անպայման հետազոտում են ուղեղողնուղեղային (ցերեբրոսպինալ) հեղուկը: Դա ունի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժիչ նշանակություն, ուղեղողնուղեղային հեղուկի կազմը հետազոտելիս վերջնականորեն հաստատվում է ախտանունը, իսկ հեղուկի հեռացումն իջեցնում է ներգանգային ճնշումը, թուլանում կամ վերանում է գլխացավը, բարելավվում է ընդհանուր վիճակը, վերականգնվում գիտակցությունը, ընդհատվում են փսխումները: Հետազոտման նպատակով գոտկային ընդծակման (պունկցիա) դեմ կանխակալ կարծիքը ճիշտ չէ: Հապաղելը կարող է բուժումն ուշացնել և հանգեցնել վտանգավոր բարդությունների: Առանձին դեպքերում (ներգանգային ճնշումն իջեցնելու և ուղեղողնուղեղային հեղուկի կազմին հետևելու կամ անմիջապես միջպատյանային տարածության մեջ դեղանյութեր ներարկելու նպատակով) նպատակահարմար է ընդծակումը կրկնել: Ժամանակին բուժելիս հիվանդի վիճակը 3-4-րդ օրը թեթևանում է, այնուհետև նա լրիվ առողջանում է: Վերջինիս ցուցանիշը ուղեղողնուղեղային հեղուկի կազմի բնականոնացումն է: Երբեմն հիվանդության ընթացքը ձգձգվում է, և առաջանում են բարդություններ՝ գլխացավ, շլություն, խլություն, ջղաձգային նոպաներ, գլխուղեղի ջրակալում: Հիվանդությունից հետո 2-3 ամսվա ընթացքում ընդհանուր թուլությունը, արագ հոգնելիությունը, աշխատունակության անկումը կարող են շարունակվել: Այդ շրջանում երեխաները վատ են տանում դպրոց, պարապմունքները, իսկ մանկապարտեզում չեն կարողանում մասնակցել աղմկոտ խաղերի:
Ծանր վարակիչ հիվանդությունների ժամանակ թունավորման հետևանքով թուլացած հիվանդներն ունենում են Ու-ին նման երևույթներ՝ ուղեղապատյանների գրգռման ախտանշաններ (մենինգիզմ), լույսին նայելիս աչքերը ցավում են, լինում են գլխացավեր, փսխումներ, սակայն Ու. բացակայում է, և ուղեղողնուղեղային հեղուկի կազմի փոփոխություններ չեն հայտնաբերվում:
Ու-ի տարածումը կանխարգելելու նպատակով հիվանդներին հարկավոր է անհապաղ հոսպիտալացնել: Եթե հիվանդին շրջապատող անձանց մեջ կան բակտերիակիրներ, նրանց մեկուսացնել: Մենինգոկոկային վարակիչ հիվանդությունների բակտերիակիր երեխաներին չի թույլատրվում հաճախել մանկապարտեզ և դպրոց, քանի դեռ վարակակրությունը չի վերացել: 2-րդային Ու-ի կանխարգելման համար քրոնիկ. ականջաբորբով, քթի հավելյալ ծոցերի բորբոքումով, տուբերկուլոզով հիվանդները պետք է բուժվեն մինչև լրիվ առողջանալը: Քանի որ Ու-ին նպաստում են վերին շնչուղիների լորձենաբորբերը, կանխարգելիչ միջոցառումների մեջ մեծ նշանակություն ունի օրգանիզմի կոփումը:
ՈՒՂԵՂԻԿ, գլխուղեղի բաժին, տեղադրված է գլխուղեղի ցողունից հետ և գրեթե ամբողջությամբ ծածկում է երկարավուն ուղեղն ու գլխուղեղի կամուրջը: Ու. կազմված է 2 կիսագնդերից և դրանց միջև գտնվող որդից: Կիսագնդերը խորը և բազմաթիվ ակոսներով բաժանվում են նեղ գալարների: Կիսագնդերի հետին եզրին գտնվում է ավելի խորը հորիզոն. ճեղքը, որը կիսագունդը բաժանում է վերին ու ստորին հատվածների: Ու. կազմված է գորշ և սպիտակ նյութերից, որոնց պատկերը առաջ-հետին կտրվածքի վրա նմանվում է ճյուղավորված ծառի և կոչվում է «կենաց ծառ»:
Ու-ի կեղևն առաջանում է գորշ նյութից: Կեղևի տակ գտնվում է սպիտակ նյութը, որը պարունակում է գորշ նյութի կուտակումներ՝ կորիզներ: Դրանցից ամենամեծն ատամնավոր կորիզն է, ապա՝ գնդաձև կորիզները և որդի մեջ տեղադրված վրանի կորիզը: Ու. գլխուղեղի ցողունի հետ միացած է 3 զույգ ոտիկներով՝ ստորինով կապված է երկարավուն ուղեղի, միջինով՝ կամրջի սեփական կորիզների, վերինով՝ միջին ուղեղի հետ: Ու-ի ոտիկները, ըստ էության, հաղորդիչ ուղիներ են, որոնք Ու-ին տեղեկություն են հաղորդում գլխուղեղի և ողնուղեղի բաժիններից և հակառակը՝ Ու-ից ազդանշաններ են տանում կմախքային մկանները նյարդավորոդ շարժիչ բջիջներին: Ու. կամրջի միջոցով կապված է նաև գլխուղեղի ճակատային, քունքային և ծոծրակային բլթերի հետ: Մասնակցում է մարմնի հավասարակշռության և տոնուսի պահպանմանը, շարժումների համաձայնեցման կարգավորմանը ևն:
Ու-ի ախտահարումից խանգարվում է շարժումների համաձայնեցումը, քայլվածքը դառնում է երերուն, ձեռքով որևէ առարկայի դիպչելու փորձը վրիպում է:
ՈՒՂԻՂ ԱՂԻՔԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պրոկտիտ, ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում: Սուր բորբոքումն առաջանում է աղիքների բարձրադիր բաժիններից (օրինակ՝ հաստ աղիքների բորբոքում) ուղիղ աղիքի վրա բորբոքման տարածման, ուղիղ աղիքի լորձաթաղանթի վրա մեխ. և քիմ. գրգռիչների երկարատև ազդեցության, որոշ թույներով (սուլեմա, մկնդեդ) թունավորման հետևանքով, ինչպեն նաև որպես թութքի բարդություն: Երբեմն Ու. ա. բ-ման պատճառ կարող է լինել հետանցքով ուղիղ աղիքի մեջ մանրէների (օրինակ՝ գոնոկոկեր) ներթափանցումը:
Սուր բորբոքումը բնորոշվում է ուղիղ աղիքում ցավերի և այրոցի առաջացմամբ, հաճախակի կղման ցանկությամբ: Կղանքը լինում է լորձային կամ լորձաթարախային, հաճախ՝ արյունախառը: Քրոնիկ. բորբոքումը հաճախ չբուժված սուր բորբոքման հետևանք է, երբեմն՝ ուղիղ աղիքի տուբերկուլոզի, սիֆիլիսի ախտանշան: Այդպիսի դեպքերում խանգարումները թույլ են արտահայտված, սակայն համառ են:
2 դեպքում էլ բուժումն իրականացնում է բժիշկը:
Սուր բորբոքման կանխարգելումը հաստ աղիքի սուր բորբոքման, դիզենտերիայի, թութքի, փորկապության ժամանակին բուժումն է. վերջինիս դեպքում կղանքային պինդ զանգվածները վնասում են աղիքի լորձաթաղանթը: Հարկավոր է գիտենալ, որ հոգնաների և լուծողական դեղանյութերի չարաշահումն իր հերթին գրգռում է ուղիղ աղիքի լորձաթաղանթը և պատճառ դառնում սուր բորբոքման, ուստի փորկապության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Կանխարգելիչ նշանակություն ունի նաև սննդում կծու կերակրատեսակների, ալկոհոլային խմիչքների, մեծ քանակով ոչ պիտանի նյութեր պարունակող սննդամթերքի սահմանափակումը:
ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ, գիտակցության հանկարծակի կարճատև կորուստ, առաջանում