Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թթվածնի կարիք ունեցող շարժուն Բ. (օրինակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի միջավայրի մակերևույթ, որտեղ լուծված թթվածնի քանակն առավելագույնն է: Կարելի է ենթադրել, որ ակտիվ շարժումն օգնում է ախտածին Բ-ին՝ մածուցիկ, լորձային արտազատուկների միջոցով թափանցել էպիթելային պատնեշով և տարածվել օրգանիզմի հեղուկների ու հյուսվածքների մեջ:

Քիմ. կազմությամբ Բ. չեն տարբերվում օրգանիզմի մյուս բջիջներից: Դրանց բջիջը պարունակում է ջուր (70-85%), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպային նյութեր, ամինաթթուներ, անօրգ. աղեր և այլ միացություններ: Բ-ի կենսագործունեությանը մասնակցում են ֆերմենտներ, որոնց մի մասը գործում է միայն բջջի ներսում (ներֆերմենտներ) և ապահովում սինթեզի, շնչառության ու այլ գործընթացները, մյուսները (արտաֆերմենտներ) Բ-ի կողմից արտադրվում են շրջակա միջավայր:

Բնականոն կենսագործունեության համար Բ. պետք է ապահովված լինեն ածխածնով և ազոտով: Որոշ տեսակներ (ինքնասուններ) օգտագործում են անօրգ. ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները (տարասուններ), որոնցից են ախտածին Բ.՝ օրգ. միացություններ: Տարասուն Բ. բաժանվում են սապրոֆիտների (սնվում են արտաքին միջավայրի օրգ. միացություններով) և մակաբույծների (ապրում են այլ օրգանիզմների հաշվին): Վերջիններին պատկանող ախտածին Բ-ի համար հեշտ յուրացվող ածխածնի (խաղողաշաքար և ամինաթթուներ) աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները: Որոշ Բ. յուրացնում են մթնոլորտի ազոտը, որն ազոտսևեռման գործընթացում փոխարկվում է ամոնիումային աղերի: Պահպանելով հողերի բերրիությունը և ապահովելով կենսոլորտում ազոտի շրջապտույտի համար անհրաժեշտ ռեակցիաների անընդհատությունը՝ ազոտսևեռող Բ. մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում:

Բ. բաժանվում են 3 խմբի՝ օդակյացներ, անօդակյացներ և պայման. (ֆակուլտատիվ) անօդակյացներ: Խիստ օդակյացները (օրինակ՝ կապտաթարախային ցուպիկները) կարող են զարգանալ միայն ազատ թթվածնի առկայության պայմաններում, իսկ գազային փտախտի (տես Անօդակյաց վարակ), փայտացման հարուցիչները զարգանում են առանց ազատ թթվածնի: Պայման. անօդակյացները (օրինակ՝ աղիքային վարակների հարուցիչները) զարգանում են ինչպես թթվածնի, այնպես էլ թթվածնազուրկ միջավայրում: Որոշ Բ. (ֆոտոսինթեզով) բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները (քեմոսինթեզող)՝ քիմ. ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգ. միացությունների (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր ևն) փոխարկումների էներգիան: Կենսագործունեության ընթացքում Բ. առաջացնում են զանազան կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ ֆերմենտներ, հակաբիոտիկներ, գունակներ, տոքսիններ ևն:

Բ. բազմանում են կիսման եղանակով, և առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ, ֆիզիոլոգ. առանձնահատկություններով ևն նման են մայրական բջջին: Արհեստ. պայմաններում Բ-ի աճեցման համար օգտագործում են սննդարար միջավայրեր, հիմնականում մսապեպտոնային արգանակ և մսապեպտոնային ագար, որոնցում բազմացման արագությունը շատ բարձր է: Մոտավորապես յուրաքանչյուր 20 ր-ում Բ. կիսվում են՝ առաջացնելով 2 դուստր բջիջներ: Հետևաբար, լավ սննդամիջավայրում աճեցվող Բ-ի 1 բջջից 10 ժ հետո կառաջանա 1000000000 սերունդ: Եվ եթե սննդարար միջավայրում բազմացումը սահմանափակ չլիներ, ապա 24 ժ հետո 1 բակտերիայից կստացվեր 1021 բջիջ՝ մոտ 4 հզ. տ զանգվածով: Իրականում սննդարար միջավայրում բջիջների կիսման մեծ արագությունը դիտվում է շատ կարճ ժամանակ, որովհետև միջավայրի սննդարար նյութերն արագ սպառվում են, և կուտակվում են Բ-ի վրա վնասակար ազդող փոխանակության արգասիքները: Ախտածին Բ-ի բազմացման արագությունն օրգանիզմում զգալիորեն փոքր է, քան արհեստ. սննդամիջավայրում:

Բ-ի կենսագործունեության վրա ազդում են ջերմաստիճանը, խոնավությունը, անդրամանուշակագույն և իոնացնող ճառագայթումը: Ցածր ջերմաստիճանների նկատմամբ Բ. կայուն են, որոշ տեսակներ կենսունակ են -190°C-ում, սպորները՝ նույնիսկ -253°C-ում, իսկ բարձրի նկատմամբ խիստ զգայուն են: Սպորներ չառաջացնող Բ. ոչնչանում են 60-70°C ջերմաստիճանում, սպորառաջացնողները՝ 100°C-ից բարձրում: Որոշ տեսակներ (օրինակ՝ գոնոկոկերը) արագորեն ոչնչանում են չոր պայմաններում, մյուսները շարունակում են ապրել: Օրինակ՝ դիզենտերիայի ցուպիկը չոր պայմաններում կենսունակ է մնում 7, դիֆթերիայինը՝ 30, բծավոր տիֆինը՝ 70, տուբերկուլոզինը 90 օր, սիբիրյան խոցի բացիլների սպորները՝ մինչև 10 տարի: Բ. զգայուն են անդրամանուշակագույն ճառագայթման, այդ թվում՝ արեգակի լույսի ուղղակի ազդեցության նկատմամբ: Կան կայուն տեսակներ, որոնք ապրում են ուրանային հանքաշերտերում, նույնիսկ միջուկային ռեակտորների ջրում՝ 2-3 մլն ռադ չափաքանակի դեպքում: Բակտերիասպան գործոնների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի գործն. մանրէաբանության և բժշկության մեջ: Որևէ օբյեկտի լրիվ մաքրումը կենսունակ միկրոօրգանիզմներից (ներառյալ վիրուսները, Բ. ու դրանց սպորները, սնկերը ևն) կատարվում է մանրէազերծման միջոցով, իսկ վարակազերծման դեպքում ազատվում են առավելապես ախտածին միկրոօրգանիզմներից: Մանրէազերծման ամենաարդյունավետ եղանակը բարձր ջերմաստիճանի (100°C և բարձր) ազդեցությունն է: Օգտագործվում են նաև իոնացնող ճառագայթներ: Իսկ վարակազերծման համար կիրառում են հականեխիչ դեղանյութեր՝ քիմ. հակամանրէային գործոններ, որոնք սպանում են Բ-ին (մանրէասպան ազդեցություն) կամ ընկճում դրանց կենսագործունեությունը (մանրէակասեցնող ներգործություն): Վարակազերծման համար օգտագործվող քիմ. միացությունները, օժտված լինելով բարձր հակաբակտերիային ակտիվությամբ, թունավոր են և չեն կարող կիրառվել բուժիչ նպատակով: Դրա համար պիտանի են հակաբակտերիային քիմ. բուժիչ միջոցները, որոնք ներգործում են Բ-ի վրա և որոնց որոշակի չափաքանակները թունավոր չեն հյուսվածքների կամ ամբողջական օրգանիզմի համար: Ուժեղ հակաբակտերիային միջոցներ են հակաբիոտիկները՝ բնական ծագման քիմ. բուժիչ պատրաստուկները, որոնք սինթեզվում են միկրոօրգանիզմների կողմից:

Քիմիաբուժության տես. հիմունքները և վարակիչ հիվանդությունների բուժման գործում դրանց գործն. օգտագործման հարցերը մշակել է (20-րդ դ. սկզբներին) գերմ. գիտնական Պ. Էռլիխը, որը հայտնաբերել է արսենի օրգ. միացությունները, որոնք ակտիվ են սիֆիլիսի բուժման համար (սալվարսան): Բացահայտվել են սուլֆանիլամիդային պատրաստուկները, որոնք խախտում են նուկլեինաթթուների սինթեզը բակտերիային բջջում:

Բ-ի հիվանդածնությունը. բնության մեջ հայտնաբերված մեծ քանակությամբ Բ-ի փոքրաթիվ մասն է ախտածին: Օրգանիզմի պաշտպան. պատնեշների հաղթահարումը, նրա հյուսվածքների մեջ ներխուժումը (ինվազիա) և թունավոր նյութեր արտադրելը (թունածնություն)