Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/733

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավշահանգույցները դառնում են ցավոտ: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի:

ՔԹԱԲՈՐԲ, տես Հարբուխ հոդվածում:

ՔԹԱԸՄՊԱՆ. տես Ըմպան հոդվածում:

ՔԹԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, կարող է առաջանալ քթի սալջարդի կամ լորձաթաղանթի վնասվածքների (քերծվածքներ, ճանկռվածքներ ևն), ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր հիվանդությունների (հիմնականում՝ վարակիչ), արյան ճնշման բարձրացման, սրտի, երիկամի, լյարդի և արյան տարբեր հիվանդությունների ժամանակ: Երբեմն Ք.ա. են առաջացնում մթն. ճնշման, օդի ջերմաստիճանի և խոնավության տատանումները, քիմ. նյութերով (մասնագիտ. վնասակարություններ) քթի լորձաթաղանթի երկարատև գրգռումները: Ք.ա. կարող է առաջանալ նաև շոգ եղանակին, որը բացատրվում է քթի լորձաթաղանթի չորությամբ և դեպի գլուխն արյան առլեցումով (արևի տակ երկարատև մնալիս):

Ք.ա. ոչ միշտ է լինում արտաքին, երբեմն արյունը լցվում է ըմպանը և կուլ գնում: Տվյալ դեպքում Ք.ա-յան ախտանշանը հանկարծակի արյունային փսխումն է: Դա բնորոշ է փոքր երեխաներին և թուլացած հիվանդներին: Քթից արյունային արտադրության ոչ բոլոր դեպքերն են վկայում Ք.ա-յան մասին: Երբեմն արյունահոսությունը կարող է լինել թոքերից, կերակրափողից կամ ստամոքսից, արյունը լցվում է քիթը և քթանցքերով դուրս գալիս:

Ք.ա-յան ժամանակ հարկավոր է հիվանդին պառկեցնել անկողնում՝ իրանի վերին կեսին բարձր դիրք տալով, և կիրառել արյունահոսությունը դադարեցնող միջոցառումներ. քթանցքի մեջ խցկել ջրածնի գերօքսիդով թրջած թանզիֆ կամ բամբակ (կարող է կատարել նաև հիվանդը), քթարմատին դնել սառը ջրով թրջած թաշկինակ, արյունահոսությունը շարունակվելիս ծոծրակին դնել սառցապարկիկ: Արյունահոսությունը դադարելուց հետո հիվանդը պետք է պառկի և մոտակա օրերին խուսափի կտրուկ շարժումներից, քիթն զգույշ մաքրի, տաք սնունդ չընդունի: Եթե չի հաջողվում արյունահոսությունը դադարեցնել, անհապաղ պետք է դիմել բժշկի, քանի որ, հաճախակի կրկնվող Ք.ա., որպես կանոն, տեղային կամ ընդհանուր որևէ հիվանդության ախտանշան է և պահանջում է լուրջ հետազոտություն:

ՔԻԹ, ՔԹԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԾՈՑԵՐ: Տարբերում են արտաքին քիթ, քթի խոռոչ և հավելյալ ծոցեր, որոնք նեղ բացվածքներով հաղորդակցվում են քթի խոռոչի հետ:

Արտաքին քիթը կազմված է ոսկրաճառային կմախքից՝ ծածկված մկաններով և մաշկով, աճառային մասն ապահովում է արտաքին քթի շարժունությունը: Քթի մաշկի հաստության մեջ կան ճարպաքթանցքերի շրջանում և քթի ծայրին: Քթի խոռոչի մուտքի եզրերին մաշկը 4-5 մմ տարածությամբ ծածկում է քթի նախադռան պատերը: Այսպես մաշկը ծածկված է մեծ քանակությամբ մազիկներով, որոնք տարածվում են մինչև մաշկի և լորձաթաղանթի միջև ընկած սահմանը:

Քթի խոռոչի ստորին պատը (կամ հատակը) կազմում են կարծր քիմքի ոսկրերը, իսկ վերինը (կամ տանիքը) մաղանման, նուրբ ոսկրաթիթեղ է (մաղոսկր), որի անցքերով անցնում են հոտառ. նյարդի ճյուղերը: Քթի խոռոչի աջ և ձախ մասերի ներքին պատը կազմվում է քթի միջնապատով, որի հետին մասը ոսկրային է, առաջայինը՝ աճառային: Կողմնային պատերին կան գրեթե հորիզոն. ուղղությամբ տեղադրված քթային խեցիներ (ստորին, միջին և վերին), որոնք քթի խոռոչի աջ և ձախ կեսերը բաժանում են քթային անցուղիների (վերին, միջին և ստորին): Վերին և միջին անցուղիների փոքր բացվածքներով քթի խոռոչը հաղորդակցվում է քթի հավելյալ ծոցերի հետ: Ստորին անցուղում գտնվում է մոտ 30 սմ³ է: Հայմորյան ծոցը հիշեցնում է եռակող բուրգ, որի ներսային պատը սահմանակից է քթի խոռոչին և ամենակարևորն է. այդ պատում կա քթի խոռոչի միջին անցուղու մեջ բացվող անցք: Հայորյան ծոցի հատակը շատ մոտ է վերին հետին ատամների արմատներին: Ճակատային ծոցը գտնվում է ճակատոսկրի մեջ, միջին ծավալը 3-5 սմ³ է, այն նեղ խողովակով՝ ճակատաքթային բացվածքով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ (քթի միջին անցուղում):

Ճակատային ծոցի ստորին պատը ծառայում է որպես ակնակապիճի վերին պատ: Միջնապատով աջ ճակատային ծոցը բաժանվում է ձախից, հետին պատով՝ ճակատային ծոցը գլխուղեղի ճակատային բլթից:

Մաղոսկրային ծոցերը կազմված են առանձին ոսկրային խորշիկներից և այդ պատճառով կոչվում են լաբիրինթոսներ: Մաղոսկրային լաբիրինթոսը սահմանակից է ակնակապիճի ներսային մասին, իսկ վերևում նուրբ ոսկրաթիթեղով բաժանված է գլխուղեղից:

Սեպոսկրային ծոցը գտնվում է գանգի սեպոսկրի մեջ և հետազոտությունների համար դժվարամատչելի է: Այն սահմանակից է կենսական կարևոր գոյացություններին (քնային զարկերակ, երակածոց, ակնային և եռվորյակ նյարդեր): Սեպոսկրային ծոցը և մաղոսկրայինի մի մասը բացվում են քթի վերին անցուղու մեջ:

Քթի խոռոչը ծածկված է թարթիչավոր էպիթելով պատված լորձաթաղանթով:

Վերին անցուղու, միջին խեցու վերին մասի և քթի միջնապատի հակադիր կողմի լորձաթաղանթի հատվածները կոչվում են հոտառական շրջան, քանի որ այստեղ է տեղադրված հոտառ. վերլուծիչի ընկալիչ ապարատը (տես Հոտառություն):