Քաղցածությունը, որպես ֆիզիոլոգ. երևույթ, բնության մեջ հաճախ հանդիպում է կենդանիների (արջ, գետնասկյուռ, ոզնի ևն) ձմեռային քնի ընթացքում, գորտերի, ձկների, միջատների՝ ցրտի հետևանքով անզգայացման դեպքում: Դա կապված է օրգանիզմի նյութափոխանակության կտրուկ նվազման հետ, որը կենդանիներին հնարավորություն է տալիս տարվա անբարենպաստ շրջանում երկար ժամանակ կյանքը պահպանել էներգիայի չնչին ծախսի պայմաններում:
Ախտաբան. քաղցածությունն առաջանում է սննդի բացակայության, անբավարարության կամ ոչ լիարժեքության դեպքերում: Սննդի միջոցների անբավարարության հետ կապված՝ քաղցածության պատճառները պայմանավորված են սոցիալ. պայմաններով: Երբեմն քաղցածությունն առաջանում է տարերային և այլ աղետների հետևանքով, պատերազմի ժամանակ (սով) ևն: Առանձնապես աղետալի են քաղցածության հետևանքները երեխաների համար, որոնք նման դեպքերում հետ են մնում ֆիզ. և մտավոր զարգացմամբ:
Քաղցածությունը լինում է լրիվ (երբ օրգանիզմը սնունդ բոլորովին չի ստանում), բացարձակ (առանց սննդի ու ջրի), ոչ լրիվ (թերսնում), մասնակի, այսինքն՝ ոչ լիարժեք կամ միակողմանի սնուցում, երբ սննդի հետ 1 կամ մի քանի սննդանյութեր անբավարար են ստացվում՝ բնականոն ընդհանուր կալորիականության դեպքում:
Լրիվ և բացարձակ քաղցածության դեպքում օրգանիզմի կյանքը պահպանվում է եղած պաշարների (հիմնականում ճարպի), այնուհետև՝ օրգանիզմի մյուս հյուսվածքների ծախսման հաշվին: Էներգիա առաջացնելու հատկությունն աստիճանաբար նվազում է մարմնի քաշի անկման հետ, իսկ ընդհանուր նյութափոխանակության ուժգնությունը մնում է բնականոնի սահմաններում: Այդ պատճառով էլ քաղցածության ժամանակ նյութափոխանակությունը խթանող բոլոր գործոնները (ֆիզ. աշխատանք, շրջապատի ջերմաստիճանի իջեցում, օրգանիզմի գերտաքացում, տարբեր հիվանդություններ) մեծացնում են սննդանյութերի կորուստները և արագացնում օրգանիզմի մահը:
Լրիվ քաղցածության ժամանակ կյանքի տևողությունը տարբեր է առանձին տեսակի կենդանիների համար: Օրինակ՝ մանր թռչունները սատկում են 2, հավերը՝ 14-20 օր հետո, շները կարող են ապրել 40-60, ձիերը՝ մինչև 80 օր: Լրիվ քաղցածության սահմանային ժամկետը հասուն մարդու համար 65-70 օր է: Աճող երիտասարդ օրգանիզմները մահանում են շատ ավելի շուտ, քան հասունները: Ծեր մարդիկ (և ծեր կենդանիները) կարող են ավելի երկար քաղցած մնալ, քան երիտասարդները, որը կապված է ծերերի նյութափոխանակության ավելի ցածր մակարդակի հետ: Կանայք ավելի հեշտ են դիմանում Ք-ին, քան տղամարդիկ: Ընդունված է, որ որքան շատ է ճարպի պաշարը, այնքան օրգանիզմն ավելի երկար կարող է դիմանալ քաղցածությանը, սակայն հավասար գիրության և սնման միանման պայմանների դեպքում առանձին անհատները կարող են մահանալ միանգամայն տարբեր ժամկետներում, որը, ըստ երևույթին, կապված է կենտր. նյարդային համակարգի վիճակի, նյութափոխանակության բնույթի հետ:
Ոչ լրիվ քաղցածությունը լրիվից տարբերվում է նրանով, որ սննդի անբավարար ընդունման պայմաններում օրգանիզմն ավելի երկարատև գոյություն ունենալու հնարավորություն ունի:
