առանձնահատկություններից, աշխատողների (ուսանողների) ֆիզ. զարգացածությունից ու պատրաստվածությունից, աշխատանքային օրվա ընթացքում օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի փոփոխություններից, աշխատանքի (ուսուցման) սանհիգիենային պայմաններից:
Կողմնորոշող կարող են լինել 4 տեսակի աշխատանքների նկատմամբ մշակված տիպային համալիրները, որոնք տարբերվում են մկնային ուժի մեծությամբ ու ծավալով, ինչպես նաև նյարդահոգեկան լարվածությամբ: Դրանք են՝ 1. ֆիզ. որոշ լարվածութան հետ կապված աշխատանք, 2. ֆիզ. (միջին) և մտավոր համաչափ լարվածություն պահանջող աշխատանք, 3. մտավոր լարվածության հետ կապված աշխատանք, 4. հիմնականում նստած վիճակում կատարվող, ոչ մեծ ֆիզ. բեռնվածությունից նյարդային լարվածության գերակայումով աշխատանք: Մշակված է նաև կանգնած վիճակում աշխատողների համար վարժությունների հատուկ համալիր:
Տարբերում են աշխատանքի սկզբում կատարվող ֆիզկուլտուրային դադարներ և ֆիզկուլտուրային րոպեներ:
Ներածական մարմնամարզություն: Աշխատանքային օրվա սկզբում մարդու աշխատունակությունը մասամբ ընկած է լինում, և օրգանիզմն ամբողջությամբ աշխատանքի և արտադր. լավագույն ընթացքի մեջ ներգրավելու համար ժամանակ է պահանջվում: Ներածական մարմնամարզության ֆիզ. վարժությունները նպաստում են աշխատունակության բարձրացմանը և կայունացմանը՝ կանխելով վաղահաս հոգնածությունը: Ներածական մարմնամարզությունը սովորաբար անցկացվում է աշխատանքը (ուսուցումը) սկսելուց 10 ր առաջ՝ 5-7 ր տևողությամբ: Ընտրվում է հատուկ ֆիզ. վարժությունների համալիր, հաշվի են առնվում արտադր. շարժումների բնույթը, պարբերականությունը և աշխատանքի այլ առանձնահատկություններ:
Ֆիզկուլտուրային դադարը, ֆիզկուլտուրային րոպեն որպես ակտիվ հանգստի ձև, աշխատանքային օրվա կամ ուս. պարապմունքների ընթացքում կանխում են հոգնածությունը և պահպանում բարձր աշխատունակություն: Այն ներառում է 5-7 ր տևողությամբ մի քանի վարժություններ: Աշխատանքային օրվա ընթացքում ֆիզկուլտուրային դադարի ժամկետները սահմանում են՝ ելնելով աշխատանքային գործընթացի առանձնահատկություններից՝ ֆիզ., նյարդահոգեկան լարվածության աստիճանից, հոգնածությունը վրա հասնելու ժամանակից ևն: Արագ և ճիշտ հակազդեցություն, լարված ուշադրություն (օպերատորներ) պահանջող մասնագիտությունների դեպքում ֆիզկուլտուրային դադարները կարելի է անցկացնել օրը 1-3 անգամ՝ սովոր. խմբային մեթոդով: Մտավոր, ինչպես նաև թեթև ու միջին ծանրության ֆիզ. աշխատանքով զբաղված, այդ թվում աշխատանքային օրվա մեծ մասը կանգնած դիրքով աշխատողներին, երկարատև նստելուց, կանգնելուց, հարկադրական անհարմար աշխատանքային դիրքից, ուշադրության ու տեսողության խիստ լարվածությունից առաջացած հոգնածության նվազեցման նպատակով կարճատև ընդմիջումներին խորհուրդ է տրվում 2-3 ր տևողությամբ անհատ. ֆիզկուլտուրային դադարներ կամ ֆիզկուլտուրային րոպեներ:
Համալիրում ֆիզ. վարժությունները ցանկալի են պարբերաբար (10-14 օրը՝ 1 անգամ) փոփոխել, փոխարինել նորերով: Ա.մ-յան անցկացման ժամը սահմանվում է՝ ելնելով աշխատանքային օրվա կարգապահությունից: Ֆիզկուլտուրային դադարը պետք է կատարել աշխատանքային օրվա 1-ին կեսում մոտավորապես 3 ժ աշխատելուց հետո կամ 2-րդ կեսում: Եթե պայմանները նպաստավոր են, ապա կարելի է անցկացնել անմիջապես աշխատատեղում, ցանկալի է երաժշտության ուղեկցությամբ՝ նախապես շինությունն օդափոխելով: Մաքուր օդում կանոնավոր Ա.մ. բարձրացնում է օրգանիզմի ցրտադիմացկունությունը: Ռադիոյով տրվող Ա.մ. նախատեսված է քիչ շարժումներ կատարող մասնագիտության տեր մարդկանց համար (մտավոր, թեթև և միջին լարվածության ֆիզ. աշխատանք): Սակայն, կապված աշխատանքային օրվա սկզբի հետ, հաղորդման ժամը միաժամանակ բոլորին հարմար չի կարող լինել, ուստի խորհուրդ է տրվում այն ձայնագրել և կրկնել ավելի հարմար ժամանակ: Խորհուրդ չի տրվում Ա.մ. կատարել ճաշի ընդմիջմանը, ինչպես նաև պարապմունքներն անցկացնել 25°C ջերմաստիճանից և 70% խոնավությունից բարձր արտադր. շինություններում:
ԱՐՏԱՆԵՏՎԱԾ ԳԱԶԵՐ, գազային նյութերի խառնուրդ, որն առաջանում է ներքին այրման շարժիչներում՝ վառելիքի այրման ժամանակ: Շարժիչային տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաներ, ինքնաթիռներ ևն) արագ աճն առաջացրել է մթն. օդի զգալի աղտոտում, հատկապես քաղաքներում, ուր մշտապես ավելանում է ավտոմեքենաների քանակը: Ա.գ-ի կազմությունը կախված է վառելիքի տեսակից, աշխատանքի ռեժիմից, շարժիչի տիպից և վիճակից: Ա.գ. պարունակում են շմոլ գազ (մարդատար ավտոմեքենան արտանետում է 0,6-1,7 կգ/ժ, բեռնատարը՝ 1,5-2,8 կգ/ժ), ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ալդեհիդներ, օրինակ՝ մրջնալդեհիդ, կապար (էթիլացված բենզին օգտագործելիս), իսկ դիզելային վառելիքով աշխատող շարժիչների Ա.գ. նաև մուր: Վերը նշված նյութերից արեգակի անդրամանուշակագույն ճառագայթներով խթանվող բարդ լուսաքիմ. գործընթացների հետևանքով առաջանում են լուսաօքսիդանտներ, որոնց քանակը կախված է տարվա եղանակից, օրվա ժամանակից և այլ գործոններից: Օքսիդանտներն օդում պարունակվող օքսիդիչների (օզոն, ազոտի օքսիդներ, պերօքսոացիլնիտրատ ևն) գումարային կոնցենտրացիան է: Դրանց անգամ չնչին քանակները գրգռում են լորձաթաղանթները (հատկապես՝ աչքի), կարող են առաջացնել նաև շնչուղիների հիվանդությունների բարդություններ:
Ա.գ-ով առավել աղտոտված է նեղ, քամու միջոցով վատ օդափոխվող փողոցների և ինտենսիվ տրանսպորտի շարժումով քաղաքների, ինչպես նաև ավտոտնակների և տեխ. սպասարկման կայանների օդը, երբ չի պահպանվում շարժիչների աշխատանքի ռեժիմը: Ա.գ-ով զգալի աղտոտված մթնոլորտում երկար գտնվելու դեպքում կարող է առաջանալ թունավորում, որի ախտանշանների և 1-ին օգնության մասին տես Շմոլ գազ հոդվածում:
Ա.գ-ով մթնոլորտի աղտոտվածության դեմ պայքարի գործում մեծ նշանակություն ունի շարժիչների տեխ. վիճակի խիստ (ավտոմատ) հսկողությունը մեքենաների ուղերթի ժամանակ (շարժիչների ժամանակին նորոգում, կարբյուրատորների ճիշտ կարգավորում ևն), ավտոտնակներում 1-1,5 ր-ից ավելի շարժիչների աշխատանքի արգելումը, ներծծիչ-արտածծիչ օդափոխության տեղադրումը և դրա աշխատանքի խիստ հսկողությունը բոլոր այն շինություններում, որտեղ աշխատում են ներքին այրման շարժիչներ: Քաղաքների մթնոլորտում Ա.գ-ի կոնցենտրացիայի նվազմանը նպաստում են լավ օդափոխվող լայն փողոցների, ավտոմոբիլային ոլորապտույտ ճանապարհների կառուցումը, քաղաքի տարածքի բաժանումն առանձնացված բնակելի և արդ. միկրոշրջանների ևն: Օդի աղտոտման դեմ պայքարի հիմն. միջոցներից են ներքին այրման շարժիչների վառելիքի փոխարինումը, շարժիչների կատարելագործումը