Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/746

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օ.վ-ման նպատակով օգտագործվում են ֆիզ. և քիմ. մեթոդներ: Ֆիզ. մեթոդներից առավել լայնորեն օգտագործվում են բակտերիասպան լամպերը, որոնց արդյունավետությունը կախված է լամպի հզորությունից և ճառագայթման տևողությունից: Այդպիսի դեպքերում հարկավոր է պահպանել զգուշություն, քանի որ անդրամանուշակագույն ճառագայթների երկարատև անմիջական ազդեցությունից (հատկապես մաշկի և հատուկ ակնոցներով չպաշտպանված աչքերի վրա) կարող են առաջանալ ախտաբան. երևույթներ:

Որպես քիմ. միջոցներ՝ օգտագործվում են գազանման նյութերը (էթիլեն օքսիդի, ֆորմալդեհիդի պատրաստուկներ): Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է ընդհատել աշխատանքը և դուրս գալ շենքից: Օ.վ. իրականացնող մարդիկ պետք է ունենան շնչառ. օրգանների, աչքերի և մաշկի հուսալի պաշտպան. միջոցներ: Լայնորեն կիրառվում են քիմ. աերոզոլային նյութերը:

Օ.վ-ման համար օգտագործում են մեծ քանակությամբ քիմ. նյութեր և դրանց լուծույթները (B-պրոպիոլակտոն, ջրածնի գերօքսիդ, կալցիումի հիպոքլորատի 1 %-անոց լուծույթ):

Օ.վ-ման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է հիգիենային տարրական կանոնների պահպանումից՝ բնակարանի խոնավ հարդարում, փոշու հեռացում, օդափոխություն:

ՕԴՈՐԱԿՈՒՄ, փակ շինություններում և փոխադրամիջոցներում տեխ. հատուկ հարմարանքների օգնությամբ մարդկանց համար օդի առավել նպաստավոր պայմանների ստեղծումն ու պահպանումը, ինչպես նաև տեխնոլոգ. գործընթացների, սարքավորումների և սարքերի կանոնավոր աշխատանքի, արվեստի ու մշակույթի արժեքների պահպանվածության ապահովումը:

Օ-ման համակարգն ընդգրկում է փոշուց օդի մաքրման, տաքացման ու սառեցման, խոնավացման ու չորացման, շարժման արագության ու ճնշման կարգավորման ինքնաշխատ միջոցներ:

Առանձին դեպքերում Օ-ման համակարգի օգնությամբ կարելի է նաև օդը հագեցնել բուրավետ նյութերով, չեզոքացնել տհաճ հոտերը (տես Հոտազերծում), կարգավորել իոնային կազմը, հեռացնել ավելցուկային ածխաթթուն, հարստացնել թթվածնով, կատարել օդի բակտերիային մաքրում:

Տարբերում են Օ-ման կենտր. համակարգեր, որոնք սպասարկում են, որպես կանոն, ամբողջ շենքը, և տեղային՝ նախատեսված 1 բնակարանի համար: Օգտագործում են օդի տարբեր տեսակի օդորակիչներ, որոնց կառուցվածքն ու հարմարանքները պայմանավորված են դրանց նշանակությամբ: Մինչև 25 մ² բնակտարածությամբ կենցաղային և ծառայական շենքերում հիմնականում օգտագործվում են սենյակային օդորակիչներ (լուսամուտներին տեղադրվող): Կենցաղում Օ-ման համար թողարկվում են նաև տարբեր սարքեր ու միջոցներ՝ օդափոխիչներ, խոնավացուցիչներ, իոնիզատորներ, հոտազերծիչներ (փոշեցրիչ բալոններ): Բնակելի շենքերում օդի լավագույն ջերմաստիճանը համարվում է ձմռանը՝ 20-22°C, ամռանը՝ 22-25°C, օդի հարաբեր. խոնավությունը՝ 30-60 %, օդի շարժման արագությունը՝ 0,25 մ/վրկ: Օդորակիչների օգտագործման ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ սենյակներում, որտեղ դրանք տեղադրված են, և բնակարանի մյուս մասերում ջերմաստիճանի տարբերությունը չգերազանցի 8-12°C, քանի որ խիստ տարբերությունը վտանգավոր է առողջության համար:

ՕՏԵՆԱ, տես Գարշահոտ հարբուխ:

ՕՁԵՐ, սողունների դասի կենդանիներ: Մարմինը երկարացած է՝ վերջույթներից զուրկ, պատված թեփուկներով ու եղջերային վահանիկներով: Օ-ի երկար, բարակ ծայրում երկճյուղ լեզուն հոտառության և շոշափելիքի օրգան է (երբեմն սխալմամբ անվանում են խայթ): Գանգի ոսկրերը միացած են շարժուն ձևով, իսկ ներքին ծնոտի աջ և ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, որի շնորհիվ Օ-ի բերանը լայն բացվում է, և կարող են կուլ տալ իրենցից 2-3 անգամ հաստ կենդանիներ: Գունավորումը խիստ բազմազան է և ներդաշնակ շրջապատի հետ: Օ. պարբերաբար մաշկափոխվում են: Օ. ապրում են խոտաբույսերի, թփուտների մեջ, ծառերի վրա, հողի ճեղքերում, քարերի տակ, երբեմն սողում են մարդկանց այգիներն ու բնակավայրերը: Լավ լողում են, կան ջրային տեսակներ (ծովային Օ.): Բազմանում են ձվադրմամբ կամ ձվակենդանածնությամբ, կենդանածնությամբ:

Բոլոր Օ. գիշատիչ են, սնվում են միայն կենդ. կերով (որդեր, միջատներ, ձկներ, երկկենցաղներ, թռչուններ, ոչ խոշոր կաթնասուններ), կուլ են տալիս ամբողջական: Որսին նախապես սպանում են՝ շուրջն օղակվելով ու ճնշելով կամ գլխին հարվածելով (ոչ թունավորները) և թունավորելով: Թունավոր Օ. ունեն թունավոր գեղձեր և ակոսավոր կամ խողովակավոր ատամներ, որոնցով թույնը ներարկում են զոհի մարմնի մեջ:

Ոչ թունավորների և թունավորների միջև արտաքին ցայտուն տարբերություն չկա: Միակ տարբերությունը թունավորների վերին ծնոտի վրա թունավոր ատամի առկայությունն է: Քանի որ հնարավոր չէ ստուգել Օ-ի թունավոր ատամի առկայությունը, ուստի խորհուրդ է տրվում նրանց չդիպչել և թույլ տալ, որ հանգիստ սողան: Ցանկալի է, որ այն բնակավայրերում, որտեղ Օ. կան, մարդիկ արտաքինից ճանաչեն և տարբերեն թունավորներին: Օ. (մոտ 3000 տեսակ) տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, սակայն