Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հակաբորբոքային դեղանյութեր): Այս պատրաստուկներն առանց բժշկի նշանակման չի կարելի օգտագործել: Հայտնի են երկարատև, ինքնուրույն (առանց բժշկի հսկողության) անալգին, ամիդոպիրին, բութադիոն օգտագործելուց արյունաստեղծման վտանգավոր խանգարման դեպքեր: Կանոնավոր, առանց հսկողության սալիցիլաթթվի պատրաստուկի (օրինակ՝ ացետիլսալիցիլաթթու և նատրիումի սալիցիլատ) ընդունումը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, երբեմն՝ ուղեկցվել արյունահոսությամբ (հատկապես, եթե պատրաստուկն օգտագործվում է ոչ մանրացված՝ հաբերի ձևով), ինչպես նաև առաջացնել աղմուկ ականջներում, լսողության թուլություն, որոշ հիվանդությունների (օրինակ՝ բրոնխային հեղձուկի) ընթացքի ծանրացում ևն:

Ցավամոքիչ ազդեցություն կարող են ունենալ նաև նշված խմբին չպատկանող տարբեր դեղանյութեր: Օրինակ՝ ներքին օրգանների հարթ մկանների կծկումների հետ կապված ցավային զգացողությունները մեղմանում են սպազմոլիտիկ դեղանյութերի՝ ատրոպինի, պապավերինի, նոշպայի և այլ պատրաստուկների ազդեցությունից: Անոթների կծկումների հետևանքով առաջացած ցավերի դեպքում, որոնք ուղեկցվում են որոշ օրգանների արյունամատակարարման խանգարմամբ, արդյունավետ են անոթալայնիչ դեղանյութերը, կրծքային հեղձուկի դեպքում ցավերը թուլանում են սրտի արյան շրջանառությունը լավացնող պատրաստուկներից (նիտրոգլիցերին), զարկերակային արյան ճնշման բարձրացման հետևանքով առաջացած գլխացավերը՝ արյան ճնշումն իջեցնող դեղանյութերից: Աղիքներում գազերի կուտակումից առաջացած որովայնի ցավերի դեպքում արդյունավետ են սամիթի ջուրը, կարբոլենը (գազերը կլանող): Ց. դ արդյունավետ գործածման համար անհրաժեշտ է դիմել բժշկի և պարզել ցավի պատճառն ու բնույթը:

Առանց բժշկի նշանակման և ցավերի պատճառը պարզելու, Ց. դ-ի օգտագործումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, քանի որ շատ հիվանդությունների ախտանշան հանդիսացող ցավերի վերացումը խանգարում է ժամանակին պարզելու հիվանդության պատճառը:

ՑԵԽԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, պելոթերապիա, բուժիչ նպատակներով տարբեր ծագման՝ տորֆային, սուլֆիդային, տղմային, սապրոպելային և այլ բուժիչ ցեխերի կիրառումը: Տորֆային ցեխերը բաղկացած են հիմնականում քայքայված օրգ. նյութերից և բուս. մնացորդներից: Սապրոպելները հիմնականում օրգ. կազմության, աննշան անօրգ. նյութերի խառնուրդով տղմային նստվածքներ են, առաջանում են քաղցրահամ ջրերում: Սուլֆիդային տղմային ցեխերը աղի ջրերի օրգ. և անօրգ. տղմային նստվածքներ են, պարունակում են մեծ քանակությամբ սուլֆիդներ, մասնավորապես՝ ծծմբային երկաթ: Բուժիչ ցեխերը ֆիզ. հատկություններով նման են ցեխանման (պելոիդ) նյութերին՝ պարաֆինին, օզոկերիտին, որոնք օգտագործվում են Ց-յանը նման՝ ջերմաբուժության մեթոդով:

Տաքացրած բուժիչ ցեխերը երկար պահպանում են ջերմությունը և աստիճանաբար այն հաղորդում մարմնին: Ցեխի զանգվածի և հիվանդի մաշկի միջև առաջանում է շատ բարակ օդագազային շերտ, որի շնորհիվ այս բուժարարողությունները համեմատաբար հեշտ են տարվում այնպիսի ջերմաստիճանների պայմաններում, որոնք անտանելի են ջրային բուժարարողությունների դեպքում: Բացի ջերմային գործոնից, որը ցեխային բուժարարողության մեխանիզմում հիմնականն է, էական նշանակություն ունեն մաշկի քիմ. գրգռումը և ցեխում պարունակվող ծծմբաջրածնի, ամոնիակի և որոշ գազանման նյութերի (որոնք օրգանիզմ են թափանցում անմիջականորեն մաշկի միջոցով) ազդեցությունները: Բուժիչ ցեխը, ազդելով նյարդային վերջույթների վրա ռեֆլեքսային ձևով՝ բարձրագույն նյարդային կենտրոների միջոցով ազդում է նյարդային համակարգի գործունեության, արյան շրջանառության, ներզատիչ գեղձերի, նյութափոխանակության գործընթացների վրա: Ց. նպաստում է մարմնի ախտահարված հատվածի կամ օրգանի արյան շրջանառության արագացմանը, բորբոքային օջախների ներծծմանը, նյութափոխանակության բարելավմանը, վերականգնող. գործընթացների խթանմանը, ներզատիչ գեղձերի գործունեության բնականոնացմանը:

Ց-յան ժամանակ կիրառում են հիմնականում վրադրման (ապլիկացիայի) մեթոդը՝ բուժիչ ցեխը դրվում է հիվանդի ամբողջ մարմնի, բացառությամբ գլխի և սրտի շրջանի (ընդհանուր ապլիկացիա) կամ մարմնի առանձին մասերի, հատվածների վրա (տեղային ապլիկացիա). վերջիններս ավելի հաճախ են կիրառվում:

Հիվանդին պառկեցնում են թախտի վրա, ցեխը դնելուց հետո տաք փաթաթում: Բուժարարողությունից հետո ցեխը մաքրում են, հիվանդը լողանում է 36-37°C ջերմաստիճանի ջրով: Որոշ հիվանդությունների դեպքում կիրառվում է խոռոչային Ց., օրինակ՝ գինեկոլոգ. հիվանդությունների դեպքում ցեխային խծուծները մտցվում են հեշտոց, տղամարդկանց ուրոլոգ. հիվանդությունների ժամանակ՝ ուղիղ աղիք: Ց-յան ձևերից է կավաբուժությունը: Տաքացրած կավը (ապլիկացիայի մեթոդով) դրվում է մարմնի ախտահարված հատվածին:

Գործն, ֆիզիոթերապիայում շատ գործածվող պարաֆինին և օզոկերիտին բնորոշ են թույլ ջերմահաղորդականությունն ու մեծ ջերմունակությունը: Դրանք հալված վիճակում, որոշակի ջերմաստիճանում դնում են մարմնի ախտահարված հատվածին և ծածկոցով ծածկում: Բուժարարողությունից հետո մաշկը մաքրում են վազելինով, սպիրտով կամ օդեկոլոնով: Պարաֆինը և օզոկերիտը կիրառվում են նաև դիմակների, լոգանքների ձևով:

Ց. կիրառվում է հատուկ առողջավայրերում, արտաառողջավայրային ցեխաբուժարաններում, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, առողջարանների և այլ բուժկանխարգելիչ հիմնարկների ֆիզիոթերապևտիկ. բաժանմունքներում: Այն ցուցված է ոսկրերի, մկանների ու հոդերի վնասվածքների, ծայրամասային և կենտր. նյարդային համակարգերի քրոնիկ. հիվանդությունների ու հետևանքների, կանանց ու տղամարդկանց սեռ. օրգանների քրոնիկ. բորբոքային հիվանդությունների, որովայնի խոռոչի որոշ հիվանդությունների ու բորբոքային գործընթացների հետևանքների և այլ դեպքերում:

Ց. օրգանիզմի վրա ուժեղ ազդեցություն է ունենում, ուստի կարելի է բուժվել միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Սրտի, անոթների, երիկամների, լյարդի որոշ հիվանդությունների, ինչպես նաև ուռուցքների ժամանակ և արյունահոսության հակման դեպքում Ց. կարող է վատացնել հիվանդի վիճակը:

Բուժարարողություններից հետո հիվանդը պետք է 30-40 ր (ցուրտ ժամանակ ավելի երկարատև) հանգստանա, հիվանդասենյակ կամ տուն վերադառնալուց հետո 1-2 ժ պառկի անկողնում: Ց-ի ժամանակ պետք է խուսափել սառեցումից, ֆիզ. լարվածությունից, որոնք կարող են սրել հիվանդությունները: Խորհուրդ չի տրվում բուժարարողություն ընդունել քաղցած վիճակում, այն պետք է կատարել ուտելուց 2-3 ժ հետո: Երբեմն 1-ին բուժարարոդությունից հիվանդի ինքնազգացողությունը վատանում է, առաջանում են հոգնածություն, թուլություն, ցավի սրացում, բայց հաջորդ օրերին, որպես կանոն, այդ զգացողություններն անհետանում են:

ՑԻԱՆՈԶ. տես Կապտուկ: