է գլխուղեղի արյունամատակարարման անբավարարության հետևանքով: Կարող է ի հայտ գալ ուժեղ հոգեկան հուզումների, վախի, երիկամային, լյարդային, աղիքային խիթերի, ջերմահարության կամ արևահարության ժամանակ, ինչպես նաև հորիզոն. դիրքից ուղղաձիգին կտրուկ անցնելիս:
Հաճախ ուշագնաց են լինում հոգնած, քաղցած, վարակիչ հիվանդություններ կրած մարդիկ: Ու. կարող է սրտի կամ կենտր. նյարդային համակարգի գործունեության սուր խանգարումների ախտանշան լինել: Ու-յան ժամանակ մաշկը գունատվում է, հայացքը թափառում է, աչքերը փակվում են, հիվանդն ընկնում է: Բբերը նեղանում են, այնուհետև լայնանում, լույսի հանդեպ հակազդեցությունը բացակայում է: Ծայրանդամները սառն են, մաշկը՝ սառը, կպչուն քրտինքով պատված, անոթազարկը չի շոշափվում: Շնչառությունը դառնում է հազվադեպ: Ու-յան թեթև դեպքերում անգիտակից վիճակը տևում է 1-2 ր կամ ավելի քիչ, երբեմն այն կարող է ավելի երկարատև լինել: Սիրտանոթային համակարգի արտահայտված փոփոխությունների բացակայության ժամանակ Ու. ավարտվում է բարեհաջող, գիտակցությունը վերականգնվում է, մաշկի գունատությունը՝ անհետանում, շնչառությունը, անոթազարկը բնականոնանում են: Սակայն ընդհանուր թուլությունը, ջարդվածությունը, տկարությունը և գլխացավերը կարող են մի քանի ժ շարունակվել: Ու-յան դեպքում գիտակցության կորստին կարող են նախորդել ընդհանուր թուլությունը, գլխապտույտը, աչքերի առջև մթագնելու կամ առկայծումների, ականջներում աղմուկի զգացումը, ձեռքերի և ոտքերի թմրածությունը: Հաճախ նոպան սահմանափակվում է այդ զգացողություններով, և գիտակցության լրիվ կորուստ չի առաջանում:
Ու-յան ժամանակ, մինչև շտապ օգնության գալը, հիվանդին պետք է պառկեցնել գլուխը ցածր դիրքով (առանց բարձի), արձակել սեղմող հագուստի կոճակները, ապահովել մաքուր օդի հոսքը: Դեմքին և կրծքին դնել սառը ջրով թրջած սրբիչ, քթին մոտեցնել անուշադրի սպիրտով, քացախաթթվով, օդեկոլոնով թրջած բամբակ, դրանով շփել քունքերը, ոտքերը տաքացնել ջեռակով կամ շփելով: Գիտակցությունը վերականգնելուց հետո տաք թեյ կամ սուրճ տալ:
Ցանկացած աստիճանի Ու-ից հետո անհրաժեշտ է դիմել բուժող բժշկին:
ՈՒՌՈՒՑՔԱԾԻՆ ՆՅՈՒԹԵՐ, տես Ուռուցքներ հոդվածում:
ՈՒՌՈՒՑՔԱԾԻՆ ՎԻՐՈՒՍՆԵՐ, տես Վիրուսներ հոդվածում:
ՈՒՌՈՒՑՔՆԵՐ, նորագոյացություններ, բլաստոմաներ, հյուսվածքների ավելցուկային տարաճումներ՝ կազմված օրգանիզմի սովոր. ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից: Դրանց առանձնահատկությունն այն է, որ շարունակում են բազմանալ նաև ուռուցք առաջացնող գործոնի ազդեցությունն ընդհատելուց հետո: Ոտուցքային բջիջների տարաճումը տեղի է ունենում հատուկ օրենքներով: Այդ բջիջների նոր հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին:
Տարբերում են բարորակ և չարորակ Ու.: Բարորակներն աճում են միայն շրջապատող առողջ հյուսվածքները տեղաշարժելով կամ ճնշելով, չարորակները ներաճում են շրջապատով հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են ներաճել ուռուցքային բջիջներ, որոնք, այնուհետև արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են նստել տարբեր օրգաններում ու հյուսվածքներում: Արդյունքում առաջանում են ճյուղավորումներ (մետաստազներ)՝ ուռուցքի 2-րդային հանգույցներ: Ու. լրիվ չհեռացնելիս նորից աճում են: Բարորակ Ու. չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ: Այդպիսի օրինակ կարող է ծառայել գլխուղեղի բարորակ ուռուցքը, որը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր ֆունկցիաները:
Ու-ի առաջացումը որևէ օրգանում կամ հյուսվածքում սկսվում է փոփոխված և փոփոխվող բջիջների ոչ մեծ խմբի ի հայտ գալով: Ու-ի առաջացումն ընթանում է աստիճանաբար՝ մի քանի փուլերով: Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեղային:
Ու-ի առաջացման փուլայնությունը և չարորակության բարձրացման հնարավորությունը հանգեցրին ուռուցքի «հարաճում» հասկացությանը: Հարաճման ընթացքում բարձրանում է Ու-ի անկախությունը օրգանիզմը կարգավորող համակարգերից: ՄԵտաստազավորման ընթացքում տարբերում են մի քանի շրջան. 1. ուռուցքային բջիջների ներթափանցումը անոթների մեջ, 2. արյան կամ ավշի հոսքով դրանց տարածումը, 3. նոր տեղում փոխադրված բջիջների աճումը՝ ուռուցքային հանգույցի առաջացմամբ: Թվարկած շրջաններից յուրաքանչյուրը հաջորդ փուլի առաջացման պարտադիր պայման է, սակայն այդ անցումը միշտ չէ, որ տեղի է ունենում: Ուստի ճյուղավորման գործնթացը կարող է ընդհատվել ցանկացած փուլում, իսկ մետաստազի ի հայտ գալը տվյալ գործնթացի բոլոր փուլերի իրականացման հետևանք է: Դա վկայում է ուռուցքի առաջացման ընթացքում օրգանիզմի ընդհանուր պաշտպան. վիճակի կարևորությունը, որն Ու-ի իմունաբանության հետազոտության առարկան է:
Ու. կազմված են բուն հյուսվածքից (պարենքիմ) և շարակցահյուսվածքային պատյանից (ստրոմա): Բուն հյուսվածքը կազմում է նրա հիմն. զանգվածը, որով որոշվում են ուռուցքի աճն ու բնույթը: Շարակցահյուսվածքային պատյանի մեջ մտնում են Ու. սնող արյան անոթներն ու նյարդերը:
Ու. անվանվում են ըստ նրանց հյուսվածքային պատկանելության. «ոմա» մասնիկը, այսինքն՝ «բլաստոմա» բառի վերջավորությունը միանում է այս կամ այն հյուսվածքի անվանը, օրինակ՝ աճառային Ու. կոչվում են խոնդրոբլաստոմա կամ խոնդրոմա, թելքավոր շարակցական հյուսվածքինը՝ ֆիբրոմա, մկանային հյուսվածքինը՝ միոմա, ճարպային հյուսվածքինը՝ լիպոմա ևն: Որոշ Ու. պահպանում են հատուկ, պատմականորեն նրանց ամրագրված անվանումները: Օրինակ՝ շարակցական հյուսվածքի չարորակ ուռուցքն անվանում են սարկոմա, որովհետև կտրվածքի վրա նրա հյուսվածքը հիշեցնում է ձկան միս (հուն. «սարկոս» - միս): Չարորակ էպիթելիոման անվանում են կարցինոմա (ռակ)՝ հավանաբար կապված այն բանի հետ, որ հնում բժիշկների 1-ին դիտարկումները վերաբերում էին մաշկի կամ կաթնագեղձի քաղցկեղին, որը շրջապատի հյուսվածքների մեջ ներաճում է խեցգետնի չանչեր հիշեցնող թելքերով: Շատ Երկրներում, Ֆրանսիայի օրինակով, «ռակ» են անվանում բոլոր չարորակ Ու.՝ անկախ հյուսվածքային պատկանելությունից: ՀՀ-ում և մի շարք երկրներում ընդունված է «ռակ» անվանել միայն էպիթելից առաջացած չարորակ Ու.: Երբեմն Ու. կոչում են օրգանի (օրինակ՝ հեպատոմա՝ լյարդային բջիջներից առաջացած Ու.) կամ նրա որևէ մասի (օրինակ՝ ինսուլոմա՝ ենթաստամոքսային գեղձի կղզյակների բջիջներից առաջացած Ու., մելանոմա՝ մելանին գունակ արտադրող բջիջներից առաջացած Ու.) անունով: Ու-ի ախտաբանաանատոմ. դասակարգումը հիմնվում է այս կամ այն հյուսվածքին Ու-ի պատկանելության վրա: Օրինակ՝ տարբերում են էպիթելային, շարակցահյուսվածքային, մկանային և մի շարք այլ Ու.: Էպիթելային Ու. բաժանում են գեղձային և տափակ էպիթելից առաջացածների: Եթե ձևաբան. հետազոտման ժամանակ