Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/757

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևում է դեղնավուն մեռուկացած հյուսվածք՝ ֆուրունկուլի միջուկը, որը հետագայում թարախի ու արյան հետ պոկվում է, հյուսվածքի թերությունը փոխհատուցվում է հատիկավոր հյուսվածքի առաջացմամբ, 2-3 օր անց սկսում է ապաքինվել և ավարտվում է սպիանալով:

Չբարդացած ֆուրունկուլի ընթացքը տևում է 8-10 օր:

Ֆ-ի առաջացումը կարող է ուղեկցվել տեղային բորբոքային արտահայտված հակազդեցությամբ և համեմատաբար արագ ավարտվել կլինիկ. առողջացմամբ: Սակայն օրգանիզմի դիմադրողականության իջեցման ժամանակ հիվանդությունն ընթանում է թույլ բորբոքային հակազդեցությամբ, իսկ թարախը չափից ավելի կուտակվելիս կարող են առաջանալ միջուկի մեռուկային քայքայում և թարախակույտ: Դեմքի նույնիսկ փոքր ֆուրունկուլը, որպես կանոն, ուղեկցվում է առաջադիմող տեղային բորբոքմամբ և այտուցով, ընդհանուր ծանր ընթացքով: Այդպիսի դեպքերում արյան վարակման պատճառով ելքը կարող է մահացու լինել:

Անբավարար սննդի, վիտամինային անբավարարության հետևանքով թուլացած մարդկանց, վարակիչ հիվանդություններ կրած կամ քրոնիկ. հիվանդություններով ու նյութափոխանակության խանգարումներով (շաքարախտ) հիվանդների մոտ, ստամոքսաբորբի, հաստ աղիքի բորբոքման, երիկամաբորբի, սակավարյունության, խիստ ցրտահարության կամ ջերմահարության, ֆիզ. երկարատև հոգնածության, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների դեպքերում, ինչպես նաև ֆուրունկուլի սխալ բուժման ժամանակ կարող է առաջանալ Ֆ.:

Ֆ. կարող է ընթանալ սուր և քրոնիկ., լինել տեղային կամ տարածուն: Սուր Ֆ-ի ժամանակ ֆուրունկուլներն առաջանում են միաժամանակ կամ կարճ ժամանակամիջոցում, որը հաճախ ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Սուր Ֆ., որի ընթացքը սկզբում բավականին բուռն է, սովորաբար տևում է մի քանի շաբաթ, առավելագույնը՝ 1-2 ամիս: Նոր ֆուրունկուլներ հազվադեպ են առաջանում, դրանց չափերը փոքր են, չեն խորանում և արագ անհետանում են:

Քրոնիկ. Ֆ-ի ժամանակ ֆուրունկուլներն առաջանում են կրկնակի բռնկումներով. ամիսների ընթացքում ի հայտ են գալիս ոչ մեծ քանակությամբ մանր ֆուրունկուլներ, որոնք օրգանիզմի դիմադրողականության իջեցման հետևանքով ունեն ավելի ձգձգվող բորբոքային բնույթ: Ֆուրունկուլը և Ֆ. բուժում է բժիշկը: Չի թույլատրվում ինքնուրույն սեղմել, ծակել, կտրել ֆուրունկուլի գլխիկը, տաքացնող կոմպրես դնել, քանի որ դրանք ծանր բարդությունների պատճառ կարող են դառնալ:

Ֆ-ի դեպքում արգելվում է լողանալ: Լոգանք ընդունել կամ ցնցուղվել կարելի է միայն բժշկի խորհրդով: Ֆուրունկուլի շուրջ առողջ մաշկը հարկավոր է մաքրել քափուրի կամ սալիցիլային սպիրտով: Ածխաջրերի (քաղցրեղեն, թխվածք) օգտագործումը պետք է սահմանափակել, կծու կերակրատեսակները բացառել, ցանկալի է օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ:

Խորհուրդ է տրվում օգտագործել նաև գարեջրի թարմ կամ չոր խմորիչներ: Ֆ-ի ժամանակ պարտադիր է դրա առաջացմանը նպաստող հիմն. հիվանդությունների բուժումը:

Ֆ-ի կանխարգելումը. անձնական հիգիենայի կանոնների պահպանում, մաշկի մշտ. խնամք, մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ առաջացնող արտադր. վնասակար գործոնների վերացում, մանր վնասվածքների ժամանակին մշակում յոդի կամ ադամանդականաչի սպիրտային լուծույթով: Կարևոր է նաև օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը (տես Օրգանիզմի կոփում, Լողանալը, Օդային և արևային լոգանքներ):