Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժ), վարակազերծումից հետո պարունակությունը թափում են կոյուղի, իսկ թքամանը լվանում սովոր. եղանակով: Հիվանդի սպիտակեղենը (հատկապես թաշկինակները, սրբիչը) հարկավոր է հավաքել առանձին տոպրակի մեջ, լվանալուց առաջ գիշերը թրջել քլորամինի լուծույթով և 30 ր եռացնել: Հիվանդի համար առանձնացնում են ամանեղեն, որը լվանում են առանձին (ցանկալի է եռացնել 15 ր 2 %-անոց օճառասոդային լուծույթում), և առանձին սրբիչ:

Հիվանդի հագուստը, որքան հնարավոր է, հաճախ են արդուկում, օդափոխում արևի տակ, մաքրում են բնակարանից դուրս: Հույժ կարևոր է հիվանդի սենյակը ճանճերից պաշտպանելը: Եթե հիվանդին հոսպիտալացնում են, ապա կատարում են եզրափակիչ վարակազերծում, որի ժամանակ պատերը, հատակը լվանում են վարակազերծող լուծույթով, 2 ժ անց բնակարանը մաքրում են ու չորացնում: Խորհուրդ է տրվում նաև պատերն ու առաստաղը սպիտակեցնել կամ պաստառները փոխել:

Հիվանդության վաղ շրջանում հիվանդներին հայտնաբերելու նպատակով էական նշանակություն ունեն բնակչության զանգվածային հետազոտությունները: Այդ նպատակով կատարում են բնակչության զանգվածային ֆլուորագր. հետազոտություններ (տես Ֆլուորագրություն), կարճ ժամանակի ընթացքում այն հնարավորություն է տալիս թոքերում հայտնաբերել ախտաբան. գործընթացները, որոշել հետագա ռենտգենաբան. հետազոտությունների անհրաժեշտությունը: Լայնորեն օգտագործվում են լաբորատոր և գործիքային այլ հետազոտություններ: Երեխաների Տ-ի վաղ հայտնաբերման նպատակով պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում և դպրոցներում կատարում են տուբերկուլինային փորձ:

Օրենսդրությամբ նախատեսված է մանկ. սննդամթերքի արտադրության ու վաճառքի, կենցաղային ծառայության հետ կապված (վարսավիրանոց, բաղնիք, լվացքատուն) հիմնարկներում աշխատանքի ընդունվողներին բժշկ. հետազոտման ենթարկել և պարբերաբար ստուգումներ կատարել: Տ-ի ակտիվ ձևերով հիվանդներին չի թույլատրվում այդ հիմնարկներում աշխատել:

Գյուղ. բժիշկները, անասնաբույժների ու հիգիենայի և հակահամաճարակային կայանների հետ մեկտեղ, կաթնաֆերմաներում ու թռչնաֆերմաներում աշխատող անձնակազմի վարակումը կանխելու նպատակով պետք է առողջարար. աշխատանքներ կատարեն, հիվանդ կենդանիներին մեկուսացնեն ևն: Տ-ով հիվանդներին արգելվում է կենդանիների խնամել:

Եղջերավոր կենդանիների և թռչունների Տ-ի դեմ պայքարի միջոցառումները մշակում և անցկացնում է անասնաբուժ. ծառայությունը: Վաճառքի հանված մսի և կաթնամթերքի լիարժեք վարակազերծման վրա հսկողություն է սահմանում հիգիենային և հակահամաճարակային կայանը:

Առանձնահատուկ հակատուբերկուլոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով (միկոբակտերիաների թուլացրած կուլտուրա, ստացել են ֆրանս. գիտնականներ Կալմետը և Գերենը): Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե բժշկի կողմից սահմանված հակացուցումներ չկան: Պատվաստում են նաև դեռահասներին և հասուն մարդկանց՝ ներմաշկային տուբերկուլինային բացասական փորձի դեպքում: Պատվաստված երեխաների Տ-ով հիվանդացությունը մի քանի անգամ ցածր է: Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է: Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում (կրկնապատվաստում):

Տ-ի բաց ձևով հիվանդների հետ շփվող երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև հիվանդության բարձր ռիսկով անձանց նշանակում են քիմիականխարգելում՝ հակատուբերկուլոզային պատրաստուկների ներարկում (3 ամիս ժամանակով): Տ-ի դեմ պայքարում մեծ աշխատանք են կատարում ժողկրթության և սոցապ. մարմինները, «Կարմիր խաչի» և «Կարմիր մահիկի» ընկերությունները: Բնակչության կյանքի բարելավումը, հիվանդների վաղ հայտնաբերումը, բուժման արդյունավետ եղանակների և կանխարգելման մեթոդների կիրառումը հանգեցնում են Տ-ով հիվանդացության և մահացության նվազման:

Տ. ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆթիզիատրիա:

ՏՈՒԼԱՐԵՄԻԱ, վարակիչ հիվանդություն, ընթանում է տենդով և ավշահանգույցների ախտահարումով: Դասվում է բնական օջախային հիվանդությունների շարքը (տես Բնական օջախայնություն): Տ-ի հարուցիչը բակտերիա է, որը մինչև 60°C տաքացնելիս ոչնչանում է 20 ր-ի ընթացքում, իսկ եռացնելիս՝ անմիջապես, վարակազերծող լուծույթների ներգործությունից՝ մի քանի վրկ-ում:

Տ-ով հիվանդանում են կրծողները (դաշտամկներ, տնային մկներ, ջրային առնետներ ևն), ինչպես նաև նապաստակները և ճագարները, որոնք սովորաբար սատկում են: Հարուցիչները հիվանդ կրծողների օրգանիզմից արտազատվում են արտաթորանքի հետ: Մարդը վարակվում է հիվանդ կենդանիների, դրանց արտաթորանքով աղտոտված հացահատիկի, խոտի, ծղոտի հետ շփվելուց, ջուրն օգտագործելուց, ջրամբարներում լողանալուց, հիվանդ նապաստակների, ճագարների անբավարար ջերմային մշակման ենթարկված միսն օգտագործելուց, ինչպես նաև հիվանդ կենդանիներից Տ-ի հարուցիչը մարդուն փոխանցող արյունածուծ միջատների (տզեր, մոծակներ ևն) խայթոցներից: Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, աչքի լորձաթաղանթի, շնչուղիների, ստամոքսաղիքային համակարգի միջոցով: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում:

Գաղտնի շրջանը 3-7 (երբեմն մինչև 21) օր է, որի ընթացքում հարուցիչը կարող է գտնվել մարդու օրգանիզմում, բայց չառաջացնել հիվանդության ախտանշաններ: Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40°C, նկատվում են դող, գլխացավ, մկանացավեր, հնարավոր է փսխում, զառանցանք, քթային արյունահոսություն, 1-ին օրերին՝ թուլություն, անտարբերություն, քրտնոտություն: Եթե հարուցիչն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի (քերծվածք, կտրած վերք ևն), աչքի լորձաթաղանթի միջոցով, ապա մոտակա ավշահանգույցները բորբոքվում են, և առաջանում է, այսպես կոչված, բուբոն: Տ. ընթանում է խոցաբուբոնային, մաշկաբուբոնային, ակնային, որովայնային, թոքային և այլ կլինիկ. ձևերով: Հարուցիչը շնչուղիներով թափանցելիս առաջանում են բրոնխաբորբ, թոքաբորբ, իսկ մարսող. համակարգի լորձաթաղանթով անցնելիս՝ սրտխառնոց, ուժեղ որովայնացավեր: Հիվանդության ելքը մեծ մասամբ բարենպաստ է:

Բուժում է բժիշկը:

Կանխարգելման նպատակով պետք է սննդամթերքը և ջուրը պաշտպանել կրծողների աղտոտումներից, ոչնչացնել կրծողներին բնակելի շինություններում, արդյունահանվող վայրի կրծողներին մշակելիս հագնել արտահագուստ, ձեռնոց, թանզիֆե շնչադիմակ: Տ-ի բնական օջախներում անհրաժեշտ է վարակազերծել խմելու և տեխ. ջուրը, արգելել բաց ջրամբարներում լողանալը, պաշտպանվել արյունածուծ միջատների խայթոցներից:

Կրծողների որսով զբաղվող անձանց, իսկ Տ-ի բնական օջախներում՝ ամբողջ բնակչության պատվաստում (տես Կանխարգելիչ պատվաստումներ) կատարել: Տ-ով հիվանդանալուց հետո առաջանում է իմունիտետ, և պատվաստման անհրաժեշտությունը վերանում է: