Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժերի ավելացման, հարմարվող. հնարավորությունների մարզման արդյունավետ միջոց է, իսկ հիվանդությունների առաջացման դեպքում այն նպաստում է ֆունկցիոնալ խանգարումների վերացմանը կամ նվազմանը: Հանքային ջրերով լոգանքներն 1-ին հերթին ազդում են սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա, նպաստում սրտի և անոթների մարզմանը, նյարդային գործունեության հավասարակշռությանը, նյութափոխանակության բնականոնացմանը, ներզատ. գեղձերի գործունեությանը: Ընդհանուր և տեղային հանքային լոգանքներն օգտագործում են սրտի և արյան անոթների, հենաշարժ. ապարատի (հոդեր, կապաններ, մկաններ), նյարդային համակարգի, գինեկոլոգ. և. այլ հիվանդությունների ժամանակ: Հանքային ջրերով ողողումները և ինհալացիան նշանակում են քթաըմպանի և վերին շնչուղիների, ոռոգումները՝ գինեկոլոգ., լվացումները և հոգնաները՝ ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ:

Ներընդունած հանքային ջուրն անմիջականորեն ազդում է բերանի խոռոչի, ստամոքսի և, հատկապես, 12-մատնյա աղիքի լորձաթաղանթների ընկալիչների վրա, ռեֆլեքսային ճանապարհով բնականոնացնում ստամոքսի հյութազատ. ֆունկցիան և նպաստում ավելորդ լորձի հեռացմանը: Հանքային ջրերի ըմպումը խթանում է նաև լեղագոյացումն ու արտազատումը, ազդում ընդհանուր նյութափոխանակության վրա:

Գործն. բժշկության մեջ, գլխավորապես արտաառողջավայրային պայմաններում, լայնորեն կիրառում են շշալցրած խմելու հանքային ջրերը, ինչպես նաև լոգանքների համար՝ ածխաթթվային, ծծմբաջրածնային, ռադոնային, ազոտային արհեստ. և այլ հանքային ջրեր:

Բ-ական առողջավայրերում օգտագործում են բնական ածխաթթվային, ծծմբաջրածնային, ռադոնային, ազոտասիլիցիումային տաք, օդային (նատրիումքլորիդային), յոդաբրոմային, ծովի և այլ ջրեր, ինչպես նաև աղի լճերի և լիմանների բնաղաջուրը:

Բ. նշանակում է բժիշկը, անցկացվում է նրա հսկողությամբ, հաճախ զուգակցվում ցեխաբուժության, կլիմայաբուժության, դիետաթերապիայի (տես Բուժական սնունդ) և բուժման այլ մեթոդների հետ: Այն լայնորեն կիրառում են նաև մի շարք հիվանդություններից և վնասվածքներից հետո՝ բժշկ. վերականգնման նպատակներով:

ՀՀ-ում բուժիչ հանքային ջրերի ուսումնասիրություններն սկսվել են 1921-ից: Կուրորտաբանության և ֆիզ. բժշկության ԳՀԻ-ում (հիմն. 1930-ին) ուսումնասիրվել են Արզնու, Ջերմուկի, Հանքավանի, Արարատի, Վանաձորի, Դիլիջանի բնական բուժիչ հանքային ջրերը, տրվել է ստորերկրյա հանքային ջրերի դասակարգումը, կազմվել են այդ ջրերի հանքավայրերի քարտեզներ, մշակվել են հանքային ջրերի ներքին և արտաքին օգտագործման տես. հիմքերը, մի շարք հիվանդությունների բուժման նպատակով՝ ընդհանուր և տեղային օգտագործման (լոգանքներ, ինհալացիաներ, ողողումներ) տարբերակված մեթոդներ: Դասակարգվել են նաև շշալցման համար պիտանի խմելու հանքային ջրերը:

ԲԱԿՏԵՐԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, մանրէաբանության բաժին: Ընդհանուր Բ. ուսումնասիրում է բակտերիաների կարգաբանությունը, ձևաբանությունը, կենսաքիմիան, գենետիկան, տարբեր սննդամիջավայրերում դրանց զարգանալու ունակությունները, սննդարար հիմնանյութերում առաջացած փոփոխությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը բակտերիաների վրա: Բժշկական Բ. ուսումնասիրում է մարդու ախտածին բակտերիաների հատկությունները՝ որպես վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, փոխազդեցությունները մակրոօրգանիզմների հետ, անջատման և որոշման մեթոդները: Տարբերում են նաև անասնաբուժ. կենդանիների վարակիչ հիվանդություններն ուսումնասիրող, սան., գյուղատնտ. և արդ. Բ.:

ԲԱԿՏԵՐԻԱԿՐՈՒԹՅՈՒՆ, տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն հոդվածում:

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ, միաբջիջ օրգանիզմների մեծ խումբ, ունեն պարզունակ բջջային կառուցվածք և լայնորեն տարածված են բնության մեջ: Բ. 1-ինը հայտնաբերել է հոլանդ. գիտնական Ա. Լևենհուկը (17-րդ դ.), իսկ կենսբ. հատկությունները և կենսոլորտում ունեցած դրանց նշանակությունը պարզելու ուսումնասիրություններն սկսվել են 19-րդ դ. կեսերին, ֆրանս. գիտնական Լ. Պաստյորի, գերմ. Ռ. Կոխի և անգլ. Դ. Լիստերի աշխատանքներով: Բ-ի մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգ. և օրգ. միացությունների քիմ. փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան: Բ. տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար: Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ Բ. մեծ նշանակություն ունեն կենսոլորտի ձևավորման և Երկրի վրա կյանքի պահպանման գործընթացներում: Վարակիչ հիվանդություններ առաջացնելու Բ-ի ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն: Որոշ Բ. պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից: Բ. լինում են գնդաձև (կոկեր), ցուպիկաձև (բացիլներ) և պտուտակաձև (վիբրիոններ, սպիրիլներ): Ցուպիկաձև Բ-ի երկար. 1-8 մկմ է, լայն.՝ 0,5-2 մկմ, գնդաձևերի միջին տրամագիծը 0,5-1 մկմ է, (1 մկմ-ը մմ-ի 1 հազարերորդական մասն է): Բ-ի հիմն. կառուցվածքային տարրերն են թաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև Բ. ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի քիմ. նյութերի և ջերմաստիճանի փոփոխություն ևն): Յուրաքանչյուր բակտերիա գոյացնում է 1 սպոր, հետևաբար սպորներ առաջացնելը ոչ թե բազմացման եղանակ է, այլ տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ: Սպորները տարբերվում են ձևով, չափերով, բջջում տեղադրությամբ: Ի տարբերություն վեգետատիվ բջիջների (որոնք կարող են բազմանալ), սպորները բնորոշվում են ճարպերի և ճարպանման նյութերի (լիպիդներ) ավելի բարձր և ջրի համեմատաբար փոքր պարունակությամբ, որի համար էլ խիստ կայուն են արտաքին ազդեցությունների (ջերմաստիճան, արեգակի լույս ևն) նկատմամբ, իսկ դա հնարավորություն է տալիս կենսունակությունը պահպանել երկար տարիներ: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են՝ առաջացնելով վեգետատիվ բջիջներ:

Շատ Բ. կարող են ակտիվորեն շարժվել մտրակիկների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ: Բ-ի ակտիվորեն շարժվելու ունակությունն օգնում է դրանց, հեղուկ մրջավայրի նյութերն ա-ագորեն կլանելուն: Շատ Բ. շարժվում են դեպի ավելի բարենպաստ միջավայրեր՝ հեռանալով իրենց վրա վնասակար ազդող նյութեր պարունակող շրջաններից (դրական և բացասական քեմոտաքսիս):