արծնը: Սկզբում դրանք բաղկացած են հիմն. օրգ. նյութ ստեղծող հատուկ բջիջներից, հետագայում՝ ներարգանդային զարգացման 5-րդ ամսվա վերջին, այդ օրգ. նյութն սկսում է ներծծվել հանքային նյութերով, հատկապես կալցիումի աղերով: Հանքային աղերը, կուտակվելով բյուրեղների տեսքով, արծնին և դենտինին տալիս են ավելի մեծ ամրություն: Ինչպես կաթնատամների, այնպես էլ մնայուն Ա-ի արծնից ու դենտինից կազմված պսակները դրանց ծկթելու պահին արդեն ձևավորված են լինում: Արծնն ամենակարծր հյուսվածքն է, պարունակում է 97 % անօրգ. (հանքային) նյութեր, իսկ դենտինը՝ մոտ 72 %: Մնայուն Ա. առավել հանքայնացված են, քան կաթնատամները: Աճող Ա-ի արմատները ձևավորվում են բավականին ուշ:

Ատամները ծկթում են որոշակի ժամկետներում և խիստ հաջորդականությամբ: Նախ ծկթում են ներքևի, այնուհետև վերևի կենտր. կտրիչները (կյանքի 6-8-րդ ամիսներին), կողմնային ստորին, ապա վերին կտրիչները ծկթում են 8-12-րդ ամիսներին: Հաջորդաբար ծկթում են 1-ին աղորիքները (12-16-րդ ամիսներին), ժանիքները (16-20-րդ ամիսներին), ապա 2-րդ աղորիքները (20-30-րդ ամիսներին): Նույնիսկ լրիվ առողջ երեխաների Ա-ի ծկթման նշված ժամկետները կարող են տալ որոշ շեղումներ: Հաճախ 2 տարեկանում արդեն ծկթում են բոլոր 20 կաթնատամները: Ա-ի ծկթումը բնականոն ֆիզիոլոգ. երևույթ է և սովորաբար չի առաջացնում հիվանդագին վիճակ: Ուստի, այդ շրջանում երեխայի ջերմաստիճանը բարձրանալիս հարկավոր է դիմել