Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հակաբիոտիկներ, հորմոններ) արտադրության համար:

ԲԱԿՏԵՐԻՈՖԱԳ, բակտերիային վիրուս, որը, վարակելով բակտերիային բջիջը, բազմանում է նրա մեջ, հաճախ քայքայում, լուծում է այն: Բակտերիաների լուծման (լիզիսի) երևույթն 1-ին անգամ դիտել է ռուս մանրէաբան Ն. Գամալեան, 1898-ին: 1915-ին անգլ. բժիշկ Ֆ. Տուորտը նկատել է, որ ստաֆիլոկոկերի գաղութները (տես Բակտերիաներ) ինքնալուծվում են: Նա հայտնաբերել է, որ այդ գաղութների քամվածքում գոյություն ունի լուծող գործոն՝ վիրուս, որն ունակ է վարակելու բակտերիաները, բազմանալու դրանցում և քայքայելու: 1917-ին կանադացի գիտնական Ֆ. դը Էրելը դիզենտերիայով հիվանդի աղիքներից անջատել է համանման լուծող գործոն և այն անվանել բակտերիոֆագ՝ բակտերիաներ խժռող: Նա բացահայտել է, որ Բ. բակտերիաներից շատ փոքր է, խիստ մասնագիտացված, լիզիսի է ենթարկում միայն որոշակի տեսակի բակտերիաների: Հիվանդի օրգանիզմում այն ավելի շատ է արտադրվում առողջացման շրջանում: Նա նշել է նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Բ-ի դերի և դրանց նկատմամբ բնական իմունիտետի զարգացման մասին: Բ. կարևոր նշանակություն ունի մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման համար: Գործնականում անհրաժեշտ է Բ-ից պաշտպանել մանրէաբան. հակաբիոտիկների, վիտամինների, ամինաթթուների և այլ արտադրություններում գործածվող բակտերիաները, քանի որ Բ-երը հաճախ դառնում են բակտերիաարտադրողների ոչնչացման պատճառ: Բ-ի հայտնաբերումը և ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակակից մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի զարգացման վրա: Դրանք առավել պարզ կենսբ. օբյեկտներ են կենսբ. մակրոմոլեկուլների (տես Սպիտակուցներ, Նուկլեինաթթուներ), գենետիկ. կոդի, գեների արտահայտման (տես Գեն, Գենետիկա) մեխանիզմների վերլուծության համար: Բ. կիրառվում է որոշ վարակիչ հիվանդություններ (ժանտախտ, խոլերա, դիզենտերիա, որովայնային տիֆ ևն) ախտորոշելիս՝ ելնելով դրանց մասնագիտացված բնույթից: Բակտերիայի տեսակը որոշվում է՝ հիվանդ օրգանիզմից և շրջակա միջավայրի օբյեկտներից վերցված կուլտուրային հայտնի Բ. ավելացնելով: Երբեմն Բ-երը կիրառվում են վարակիչ հիվանդությունների բուժման, ինչպես նաև կանխարգելման նպատակով՝ ֆագականխարգելում:

ԲԱՂՆԻՔ, հատուկ սարքավորված շինություն, որը նախատեսված է մարմինը ջրով (տաք օդի կամ գոլորշու զուգակցմամբ) լվանալու համար: Հայտնի է եղել դեռևս հին ժամանակներից, միջնադարյան Հայաստանում Բ. եղել է նաև բուժման, հանդիպումների, մրցումների և ծիսակատարությունների վայր: Ճարտ. արժեք ունեն Գառնիի (2-3-րդ դդ.), Դվինի (6-7-րդ դդ.), Ամբերդի (10-11-րդ դդ.), Անիի Բագրատունիների պալատի (9-12-րդ դդ.) և Հոնենց տոհմի (12-13-րդ դդ.), Երևանի (13-19-րդ դդ), Գյումրու (19-րդ դ.) Բ-ները:

Բ-ների հիմն. ազդող գործոնը գոլորշին է (շոգեբաղնիք): Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ արյունատար անոթները լայնանում են, բարելավվում է մաշկի, մկանների, հոդերի, ներքին օրգանների արյունամատակարարումը, հաճախանում է սրտի կծկումների թիվը, արագանում է նյութափոխանակությունը, ավելանում թթվածնի հանդեպ պահանջը և ածխաթթու գազի հեռացումը: Ուժեղանում է քրտնագեղձերի և ճարպագեղձերի գործունեությունը, սկսվում է առատ քրտնարտադրություն, որը նպաստում է ոչ միայն մաշկի լավ մաքրմանը, այլև նյութափոխանակության արգասիքների արագ հեռացմանը: Շատ հետազոտողների կարծիքով, Բ-ում սրտի և թոքերի գործունեության ակտիվացումը նպաստում է սիրտանոթային և շնչառ. համակարգերի մարզմանը: Բ-ում գոլորշու ազդեցությունից մկանունքը թուլանում են, մկանային հոգնածությունն արագ վերանում է, և աշխատունակությունը վերականգնվում, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է հոգնածությունից մկաններում կուտակված կաթնաթթվի արագ հեռացմանը: Բացի այդ, բարձրացնելով նյութափոխանակության ուժգնությունը և առաջացնելով առատ քրտնարտադրություն, Բ. նպաստում է ճարպային կուտակումների նվազմանը: Ուստի կանոնավոր հաճախումները Բ. նպաստում են մարմնի քաշը կայուն պահելուն: Սակայն նիհարելու նպատակով Բ-ային արարողություն չի կարելի կատարել առանց բժշկի խորհրդի:

Առավել տարածված են ռուս. (գոլորշիով) և ֆինն. (չոր օդով՝ սաունա) Բ-ները: Դրանք տարբերվում են շոգեսենյակում օդի ջերմաստիճանով և խոնավությամբ: Եթե ռուս. Բ-ում ջերմաստիճանը հասնում է 55-60°C (առավելագույնը՝ 70°C), հարաբեր. խոնավությունը՝ 80-90 %, ապա սաունայում համապատասխանաբար՝ 70-90°C, 5-15%: Սաունայում բարձր ջերմաստիճանն ավելի տանելի է, քան գոլորշիով Բ-ում, որտեղ բարձր ջերմաստիճանից սահմանափակվում է քրտնարտադրությունը: Միևնույն ժամանակ, այդպիսի ջերմաստիճանը բարձրացնում է Բ-ային արարողության ազդեցությունը: Դրա համար ավելով շոգեհարվելը, ինչպես ռուս. Բ-ում, սաունայում խորհուրդ չի տրվում, քանի որ նման դեպքում, կապված մերսման և բարձր ջերմաստիճանի ազդեցության զուգակցման, ինչպես նաև խոնավության բարձրացման հետ, աճում է օրգանիզմի բեռնվածությունը: Սաունա հաճախելիս հարկավոր է մերսում կատարել անպայման շոգեսենյակից դուրս գալուց 10-15 ր-ից ոչ շուտ: Խորհուրդ չի տրվում նաև սաունայի շոգեսենյակում ջերմաստիճանը հասցնել 90°C-ից բարձր, թեպետ նշված է, որ վերականգնող. գործընթացների ուժգնությունը սաունայում պայմանավորված է բարձր ջերմաստիճանով:

Բ-ային արարողության բուժիչ հատկությունների արդյունավետ օգտագործումը պահանջում է որոշակի կանոնների պահպանում, այլապես այն կարող է անուղղելի վնաս հասցնել: Չի թույլատրվում Բ. հաճախել քաղցած կամ կուշտ կերած, ինչպես նաև անմիջապես քնելուց առաջ: Սաունայի շոգեսենյակ ցանկալի է մտնել չոր, իսկ ռուսականինը՝ նախապես տաք ջրով թրջված մարմնով: Գլուխը չպետք է թրջել: Չոր մազերը, ֆետրե կամ բրդե գլխարկը գլուխը պահպանում են ջերմահարությունից: Շոգեսենյակում մնալու տևողությունը խիստ անհատական է. նույնիսկ բացարձակ առողջ մարդկանց խորհուրդ չի տրվում սաունայում գտնվել 10 ր-ից, ռուս. Բ-ում՝ 5-7 ր-ից ավելի: Շոգեսենյակից դուրս գալու ազդանշանն առատ քրտնարտադրությունն է: Բ-ի սիրահարները, սովորաբար, շոգեսենյակից դուրս գալուց հետո, անմիջապես ջրցողվում են սառը ջրով: Դա լավ կոփող և մարզող միջոց է, սակայն նորեկներին խորհուրդ չի տրվում այն կատարել միանգամից: Սկզբում հարկավոր է ջրցողվել տաք ջրով և հետագա հաճախումների ժամանակ աստիճանաբար իջեցնել ջրի ջերմաստիճանը: Ի միջի այլոց, սառը ջրով ջրցողվելը պարտադիր չէ: Սենյակի ջերմաստիճանի սառը ջուրը բավարար հակադրական է շոգեսենյակի ջերմաստիճանին և կոփում է օրգանիզմը: Շոգեսենյակից դուրս գալուց հետո անհրաժեշտ է սավանով փաթաթվել և 10-15 ր հանգստանալ հանդերձասենյակում: Խորհուրդ չի տրվում հանգստանալիս ուտել ու խմել: Առատ քրտնարտադրությունից հետո, բնականաբար, առաջանում