Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/713

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(տես Միզաքարային հիվանդություն): Որովայնի ուժեղ Ց-եր լինում են նաև երեխաների թոքաբորբի դեպքում:

Որովայնի խոռոչի օրգանների շտապ վիրահատման ենթակա հիվանդություններին բնորոշ են օրգանիզմի ընդհանուր վիճակի խանգարումներ (շոկ, տենդային վիճակ, ներքին արյունահոսությունից առաջացող ուշագնացություն), որոնք հնարավոր են նաև այլ հիվանդությունների դեպքում և վկայում են միայն հիվանդի վիճակի ծանրության մասին:

Պարզելով, համադրելով տարբեր ախտանշաններ՝ բժիշկը որոշում է Ց-ի առաջացման պատճառը և բուժման եղանակը: Ինքնաբուժման փորձերը որոշ դեպքերում կարող են միայն վատացնել հիվանդի վիճակը կամ ձգձգել վիրահատություևը: Դա վերաբերում է հիմնականում երեխաների հիվանդություններին, երբ որովայնի Ց-երը, փսխումը ծնողները հաճախ կապում են ստամոքսի խանգարման հետ և տալիս են լուծողական, ցավամոքիչ դեղանյութեր, հոգնա են անում, ջեռակ դնում: Շատ վտանգավոր են աղիքները մաքրելու փորձերը որովայնի խոռոչի օրգանների ցանկացած սուր (վիրահատություն պահանջող) բորբոքման դեպքում: Լուծողականը, հոգնան, գրգռելով աղիքների գալարակծկանքը, խոչընդոտում են թարախը կամ ստամոքսաղիքային պարունակությունը սահմանափակ տարածության վրա պահող կպումների առաջացումը և նպաստում դրանց տարածմանը որովայնի խոռոչում: Աղիքների անանցանելիության ժամանակ այս միջոցները կարող են վատացնել աղիքի ախտահարված հատվածի վիճակը, ներորովայնային արյունահոսության դեպքում՛ խոչընդոտել արյունահոսող անոթների խցանումը:

Ցավամոքիչ դեղանյութերը, ժամանակավորապես մեղմելով Ց., միաժամանակ շփոթ են առաջացնում հիվանդության պատկերում՝ դժվարացնելով ճիշտ ախտորոշումը: Ջեռակը կարող է նպաստել բորբոքային գործընթացին կամ արյունահոսությանը:

Պետք է հիշել, որ որդանման ելունի բորբոքման դեպքում 1 օր, խոցը թափածակվելու, աղիքների անանցանելիության, արտարգանդային հղիության դեպքերում մի քանի ժ ուշացրած վիրահատությունը չափազանց վատացնում է հիվանդության ելքը, ուստի որովայնի սուր Ց-երի դեպքում պետք է շտապ բժիշկ կանչել և վնասակար (լավագույն դեպքում անօգուտ) ինքնաբուժմամբ չզբաղվել:

ՑԱՎԱԶՐԿՈՒՄ, վիրահատությունների, վնասվածքների, որոշ հիվանդությունների, բուժիչ ու ախտորոշիչ գործողությունների ժամանակ առաջացող ցավի զգացողության վերացումը կամ կանխումը: Տարբերում են ընդհանուր Ց. կամ նարկոզ (գիտակցության կորստով) և տեղային Ց.՝ առանց գիտակցության կորստի:

Ց-ման հայտնագործումը մեծագույն նվաճում է, որը նպաստել է վիրաբուժության արագ զարգացմանը: Հնում մարդիկ վնասվածքների, վիրահատությունների ժամանակ փորձում էին ցավազրկել ալկոհոլով, միջամտության ենթակա հատվածի սառեցմամբ, երբեմն էլ արյուն բաց թողնելով՝ նկատի ունենալով, որ ցավային գրգռիչների հանդեպ թուլացած հիվանդի հակազդեցությունը թույլ է: Միայն նարկոզի հայտնաբերումից հետո (1846) է ստեղծվել լիարժեք Ց-ման հնարավորություն: Սակայն նարկոզը (ընդհանուր անզգայացումը) ուներ որոշ թերություններ և վտանգավորություն, որոնցից ելնելով էլ սկսեցին կիրառել տեղային Ց-ման տարբեր մեթոդներ: Օրինակ՝ ակնագնդի վիրահատության ժամանակ ցավազրկում են՝ աչքի մեջ կոկաինի կամ դիկաինի լուծույթներ կաթեցնելով, իսկ քթի խոռոչի կամ քիթըմպանի թեթև վիրահատությունները կատարվում են՝ նշված լուծույթները լորձաթաղանթներին քսելով: Երբեմն մարմնի որոշակի մասի Ց-ման համար կիրառում են հաղորդչական անզգայացում՛ ցավազրկող պատրաստուկը (հիմնականում՝ նովոկաին) ներարկվում է անմիջապես մարմնի տվյալ շրջանը նյարդավորող նյարդի շուրջը: Այս մեթոդը հաճախ կիրառվում է ստոմատոլոգիայում՝ ատամը հեռացնելիս, մատների վիրահատությունների և այլ դեպքերում: Առավել տարածված է տեղային ներսփռական (ինֆիլտրացիոն) անզգայացումը, որի ժամանակ նովոկաինի լուծույթը ներարկվում է վիրահատվող շրջանի տարբեր խորության հյուսվածքների մեջ՝ անզգայացնելով դրանք: Ց-ման այս եղանակը կիրառվում է նույնիսկ բարդ վիրահատությունների դեպքում: Ողնուղեղային Ց-ման դեպքում ողնուղեղային խողովակի մեջ ներարկված ցավազրկող պատրաստուկն ազդում է ողնուղեղից դուրս եկող նյարդերի վրա՝ ընդհատելով դրանցով ցավային ազդակների տարածումը՝ անզգայացնելով մարմնի ստորին հատվածը (ստոծանուց վար): Այս մեթոդը կոչվում է ողնուղեղային անզգայացում: Նարկոզի ժամանակակից մեթոդների և դրանց անվտանգության շնորհիվ տեղային Ց-մանը հազվադեպ են դիմում, սակայն թեթև վնասվածքների և կարճատև վիրահատությունների, ինչպես նաև նարկոզի հակացուցման դեպքում այն հաճախակի է կիրառվում: Ց-ման մեթոդների կատարելագործման հարցերով զբաղվում են անեսթեզիոլոգիան և ռեանիմատոլոգիան:

ՑԱՎԱԶՐԿՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ, տես Ծննդաբերություն հոդվածում:

ՑԱՎԱՄՈՔԻՉ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, անալգետիկներ, ներառում են քիմ. կառուցվածքով և ազդեցության մեխանիզմներով տարբեր դեղանյութեր: Տարբերում են նարկոտիկ և ոչ նարկոտիկ ցավամոքիչներ: Նարկոտիկներից են մորֆինը, օմնոպոնը, պրոմեդոլը, ֆենտանիլը ևն, որոնք ընկճում են տարբեր ցավային զգացողություններ՝ ներառյալ վնասվածքների, այրվածքների, սրտամկանի ինֆարկտի և այլ դեպքերում առաջացած շատ ուժեղ ցավերը: Նարկոտիկ դեղանյութերի ցավամոքիչ ազդեցությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ խանգարում են ցավային ազդակների հաղորդումը դեպի ողնուղեղի և գլխուղեղի տարբեր բաժիններ: Այդ խմբի պատրաստուկներն արտահայտված ազդեցություն են ունենում նաև հոգեկան ոլորտի վրա՝ մեղմելով ցավերով պայմանավորված բացասական հույզերը (վախ, տագնապ, ընկճվածություն), առաջացնում են ֆիզ. և հոգեկան հարմարավետության զգացում և լավազգացություն (էյֆորիա): Նույն չափաքանակով նարկոտիկ ցավամոքիչների բազմակի ներարկման դեպքում օրգանիզմն ընտելանում է (դրանց հանդեպ զգայնության նվազում), ցավամոքիչ ազդեցությունը թուլանում: Այս դեղանյութերի երկարատև կիրառումը կարող է ուղեկցվել դրանց նկատմամբ հիվանդագին հակումով՝ թմրամոլությամբ: Հետևաբար նարկոտիկ ցավամոքիչները խիստ հաշվառման տակ են: Դրանց օգտագործումը ոչ բժշկ. նպատակներով (առանց բժշկի նշանակման) դիտվում է որպես քրեական գործողություն:

Ոչ նարկոտիկ ցավամոքիչները տարբեր քիմ. կառուցվածքով սինթետիկ պատրաստուկներ են (ացետիլսալիցիլաթթու, ամիդոպիրին, անալգին, բութադիոն, պարացետամոլ ևն): Նարկոտիկ ցավամոքիչների համեմատ նրանց ցավամոքիչ ազդեցությունն ավելի թույլ է, և արդյունավետ են հիմնականում տարբեր օրգանների ու հյուսվածքների բորբոքային ախտահարումներից առաջացած ցավերի (ատամի ցավի, հոդա, մկանա-, նյարդա- և այլ ցավերի) դեպքերում: Բացի ցավամոքիչ ազդեցություններից, ոչ նարկոտիկ պատրաստուկները նաև ջերմիջեցնող են (տես Ջերմիջեցնող դեղանյութեր), իսկ շատերն ունեն հակաբորբոքային հատկություն (տես