Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/725

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատվաստումից հետո սկսել են գործել և իրենց վրա վերցնել ռեցիպիենտի մահացած երիկամի կորցրած ֆունկցիան:

Այն բանից հետո, երբ երիկամի փոխպատվաստումը հաստատունորեն մտավ կլինիկա, գիտնականները ձեռնամուխ եղան սրտի պատվաստման խնդիրների ուսումնասիրմանը: 1967-ին 1-ին անգամ սրտի հաջող պատվաստում է կատարել Քեյփթաունի բժիշկ Քրիստիան Բառնուրը: Սրտի 1-ին պատվաստումները ոչ միշտ էին ավարտվում բարեհաջող: Հետագայում, իմունաընկճող միջոցներով բուժման շնորհիվ այդ վիրահատություններն ավելի լայնորեն ներդրվեցին սրտավիրաբուժ. առաջատար կենտրոններում:

Աշխարհի շատ երկրների (այդ թվում՝ ՀՀ-ի) գիտնականները տրանսպլանտոլոգիայի բնագավառում շարունակում են բուռն հետազոտությունները: Լայնորեն տարածվում են միջազգային համագործակցության տարբեր ձևերը: Եվրոպայում ստեղծվել է դիալիզի և տրանսպլանտացիայի եվրոպ. միություն, որի կազմի մեջ են մտնում Եվրոպայի երկրները և «Ինտերտրանսպլանտ» կազմակերպությունը: Համագործակցության ձևերից է օրգանների փոխանակումը, որը հնարավորություն է տալիս դոնորին և ռեցիպիենտին ընտրել համատեղելիության գործոնների թվի գերակշռությամբ: Տես նաև Միկրովիրաբուժություն և վերականգնողական վիրաբուժություն, Վիրաբուժություն:

ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ, տուժածին (ախտահարված, հիվանդ) ցուցաբերած 1-ին բժշկ. օգնություն, որն իրականացնում են բուժանձնակազմին չպատկանող, սակայն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ունեցող անձինք: Տես նաև Առաջին օգնություն:

ՓՈՇԻ, օդում պարունակվող պինդ նյութի մասնիկներ: Ըստ առաջացման բնույթի՝ կարող է լինել բնական և արհեստ., հանքային ու օրգ., արտադր. և կոմունալկենցաղային:

Առավել հաճախ հիվանդությունների պատճառ է դառնում արդ. Փ., որի վնասակարության չափը պայմանավորված է նրա կազմությամբ: Որքան փոքր են փոշեհատիկները, այնքան դրանք ավելի երկար են գտնվում օդում կախված վիճակում և պահպանվում թոքերի առավել խոր հատվածներում:

Փ-ուց առաջացող հաճախակի հանդիպող հիվանդություններից են թոքերի փոշեգարությունը և բրոնխաբորբերը: Փոշեգարությունն առաջանում է տարբեր Փ-ները երկարատև շնչելիս և բնորոշվում է թոքերի պարենքիմում շարակցական հյուսվածքի աճակալմամբ: Ներշնչվող փոշու բաղադրությունից կախված՝ տարբերում են սիլիկոզ (քվարցային Փ.), անթրակոզ (ածխի Փ.), ասբեստոզ (ասբեստի Փ.), սիդերոզ (երկաթ պարունակոդ Փ.) ևն:

Արտադր. Փ-ների դեմ պայքարի միջոցներն են արտադր. գործընթացների մեքենայացումը և ավտոմատացումը, ընդհանուր և տեղային օդափոխությունը, սարքավորումների հերմետիկացումը, չոր աշխատաեղանակների փոխարինումը խոնավով, անհատ. պաշտպանության միջոցների (շնչադիմակների) օգտագործումը ևն:

ՓՈՐԱՓՔԱՆՔ, մետեորիզմ, որովայնի փքվածություն՝ աղիքներում գազերի կուտակման հետևանքով: Առողջ մարդու ստամոքսում և աղիքներում մշտապես պարունակվում են այդ օրգանների բնականոն տոնուսն ապահովող ոչ մեծ քանակությամբ գազեր: Գազերի քանակությունը պայմանավորված է սննդի բնույթով, օրվա ժամանակով, ֆիզ. ծանրաբեռնվածությամբ և այլ գործոններով: Գազերը մարսողության համակարգ են ընկնում օդ կուլ տալիս կամ առաջանում են աղիքներում՝ քիմ. ռեակցիաների և ֆերմենտային գործընթացների հետևանքով: Փ. բնորոշ է նաև լրիվ առողջ մարդկանց, որը լինում է առանձին սննդամթերքի (բնական կաթ, լոբազգիներ, կարտոֆիլ, կաղամբ, խաղող, գարեջուր, կվաս, սև հաց) չափից ավելի օգտագործումից: Սակայն Փ. կարող է լինել նաև տարբեր ախտաբան. վիճակների ախտանշան: Գազերի հեռացման դժվարացումը կարող է առաջանալ աղիքների կծկանքի կամ սեղմման, որովայնամզի կպումների հետևանքով: Փ. ուղեկցում է նաև քրոնիկ. ստամոքսաբորբին, ենթաստամոքսային գեղձի բորբոքմանը, լեղապարկի բորբոքմանը, բարակ աղիքների բորբոքմանը (տես Ստամոքսաղիքաբորբ): Առատ գազառաջացմանը նպաստում են աղիքներում նեխման և խմորման գործընթացները՝ աղիքներում բնականոն մանրէային ֆլորայի փոփոխությունների հետևանքով (տես Մանրէային ֆլորա մարդու): Փ. դրսևորվում է որովայնում ճնշման, ծանրության զգացումով, գռգռոցով, կծկանքային ցավերով, որոնք վերանում են գազերը հեռանալուց հետո: Երբեմն ցավերը լինում են շատ ուժեղ և ուղեկցվում են սառը քրտինքով, սրտի շրջանի ցավերով, նույնիսկ ուշագնացությամբ: Հնարավոր են զկռտոց, գխտոց, գլխացավ: Գործնականորեն առողջ մարդկանց Փ. հատուկ բուժում չի պահանջում: Սովորաբար խորհուրդ է տրվում սահմանափակել թարմ հացի, քաղցրավենիքի, ոլոռի, լոբու, կաղամբի, կարտոֆիլի, թթու և գազավորած խմիչքների օգտագործումը: Սննդում հարկավոր է ներառել սպիտակուցներ պարունակոդ սննդամթերք (միս, ձուկ, կաթնաշոռ, մածուն, ձու ևն): Եթե գերակշռում են նեխման գործընթացները (գազերը նեխած հոտ ունեն), ապա օրաբաժնում սպիտակուցների քանակը պետք է կրճատել: Բժշկի խորհրդով ընդունում են գազերի հեռացմանը նպաստող դեղանյութեր:

Փ-ի կանխարգելմանը նպաստում են սննդի ճիշտ ռեժիմը, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեն սիրտանոթային համակարգի հիվանդություններով (հատկապես սրտային հեղձուկով) տառապողները, քանի որ աղիքների չափից ավելի ձգվածությունը կարող է նպաստել սրտի պսակային անոթների կծկանքին:

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ, կղանքի երկարատև (48 ժ-ից ավելի) կանգն աղիքներում կամ աղիքների ամենօրյա անբավարար և դժվարացած դատարկումը: Փ. չափազանց տարածված է: Վիճակագր. տվյալների համաձայն՝ տնտեսապես զարգացած երկրներում Փ-յամբ տառապում է բնակչության 5-10 %-ը:

Փ. կարող են ունենալ նաև առողջ մարդիկ, օրինակ՝ երկարատև ուղևորությունների, սովոր. իրավիճակների փոփոխությունների, կյանքի ռիթմի խանգարումների ժամանակ, որը կարճատև է և, որպես կանոն, անցնում է առանց բուժման:

Որոշ դեպքերում Փ. ինքնուրույն հիվանդություն է, որի հիմքում ընկած է աղիքների ամենօրյա դատարկման սովորության խանգարումը: Պատճառը կղման ցանկության բազմակի ճնշումն է՝ պայմանավորված աշխատանքի առանձնահատկություններով (Փ-յամբ հաճախ տառապում են վարորդները, հարահոսի մոտ աշխատողները), թութքի, հետանցքի ճաքերի ժամանակ ցավերի հանդեպ վախով: Կղման ցանկության ճնշումը բնորոշ է նաև առավոտյան անկողնում երկար պառկելու սովորություն ունեցող, խաղերով տարվող անձանց: Փ-յան պատճառ կարող է դառնալ անսովոր դիրքում և կողմնակի անձանց ներկայությամբ աղիքների դատարկման անհնարինությունը (բնորոշ է խիստ անկողնային ռեժիմով հիվանդներին): Փ-յանը նպաստում է շատակերությունը: Միատեսակ, առավելապես սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործումը, սննդի օրաբաժնում ջրի, բանջարեղենի և մրգերի սահմանափակումը