ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն արյան մասին, ուսումնասիրում է արյունաստեղծ օրգանների կառուցվածքը և ֆունկցիան, արյան բաղադրությունը բնականոն և տարբեր հիվանդությունների պայմաններում: Ա. զբաղվում է արյունաստեղծման գործընթացների, դրանց կարգավորման մեթոդների, արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև արյան մակարդելիության հարցերով: Ա. սերտորեն կապված է բժշկության տարբեր բնագավառների, մասնավորապես, վիրաբուժության, թերապիայի, ուռուցքաբանության հետ: Այն կիրառում է հատուկ մեթոդներ, ինչպես նաև ժամանակակից դեղանյութեր ու դոնորային արյունից ստացված պատրաստուկներ: Արյան հետազոտությունների տվյալները խիստ կարևոր են գինեկոլոգ., վիրաբուժ., ներքին և վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար:
ՀՀ-ում Ա-յան զարգացումը կապված է 1947-ին Ռ. Յոլյանի նախաձեռնությամբ հիմնադրված Ա-յան և արյան փոխներարկման ԳՀԻ-ի (1990-ից՝ Ռ. Յոլյանի անվ. Ա-յան հանրապետ. գիտ. կենտրոն) հետ:
Ուսումնասիրվել են արյան փոխներարկման բուժիչ ազդեցության մեխանիզմները, արյան պահածոյման (Ռ. Յոլյան), պատերազմի ժամանակ ռազմադաշտային (շոգ կլիմայի) պայմաններում արյան պահպանման (Ռ. Պարոնյան) հարցերը: Կիրառվել են պենիցիլինը և գրամիցիդինը արյան պահածոյման ժամանակ (Ռ. Յոլյան, Մ. Բալասանյան): Առաջարկվել են լեյկոզների ախտորոշման ու բուժման արդյունավետ մեթոդներ (Հ. Պողոսյան), հետազոտվել դիակից վերցված պահածոյած ոսկրածուծի բջիջների կենսունակությունը (Ժ. Փխրիկյան, Ն. Քալանթար), թրոմբասթենիկ վիճակների պատճառագիտության, կլինիկայի ախտորոշման և բուժման (Ա. Իսահակյան), իմունաարյունաբանության (Վ. Ներին) հարցերը ևն: Պ. Ղազարյանի և աշխատակիցների կողմից պարզվել է երկգալար ՌՆԹ-ի կիրառման բարձր արդյունավետությունն իոնացնող ճառագայթահարման դեպքում: Արյան ծառայության պրակտիկայում կիրառելով դոնորային պլազմոֆորեզի մեթոդը՝ հնարավորություն է ստեղծվել պիտանիության ժամկետը կորցրած մեծ քանակությամբ արյուն օգտագործել որպես փոխներարկման լիարժեք նյութ (Մ. Նազարեթյան):
Վերջին տարիներին նկատելիորեն փոխվել են փոխներարկվող արյան և նրա բաղադրամասերի համար ընդունված ցուցումներն ու հակացուցումները: Ներկայումս անցել են բաղադրամասային բուժման, այսինքն փոխներարկվում են կա՛մ պլազման, կա՛մ էրիթրոցիտային, թրոմբոցիտային, լեյկոցիտային զանգվածը՝ ցուցումներին համապատասխան:
Ուսումնասիրվել են երկաթի անբավարարության հետ կապված սակավարյունության համաճարակաբանության հարցերը. մշակվել են դրանց կանխարգելման մեթոդներ:
Տես նաև Արյան փոխներարկում:
ԱՐՅՈՒՆԱԶԵՂՈՒՄ, արյան կուտակումը հյուսվածքներում, օրգաններում և մարմնի խոռոչներում:
Ա. առաջանում է արյան անոթի վնասման ժամանակ՝ ներքին արյունահոսության և արյան մակարդելիության խանգարման հետևանքով: Ա. կարող է նկատվել անոթի վնասվածքի, պատռվածքի, անոթի պատի ախտահարման (օրինակ՝ աթերոսկլերոզի դեպքում), թափանցելիության բարձրացման ժամանակ: Ա-ման շրջանում արյունը կարող է ներծծվել հյուսվածքների մեջ կամ կուտակվել սահմանափակ հատվածում և առաջացնել արյունային ուռուցք: Հյուսվածքների մեջ լցված արյունն առաջացնում է բորբոքային հակազդեցություն, ճնշում դրանք սնող մանր արյունատար անոթները, զգացող նյարդային վերջույթները և ցավ պատճառում: Մաշկի, ենթամաշկային բջջանքի արյունով ծծեցումը կարող է առաջացնել արյան ենթազեղում:
