Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ց

ՑԱՆՑԱԹԱՂԱՆԹԻ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄ, աչքի ցանցաթաղանթի շերտազատումը անոթաթաղանթից: Առավել հաճախ հանդիպում է բարդացած կարճատեսության, աչքի սալջարդի ժամանակ, երբեմն՝ տարեցների մոտ: Ֆիզ. լարվածությունից, կտրուկ շարժումներից, վայր ընկնելուց, գլխի սալջարդից աչքի ցանցաթաղանթը պատռվում է կամ անջատվում կպման տեղի առջևի հատվածից: Ներակնային հեղուկը, թափանցելով ցանցաթաղանթի տակ, շերտազատում է այն: Հիվանդները գանգատվում են աչքերի առջև առկայծումներից, մթագնումից ու մշուշից, տեսողության նվազումից: Նման դեպքերում անհրաժեշտ է շտապ դիմել ակնաբույժի, քանի որ չբուժվելու դեպքում հիվանդությունը խորանում է, և հնարավոր է, որ հիվանդը կուրանա:

Բուժումը վիրահատական է. ցանցաթաղանթի պատռվածքի փակում և սահմանազատում: Կանխարգելման նպատակով ուժեղ կամ միջին աստիճանի կարճատեսության դեպքում հիվանդին խորհուրդ չի տրվում ծանրություն բարձրացնել, զբաղվել սպորտի որոշ ձևերով (ջրացատկ, թռիչք բարձրություն և երկարություն, բռնցքամարտ): Բացի այդ, աչքերը պետք է պաշտպանել հնարավոր վնասումից, հատկապես արտադրության մեջ:

ՑԱՎ, մարդու և կենդանիների օրգանիզմի վրա հիմնականում շատ ուժեղ կամ քայքայիչ ազդեցությունից առաջացած տհաճ, երբեմն անտանելի զգացում, օրգանիզմի վնասման կամ դրա որոշ ֆունկցիաների խանգարման սուբյեկտիվ արտահայտություն: Օրգ. աշխարհի էվոլյուցիայի ընթացքում Ց. վերածվել է վտանգի ազդանշանի, դարձել կյանքի պահպանման կարևոր կենսբ. գործոն: Ըստ Ի.Պ. Պավլովի՝ Ց. պահպանում է օրգանիզմի անատոմ. ամբողջականությունը՝ մեղմելով այն ամենը, ինչը խանգարում է, սպառնում կենսական գործընթացներին և խախտում է շրջակա միջավայրի հետ օրգանիզմի հավասարակշռությունը: Ց. ակտիվացնում է օրգանիզմի պաշտպան. ուժերը՝ վերացնելով ցավային գրգիռները և վերականգնելով օրգանների ու ֆիզիոլոգ. համակարգերի բնականոն գործունեությունը: Ց-ից մարդը տառապում է, զրկվում հանգստից և աշխատունակությունից, իսկ որոշ դեպքերում այն կյանքի համար վտանգավոր վիճակների՝ Ց-ային շոկի պատճառ է դառնում:

Սովորաբար որքան ծանր են մաշկի, լորձաթաղանթների, շրջոսկրի վնասվածքները, այսինքն՝ որքան ուժեղ են գրգիռները, այնքան Ց. ուժեղ է: Ներքին օրգանների ֆունկցիաների խանգարման դեպքում Ց-ի զգացողությունը միշտ չէ, որ համապատասխանում է այդ խանգարումների աստիճանին: Օրինակ՝ աղիքների ֆունկցիայի համեմատաբար ոչ մեծ խանգարումներից երբեմն ուժեղ ցավեր են առաջանում, այնինչ գլխուղեղի, արյան, երիկամների լուրջ հիվանդությունները կարող են ընթանալ առանց Ց-ի: Ց-ային գրգիռներին օրգանիզմը պատասխանում է մի շարք փոփոխություններով՝ սեղմվում են արյունատար անոթները, բարձրանում զարկերակային արյան ճնշումը, արյան մակարդելիությունը, արյան մեջ շաքարի պարունակությունը ևն: Ց-ային զգացողությունների բնույթը և որակը շատ բազմազան են, ուստի սուբյեկտիվորեն Ց. գնահատվում է որպես սուր, բութ, ծակող, կտրող, ճնշող, այրող, մղկտացող զգացողություն: Այն կարող է շոշափվել հիվանդի անմիջապես ախտահարված կամ դրան մոտ մարմնամասում (օրինակ՝ ձախ վերին վերջույթի կամ թիակի Ց. սրտի հիվանդությունների ժամանակ): Առաջացման օջախից Ց. կարող է տարածվել (ճառագայթվել) մարմնի որոշակի հատվածներ: Բնույթով կամ տեղակայումով նման Ց-երը երբեմն ուղեկցում են տարբեր, այդ թվում նաև շտապ բժշկ. օգնություն պահանջող հիվանդություններին: Հաճախ կյանքի համար վտանգավոր վիճակներն ուղեկցվում են սրտի շրջանի, որովայնի Ց-երով և գլխացավերով:

Սրտի շրջանում՝ կրծքավանդակի ձախ կեսում կամ կրծոսկրի հետևում, կարող են լինել ծակող, մղկտացող կամ սեղմող, երբեմն դեպի ձախ վերին վերջույթը և թիակը ճառագայթող Ց-եր, որոնք առաջանում են հանկարծակի կամ աստիճանաբար, լինում են կարճատև կամ երկարատև: Ց. ուղեկցում է ինչպես սրտի հիվանդություններին, այնպես էլ մյուս օրգանների ախտահարումներին: Ֆիզ. լարվածությունից կամ հանգիստ վիճակում կրծոսկրի հետևում հանկարծակի առաջացող սուր, սեղմող Ց-երը, որոնք ճառագայթվում են դեպի ձախ վերին վերջույթը և թիակը, բնորոշ են կրծքային հեղձուկին և պահանջում են շտապ բժշկ. օգնություն: Ց-ային զգացողությունները կրծքավանդակի ձախ կեսում կարող են առաջանալ նաև սրտի հարևան օրգանների ախտահարումից՝ կրծքամզի, շնչափողի, նյարդարմատների, սրտամկանի բորբոքումների, սակավարյունության, սրտի արատների և այլ հիվանդությունների դեպքերում: Հաճախ սրտի շրջանում Ց-երը պայմանավորված են նևրոզների, ներզատիչ խանգարումների, թունավորումների (օրինակ՝ ծխող և ալկոհոլը չարաշահող անձանց) ժամանակ սրտի նյարդային ապարատի ֆունկցիոնալ խանգարումներով:

Սրտի շրջանի Ց-ի բուժման համար կարևոր է պարզել (կարող է միայն բժիշկը) այն առաջացնող պատճառները: Սրտի շրջանում ուժեղ, սուր ցավեր զգալիս պետք է պառկել կամ նստել և նիտրոգլիցերին (կամ վալիդոլ) ընդունել: Եթե Ց-երը 10 ր-ից չանցնեն, կրծքավանդակի միջին հատվածում դնել մանանեխի ծեփուկներ և շտապ բժիշկ կանչել:

Ց-երը որովայնում նույնպես առաջանում են շատ հիվանդությունների, այդ թվում շտապ վիրահատ. բուժում պահանջող՝ սուր որդանման ելունի բորբոքման, ստամոքսի կամ աղիքի պատերի թափածակման (հիմնականում խոցային հիվանդությունների ժամանակ), աղիքի ոլորման և սուր աղիքների անանցանելիության, որովայնի խոռոչի ուժեղ արյունահոսության (հիմնականում արտարգանդային հղիության ժամանակ), սուր ենթաստամոքսային գեղձի բորբոքման և այլ դեպքերում: Նշված հիվանդություններին բնորոշ են որովայնի հանկարծակի Ց-երը, որոնք կարող են լինել շատ ուժեղ՝ հատկապես ստամոքսի խոցի կամ 12-մատնյա աղիքի թափածակման ժամանակ, իսկ որդանման ելունի բորբոքման դեպքում Ց. սովորաբար սաստկանում է աստիճանաբար:

Աղիքների անանցանելիության դեպքում Ց-երը կարող են պարբերաբար ուժեղանալ և աննշան մեղմանալ Ց-ային կծկումների միջև ընկած ժամանակահատվածում: Արտարգանդային հղիության ժամանակ արգանդափողի պատռվելուց վայրկենապես առաջանում է ուժեղ Ց., որը հետագայում երբեմն մասամբ թուլանում է: Սակայն Ց-ի այս առանձնահատկություններով միայն հնարավոր չէ ստույգ տարբերել որդանման ելունի սուր բորբոքումն արտարգանդային հղիությունից կամ խոցի թափածակումից: Որովայնի ուժեղ Ց-երը միշտ չէ, որ պահանջում են որովայնի խոռոչի օրգանների շտապ վիրահատություն: Օրինակ՝ երիկամային խիթի դեպքում հիվանդը հաճախ իրեն տեղ չի գտնում, գալարվում է անտանելի Ց-երից, սողում է մահճակալից ցած ևն