Քաղցածության ժամանակ (լրիվ, բացարձակ և ոչ լրիվ) առավել մեծ նշանակություն ունի սննդի մեջ սպիտակուցի անբավարարությունը: Առաջանում են օրգանների ֆունկցիաների, նյութափոխանակության, ջրային փոխանակության խանգարումներ, այսինքն՝ համալիր խախտումներ, որոնք բնորոշ են սննդային հյուծմանը, վիտամինային անբավարարությանը ևն: Եթե մարդն սկզբում տառապում է ծարավից, նրա ախորժակը լավանում է, երբեմն ի հայտ են գալիս այտույցներ, նկատվում է արագ հոգնելիություն, բայց նա համեմատաբար աշխատունակ է, այնուհետև, աստիճանաբար, նրա վիճակը վատանում է, կտրուկ նվազում է քաշը, առաջանում են մրսկանություն, մկանային թուլություն, տանջող փորկապություն, կարող է փոխվել հոգեաշխարհը, կորչում է աշխատունակությունը, փոխվում են ներզատիչ շատ գեղձերի ֆունկցիաները, փոքրանում են սրտի չափերը, խանգարվում է շնչառությունը: Բոլոր դեպքերում քաղցածությունը հանգեցնում է վիտամինային անբավարարության:
ՔԱՂՑԿԵՂ, տես Ուռուցքներ հոդվածում:
ՔԱՅԼԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, տերենկուր, բուժիչ նպատակով չափավորված, հատուկ երթուղով հետիոտն զբոսանքներ: Հիմնականում կիրառվում է առողջարանաառողջավայրային պայմաններում: Մարզաբուժման մեթոդներից է: Հարթ տեղանքում քայլքի հերթափոխումները ոչ մեծ վերելքներով բարելավում են սիրտանոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, նպաստավոր պայմաններ ստեղծում շնչառության համար, բարձրացնում նյարդային համակարգի տոնուսը, ինչպես նաև մարզում վերջույթների, իրանի մկանները, խթանում նյութափոխանակությունը: Ք. հաջողությամբ կիրառում են սիրտանոթային համակարգի հիվանդությունների (հատկապես սրտամկանի կծկող ֆունկցիայի թուլացման), նյութափոխանակության խանգարումների (ճարպակալում ևն), շնչառ. համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև ընդհանուր թուլության վերացման և օրգանիզմի աճող բեռնվածության հանդեպ դիմադրողականության բարձրացման նպատակով: Չափավորված վերելքները նշանակում են նաև ստորին վերջույթների հետվնասվածքային մնացորդային երևույթների ժամանակ: Ք. իրականացնում են բժշկի և բուժ. ֆիզկուլտուրայի մեթոդիստի հսկողությամբ: Ինքնուրույն կիրառվող Ք. կարող է հանգեցնել առողջության համար վտանգավոր հետևանքների: Ք-յան համար սարքավորում են մի քանի երթուղի՝ աճող բեռնվածության հաշվարկով (թեթև երթուղին մինչև 500 մ է, միջինը՝ մինչև 1500 մ, իսկ առավել դժվարը՝ մինչև 3000 մ): Բոլոր երթուղիների ճանապարհին յուրաքանչյուր 100-200 մ-ի վրա հանգստանալու համար հարմարեցնում են նստարաններ: Քայլքն սկսում են հարթ տարածքով՝ աստիճանաբար կատարելով ոչ մեծ անկյան տակ վերելքներ:
ՔԵՐԾՎԱԾՔ, մաշկի արտաքին շերտի կամ լորձաթաղանթի մեխ. վնասվածք: Ք-ի մակերևույթը սովորաբար ծածկվում է դեղնավուն թափանցիկ հեղուկով (ավիշ) կամ արյունով, որոնք դուրս են գալիս մանր կաթիլներով: Ք-ին քսում են յոդի 5 %-անոց սպիրտային լուծույթ, վրան դնում մանրէազերծած բամբակաթանզիֆային վիրակապ և ամրացնում կպչուն սպեղանիով, կոլոդիումով կամ բինտով: 4-6 օր անց վիրակապը կարելի է հանել: Եթե այն չորացել է, չի կարելի պոկել կամ թրջել, քանի որ 2-3 օր անց վիրակապը կեղևիկների հետ միասին հեշտությամբ հեռացվում է:
Առանձին դեպքերում Ք., շրջապատող հատվածի մաշկին յոդի սպիրտային լուծույթ քսելուց հետո, ծածկում են հականեխիչ սպեղանիով:
Ք-ին չի կարելի քսել որևէ քսուք կամ անմիջականորեն ծածկել հասարակ կպչուն սպեղանիով: Դրանք խոչընդոտում են կեղևի առաջացմանը և կարող են հանգեցնել թարախակալման, որի ժամանակ առաջանում են ցավ, կարմրություն, իսկ առավել արտահայտված դեպքերում՝ ջերմաստիճանը բարձրանում է, մոտակա