Փոքր Ա. լրիվ ներծծվում է, ավելի մեծերը ժամանակի ընթացքում աճում են միայն շարակցական հյուսվածքի, երբեմն՝ կրային աղերի նստվածքի հետ: Ա-ման վտանգավորության աստիճանը պայմանավորված է հիմնականում դրա տեղադրությամբ: Այսպես՝ գլխուղեղի հյուսվածքի նույնիսկ չնչին Ա. անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մկանների կամ հոդախոռոչների տարածուն Ա.: Որևէ խոռոչի մեջ գոյացած բավականին մեծ Ա. կոչվում է խոռոչային արյունահոսություն: Նման դեպքերում կյանքին վտանգ սպառնացող խանգարումները կարող են պայմանավորված լինել արյան մեծ կորստով (որովայնի խոռոչի Ա.), շնչառության խանգարմամբ (կրծքամզի խոռոչի Ա.), գլխուղեղի ճնշմամբ (ներգանգային Ա.):
Բուժումը որոշվում է Ա-ման տեղադրությամբ, բնույթով, ինչպես նաև Ա. առաջացնող պատճառով (տես Կաթված, Սալջարդ):
ԱՐՅՈՒՆԱԽԽՈՒՄ, արյան արտադրությունը շնչառ. ուղիներից: Հաճախ Ա. պայմանավորված է քաղցկեղի, տուբերկուլոզի, թոքի թարախակույտի, բրոնխալայնանքի, թոքի ինֆարկտի, թոքաբորբի, էխինոկոկոզի ժամանակ թոքերի ախտահարմամբ, ինչպես նաև սրտի արատի հետևանքով թոքերում առաջացած արյան կանգային երևույթներով: Ա-ման հիմն. պատճառը թոքերի անոթների ամբողջականության խախտումն է կամ դրանց պատերի թափանցելիության բարձրացումը:
Երբեմն առաջանում է, այսպես կոչված, կեղծ Ա., որը պայմանավորված է քթային արյունահոսություններով կամ լնդերի արյունահոսելիությամբ:
Ա-ման ժամանակ արտադրվում է արյան բծերով խորխ (այսպես կոչված՝ «ժանգանման խորխ» կամ «մաքուր արյունով թուք»): Մեծ քանակությամբ արյան արտադրությունը թոքային արյունահոսության արտահայտություն է: Ա-ման ժամանակ 1-ին օգնությունը հիվանդին բարձր, կիսանստած դիրք տալն է: Հիվանդին պետք է հանգստացնել, շարժվելն ու խոսելն արգելել, կրծքին սառցապարկ դնել և դիմել շտապ բժշկ. օգնության: ՚
ԱՐՅՈՒՆԱԿԼԱՆՈՒՄ, հեմոսորբցիա, օրգանիզմից թունավոր նյութերի հեռացման միջոց: Հատուկ սարքի միջոցով հիվանդի արյունն անցկացնում են, այսպես կոչված, կլանիչների (սորբենտներ) միջով, որոնք կլանում և ամուր պահում են արյան մեջ գտնվող թունավոր նյութերը: Որպես կլանիչներ օգտագործվում են ակտիվացրած ածուխը կամ իոնափոխանակային խեժերը: Ա. կիրառվում է թույներով, դեղանյութերով և այլ նյութերով թունավորումների, ինչպես նաև լյարդի ու երիկամների ծանր ախտահարումների դեպքում:
ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱԿԱՆ ՆԱԽԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, հեմոռագիկ դիաթեզ, հիվանդությունների խումբ, որը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ՝ մաշկի վրա, հոդերի խոռոչներում արյունազեղումների առաջացմամբ, արյունահոսությամբ (քթից, լնդերից, արգանդից, երիկամներից) և երկարատև արյունահոսությամբ՝ չնչին կտրած վերքից, ատամի հեռացումից ևն: Արյունազեղոներն ու արյունահոսությունն առաջանում են արյան մակարդելիության խանգարման և արյան անոթների պատերի թափանցելիության բարձրացման հետևանքով:
Ա.ն. կարող է լինել ժառանգ. և ի հայտ գալ արդեն մանկ. տարիքում (տես Հեմոֆիլիա) կամ ձեռքբերովի՝ դրսևորվում է ցանկացած տարիքում, հաճախ՝ որպես այլ