նույնպես առաջացնում է հաստ աղիքի գալարակծկանքի թուլացում և դրա հետևանքով՝ Փ.: Փ-յան կարող են հանգեցնել նստակեցությունը (տես Թերշարժունություն), որովայնի առաջային պատի մկանունքի թուլացումը: Համառ Փ-յան պատճառ կարող է դառնալ ճարպակալման վերացման նպատակով մեծ դեղաչափերով օգտագործվող լուծողական դեղանյութերի ընդունումը:
Փ. կարող է լինել նաև այլ հիվանդությունների ախտանշան: Օրինակ՝ բնածին երկար հաստ աղիքի, հաստ աղիքի քրոնիկ. բորբոքման (տես Հաստ աղիքի բորբոքում), որովայնի խոռոչի կպումների, առանձին այլ հիվանդությունների ժամանակ աղիքների լուսանցքը նեղանում է, և կղանքային զանգվածի տեղափոխությունը դանդաղում: Ստամոքսի, լեղուղիների, երիկամների, կանանց սեռ. օրգանների հիվանդությունները նույնպես կարող են ուղեկցվել հաստ աղիքի ֆունկցիայի փոփոխություններով և, հետևաբար, Փ-յամբ: Առանձին ներզատիչ գեղձերի (վահանագեղձ, մակերիկամներ, սեռ. գեղձեր) ֆունկցիայի խանգարումները, հոգեկան խանգարումները (այդ թվում՝ նևրոզները) ևս ընթանում են համառ Փ-յամբ: Տարբեր են ոչ միայն Փ-յան պատճառները, այլև դրանց դեպքում հաստ աղիքի ֆունկցիայի խանգարումները: Մի դեպքում Փ. կապված է հաստ աղիքի պարունակության տեղափոխության դժվարացման (կծկանքի ժամանակ), այլ դեպքերում՝ ընդհակառակը՝ աղիքի մկանային շերտի տոնուսի անկման հետ: Այլ խումբ են կազմում կղման ակտի տարբեր խանգարումներով պայմանավորված Փ-ները
Փ. կարող է ուղեկցվել մի շարք ընդհանուր երևույթներով, ընդհանուր թուլություն, տկարություն, գլխացավ, գրգռվածություն, անքնություն, ախորժակի բացակայություն, սրտխփոց, քրտնոտություն, որովայնի անորոշ ցավեր:
Որոշ գիտնականներ գտնում են, որ Փ. արագացնում է օրգանիզմի ծերացման գործընթացները:
Փ. կարող է հանգեցնել մի շարք բարդությունների: Շատ հիվանդների աղիքներում առաջանում է դիսբակտերիոզ, փոխվում է աղիքներում բնակվող միկրոօրգանիզմների կազմը, որը հանգեցնում է հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկ. բորբոքման: Դիսբակտերիոզի ժամանակ խանգարվում են նաև B խմբի վիտամինների սինթեզն ու յուրացումը, որոնց անբավարարությունը խորացնում է Փ.: Կղման ակտի ժամանակ հաճախակի ուժեղ նքոցներն առաջացնում են ճողվածք, թութք, հետանցքի ճաքեր, որոնք հաճախ պահանջում են վիրահատ. միջամտություն:
Փ-յան ինքնաբուժումն արգելվում է, քանի որ առավել հաճախ այն անարդյունավետ է, իսկ երբեմն՝ նաև վտանգավոր: Փ-յան դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Առանձին դեպքերում բժշկի նշանակած սննդի ճիշտ ռեժիմը ամբողջությամբ վերացնում է Փ.: Եթե սննդակարգն արդյունք չի տալիս, բժշկի նշանակմամբ հարկավոր է կիրառել այլ մեթոդներ, այդ թվում աղիքների գալարակծկանքը խթանող դեղանյութեր (հատկապես հաստ աղիքի տոնուսի անկման ժամանակ): Անհրաժեշտ է օգտագործել հաստ աղիքի լուսանցքում ջուրը պահելու հատկությամբ օժտված պատրաստուկներ, որոնց շնորհիվ ջրիկացած կղանքը հեշտությամբ տեղափոխվում է աղիքների կծկված հատվածով: Հարկավոր է նկատի ունենալ, որ լուծողական որոշ դեղանյութեր դրդում են աղիքների գալարակծկանքը՝ գրգռելով հաստ աղիքի լորձաթաղանթը, ուստի դրանց երկարատև ընդունումն առաջացնում է աղիքների բորբոքումներ կամ խորացնում դրանք: Լուծողական դեղանյութեր կարելի է ընդունել միայն կարճ ժամանակով և բժշկի հսկողությամբ: Որոշակի ցուցումների դեպքում օգտագործում են տարբեր դեղորայքային մոմեր, կատարում հոգնաներ: Դիսբակտերիոզի դեմ կիրառում են աղիքային բնականոն ֆլորայի վերականգնմանը նպաստող դեղանյութեր: Բուժման կուրսի տևողությունը և պատրաստուկների դեղաչափը որոշում է բժիշկը:
Կիրառում են նաև ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ, մերսում և բուժ. մարմնամարզություն:
Աղիքների ամենօրյա դատարկման սովորության վերականգնումը Փ-յան բուժման կարևորագույն ձևերից է: Ուստի անհրաժեշտ է զուգարան գնալ ամեն օր և նույն ժամերին՝ նույնիսկ կղման ցանկության բացակայության ժամանակ: Զուգարանում հարկավոր է կատարել հատուկ շնչառ. վարժություններ, որոնք ստեղծում են ներորովայնային ճնշման տարբերություններ և գրգռում գալարակծկանքը: Դա կատարվում է այսպես. շնչառել որովայնով, շունչը պահել առավելագույն երկար ժամանակով, լրիվ արտաշնչել, շունչը պահել առավելագույն երկար ժամանակով: Դա պետք է կրկնել 3 անգամ, 4-րդ խորը շնչառման ժամանակ (շունչը պահելու ընթացքում) ուժեղ ճիգեր գործադրել, որպեսզի հետանցքի վրա ճնշում զգացվի: Մի քանի անգամ հանգիստ շնչելուց հետո շնչառ. վարժությունները կրկնել (ընդամենը 10-12 փուլ): Այնպիսի դեպքերում, երբ Փ. պայմանավորված է զարգացման արատներով կամ ուռուցքներով, պահանջվում է վիրահատ. բուժում: Եթե բուժումը (հատկապես լուծողականների կիրառմամբ) պետք է իրականացվի բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ, ապա կանխարգելումը մատչելի է յուրաքանչյուրին և սերտորեն կապված է մարդու ապրելակերպի հետ: Անհրաժեշտ է երեխային դեռևս վաղ մանկ. տարիքից վարժեցնել աղիքների ամենօրյա դատարկման սովորությանը, նրան հարկավոր է պետքանոթին նստեցնել միշտ նույն ժամերին, հետևել, որ խաղալիքներն ու խոսակցությունները նրա ուշադրությունը չշեղեն:
Հասուն մարդկանց համար կարևոր է աշխատանքի այնպիսի կազմակերպում, որի դեպքում աղիքները ժամանակին դատարկելու համար խոչընդոտներ չստեղծվեն: Չի կարելի կղման ցանկությունը ճնշել կարևոր կամ հետաքրքիր զբաղմունքը չընդհատելու պատճառով, խորհուրդ չի տրվում զուգարանում կարդալ կամ ծխել: Փ-յան կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի ռացիոնալ սնունդը, ցանկալի է այն ընդունել միշտ նույն ժամերին: Օրաբաժնում հարկավոր է ներառել բանջարեղեն (գազար, ճակնդեղ, թթու դրած կամ հում կաղամբ, լոլիկ, վարունգ, սմբուկ, դդմիկ, դդում, նեխուր, ծաղկակաղամբ), մրգեր և հատապտուղներ (բնական կամ դրանց հյութերը), կաթնաթթվային սննդամթերք, բուս. յուղեր, մեղր: Հարկավոր է իմանալ, որ Փ-յանը նպաստում են որոշ սննդամթերքներ՝ կաթնաշոռ, բրինձ, նուռ, կծու համեմունքներ, ալկոհոլային խմիչքներ ևն:
Կանխարգելման նպատակով կարևոր է ֆիզ. բավարար ակտիվությունը: Որովայնի մկանունքն ընդգրկող ամենօրյա առավոտյան մարմնամարզությունը, հետիոտն կամ հեծանվով զբոսանքները, նստակյաց աշխատանքի դեպքում շարժումներով աշխուժանալը նպաստում են աղիքների բնականոն գործունեությանը:
ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, կենդանի օրգանիզմներին բնորոշ՝ զարգացման ցանկացած փուլում իրենց կենսաքիմ., ձևաբան. և ֆիզիոլոգ. հատկանիշները փոխելու հատկություն:
Սաղմի զարգացման (մինչև հասուն անհատ դառնալու) գործընթացը բաղկացած է անընդհատ տեղի ունեցող փոփոխություններից, որոնք ընթանում և միմյանց հաջորդում են ոչ թե պատահականորեն, այլ ենթարկվում են էվոլյուցիայի