տեսանելի (լուսային) և ոչ տեսանելի (ենթակարմիր և անդրամանուշակագույն) ճառագայթներից: Լուսային ճառագայթներն ազդում են հիմնականում աչքի ցանցաթաղանթի վրա՝ առաջացնելով գունային զգացողություն: Ենթակարմիր ճառագայթները, թափանցելով օրգանիզմի հյուսվածքներ և օժտված լինելով ջերմային հատկություններով, բարձրացնում են մաշկի ճառագայթահարվող հատվածի ջերմաստիճանը: Անդրամանուշակագույն ճառագայթները թողնում են բարդ կենսբ. ազդեցություն (տես Արևայրուկ): Արևային լոգանքներն ընդունում են բժշկի թույլտվությամբ՝ մաշկի, հոդերի մի շարք հիվանդությունների, նյարդարմատաբորբի, նյարդաբորբի, ոսկրերի և հոդերի տուբերկուլոզի ժամանակ: Որպես կոփող միջոցներ դրանք կիրառվում են գրիպի, անգինայի, սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման համար: Հակացուցված են սուր հիվանդությունների, թոքերի, ստամոքսաղիքային քրոնիկ. հիվանդությունների սրացումների ժամանակ:
Արևային լոգանքները կարող են լինել ընդհանուր (ամբողջ մարմնի ճառագայթահարում) և տեղային (մարմնի որևէ հատվածի ճառագայթահարում): Արևի գումարային ճառագայթահարումը կազմվում է արևի ճառագայթների անուղղակի ազդեցությունից՝ ցրված ճառագայթումից (ստվերում), շենքերի պատերից, ցամաքի, ջրի մակերևույթից: Ցրված ճառագայթումը պարունակում է ավելի քիչ անդրամանուշակագույն ճառագայթներ, քան ուղիղը, և ավելի անվնաս է: Արևային լոգանքը (ուղիղ ճառագայթահարում) առողջ հասուն մարդիկ սկսում են 5 ր-ից և ամեն օր 5 ր ավելացնելով՝ հասցնում են մինչև 40-ի՝ հաշվի առնելով օրգանիզմի ընդհանուր վիճակը, մարզվածությունը և կոփվածության աստիճանը: Ցրված ճառագայթման ժամանակ լոգանքներն ընդունում են սկզբում 10 ր, աստիճանաբար տևողությունն ավելացնելով՝ շոգ եղանակին հասցնում 1-2 ժ: Արևային լոգանքներն ընդունում են թախտին պառկած կամ աթոռին նստած՝ մարմնի տարբեր կողմերը հաջորդաբար արևին պահելով: Նպատակահարմար է բուժարարողությունից առաջ ընդունել օդային լոգանք: Ուղիղ ճառագայթահարման ժամանակ անհրաժեշտ է գլուխը ծածկել հովանոցով կամ վահանակով, աչքերը պաշտպանել մուգ պաշտպան. ակնոցով: Խորհուրդ չի տրվում արևի լոգանք ընդունել քաղցած, սնվելուց անմիջապես առաջ և հետո: Լոգանքն ավարտում են ստվերում հանգստանալով, այնուհետև կարելի է լողանալ և ցնցուղ ընդունել: Լողանալուց անմիջապես հետո արևային լոգանք չի թույլատրվում: Առանձին հիվանդություններից թուլացած անձանց, ամբողջ օրը փակ շենքերում անցկացնող մարդկանց, դեռահասների, հղի կանանց և հատկապես փոքր երեխաների մաշկի զգայնությունն անդրամանուշակագույն ճառագայթների հանդեպ բարձր է:
Առանձնապես ուշադիր պետք է լինել երեխաների արևային լոգանքների ժամանակ: Երեխան պետք է կրի լայնեզր գլխարկ, շոգելիս չի կարելի միանգամից նրան մերկացնել, ցանկալի է, որ սկզբում երեխան լինի կիսավարտիքով ու թեթև վերնաշապիկով, այնուհետև կիսավարտիքով ու մայկայով, վերջում՝ միայն կիսավարտիքով ու լայնեզր գլխարկով: Լոգանքին պետք է հաջորդի հանգիստը (ստվերում), որն օգնում է խուսափել գերտաքացումից և անդրամանուշակագույն ճառագայթների անբարենպաստ ազդեցությունից (տես Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք): 55-65 տարեկան մարդկանց խորհուրդ է տրվում արևի տակ լինել 20-30 ր-ից ոչ ավելի, առավել տարիքավորները պետք է խուսափեն արևի ճառագայթների անմիջական ազդեցությունից: Նրանց համար օդային լոգանքներն ավելի օգտակար են ստվերում՝ մինչև առավոտյան ժամը 11-ը կամ ժամը 16-17-ից հետո: Անդրամանուշակագույն ճառագայթների չափավոր ազդեցությունից առաջանում է մաշկի հավասարաչափ արևայրուկ:
Չափից ավելի ճառագայթահարումն անբարենպաստ է ազդում օրգանիզմի վրա՝ա ռաջացնելով մաշկի արևային այրվածքներ (երբեմն՝ մեռուկացմամբ), արևահարություն, գրգռվածություն, հոգնածություն, գլխացավեր, անքնություն, ջերմաստիճանի բարձրացում, առանձին հիվանդությունների սրացում:
Օ. և ա. լ. ընդունում են ամռանը՝լողափերին հարմարեցված հատուկ շվաքարանների տակ, արևաբուժարաններում, օդաարևաբուժարաններում, որոնք տեղադրված են զբոսայգիներում, գետերի, ջրամբարների ափերին, հատուկ պատշգամբներում:
Ձմռանն առողջարաններում օդային լոգանքներն ընդունում են տաքացված կլիմայատաղավարներում, իսկ արևային լոգանքները՝ անդրամանուշակագույն ճառագայթները բաց թողնող հատուկ թաղանթով փակված պատշգամբներում:
Տես նաև Լուսաբուժություն:
ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, բնակելի շենքերում աստիճանաբար կուտակվում են մարդկանց նյութափոխանակության արգասիքները (ամոնիակ, ծծմբաջրածին ևն), ինչպես նաև կենցաղային գազի այրման արգասիքներ, սննդի պատրաստման ընթացքում առաջացած նյութեր: Բացի այդ, բարձրանում են օդի ջերմաստիճանն ու խոնավությունը: Ուստի աղտոտված օդի հեռացման և մաքուր օդով փոխարինման անհրաժեշտություն է առաջանում:
Օ. կարող է իրականանալ բնական եղանակով՝ պատերի անցքերով, լուսամուտախորշերի ճեղքերով, օդանցքներով և վերնափեղկերով՝ ներսի և դրսի օդի ջերմաստիճանների տարբերությունների շնորհիվ: Բայց այդպիսի Օ. մշտական չէ (կախված է քամու ուժից և ուղղությունից): Լավ Օ. իրականանում է միջանցիկ քամու շնորհիվ այնպիսի դեպքերում, երբ լուսամուտները գտնվում են շենքի հակադիր կողմերում: Ցուրտ եղանակին, մրսելուց խուսափելու նպատակով, սենյակն օդափոխում են մարդկանց բացակայության ժամանակ: Բնական Օ. ուժեղացնում են լուսամուտագոգի օդափոխիչ հարմարանքներով (լուսամուտագոգի խողովակներ), որոնք տեղադրվում են ջեռուցման սարքերի մոտ: Արտաքին օդը տաքանում է ջեռուցիչ սարքերի մակերևույթին, և կանխվում է բնակարանի ցրտեցումը: Աղտոտված օդը հեռանում է պատերի մեջ տեղադրված արտածծող խողովակների միջոցով: Հարմար է արհեստ. Օ., որի դեպքում թարմ օդի մուտքը և աղտոտված օդի հեռացումն իրականացվում են մեխ. եղանակով՝ օդափոխիչների և այլ սարքերի օգնությամբ: Արհեստ. Օ-յան առավել կատարյալ ձև է օդորակումը:
Տես նաև Բնակարան:
ՕԴԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ, շինությունների օդում առկա մանրէների ոչնչացումը: Լայնորեն օգտագործվում է արդ-յան տարբեր (օրինակ՝ սննդի, դեղագործ. և մանրէաբան.) ճյուղերում:
Օ.վ. պարտադիր միջոցառում է հիվանդանոցներում, վիրահատարաններում, ծննդատներում ու հետծննդյան հիվանդասենյակներում, նորածինների, վերակենդանացման ու այրվածքային բաժանմունքներում, վարակիչ հիվանդություններով, որոնց հարուցիչները կարող են փոխանցվել օդի միջոցով (օրինակ՝ գրիպ, դիֆթերիա, քութեշ, կարմրուկ, բնական ծաղիկ) հիվանդների մեկուսարաններում, մանրէաբան. լաբորատորիաներում, դեղատներում: Օդակաթիլային վարակիչ հիվանդությունների բռնկումների շրջանում Օ.վ. է կատարվում նաև հաս. նշանակության շենքերում: