է խմելու ցանկություն: Ծարավը հագեցնել կարելի Է սառը ջրով բերանը ողողելով, կարելի է կումերով խմել մի քիչ (մոտ՝ 1 բաժակ) ջուր կամ թեյ: Բ. հաճախելու օրը չի կարելի սովորականից ավելի ջուր խմել: Հաճախ այցելուները շոգեսենյակից դուրս գալուց հետո խմում են գարեջուր, որի մեծ քանակներն ավելացնում են սիրտանոթային համակարգի բեռնվածությունը և վերացնում Բ-ի բուժիչ արդյունքը: Հատկապես վտանգավոր է Բ. հաճախելուց առաջ և հետո ալկոհոլային խմիչքներ օգտագործելը:
Բ-ի սիրահարները սովորաբար շոգեսենյակ են մտնում մի քանի անգամ: Դա այնքան էլ վնասակար չէ, սակայն օրգանիզմը ծանրաբեռնելու հարկ չկա: Նորեկներին խորհուրդ է տրվում շոգեսենյակ մտնել 2 անգամից ոչ ավելի:
Չնայած մի շարք բուժիչ հատկություններին՝ Բ. օգտակար է ոչ բոլորին: Բ-ից պետք է խուսափեն սուր շնչառ. հիվանդություններով տառապողները, իսկ տարեց և գեր մարդիկ նախապես պետք է խորհրդակցեն բժշկի հետ: Վահանագեղձի հիվանդությամբ, հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևերով, սրտի և գլխուղեղի արյան անոթների արտահայտված աթերոսկլերոզով, սրտի արատով և որոշ այլ հիվանդություններով տառապողները Բ. պետք է հաճախեն միայն բժշկի թույլտվությամբ:
ԲԱՆԴԱԺ, աղեկապ, հարմարանք, որի օգնությամբ կանխում են որովայնի խոռոչի օրգանների արտանկումը ճողվածքային դռներով, ամրացնում որովայնային մամլակը և բնականոն դիրքում պահում իջնող ներքին օրգանները:
Ըստ նշանակության՝ տարբերում են կանխարգելիչ (բանդաժ-որովայնակալ, նախածննդյան և հետծննդյան), բուժիչ, ինչպես նաև ճողվածքային Բ-ներ:
Կանխարգելիչ Բ. խորհուրդ է տրվում կրել հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո՝ կապված որովայնի (հատկապես թուլացած մկանունքով կանանց) պատի չափից ավելի ձգվածության հետ: Օգտագործում են նաև որովայնի խոռոչի ծավալուն վիրահատությունների դեպքում՝ որովայնի պատի ճողվածքը կանխելու նպատակով:
Նախածննդյան Բ. լայն, կողքից կոճկվող, ամուր գործվածքից պատրաստված գոտի է: Չափսը ընտրում են կոնքի շրջագծի երկարությամբ, քուղերի օգնությամբ այն կարելի է ավելացնել՝ պտղի մեծությանը համապատասխան: Բ. հագնում են առավոտյան, անկողնում պառկած՝ կոնքը թեթևակի բարձրացնելով: Քուղերը կապում են ներքևից՝ որովայնը չափից ավելի չձգելով: Ճիշտ հագած Բ. հարմար է, թեթևացնում է քայլելը (նկ. 1): Հետծննդյան Բ. նախածննդյանից երկար է: Այն նույնպես հագնում են անկողնում պառկած: Կարելի է կրել 3 ամսից ոչ ավելի, որպեսզի որովայնի մկանները չթուլանան:
Բուժիչ Բ. օգտագործում են բժշկի նշանակմամբ՝ ներքին օրգանների (օրինակ՝ ստամոքսի, աղիքների, երիկամների) իջվածքի ժամանակ: Դա, այսպես կոչված, ցածր Բ. է: Դրանք պատրաստվում են հատուկ արհեստանոցներում, անհատ. պատվերով: Որովայնի կամ գոտկատեղի որևէ հատվածի վրա Բ-ի սեղմումը կարելի է ուժեղացնել լրացուցիչ քուղերով և ռետինե երիզներով: Բ. հագնում են պառկած՝ կոնքը բարձրացնելով: Բուժիչ Բ. պահանջում է բժշկ. խիստ հսկողություն՝ կապված շփաբորբի, պառկելախոցերի, շնչառության դժվարացման հնարավոր առաջացման հետ:
Ճողվածքային Բ. կրում են միայն ուղղվող ճողվածքների ժամանակ՝ որոշակի ժամկետում, երբ այս կամ այն պատճառով վիրաբուժ. միջամտությունն անհնար է: Ճողվածքային Բ. (նկ. 2) փափուկ կաշվից կարած, ճողվածքային դռների վրա սեղմող պողպատե զսպանակավոր թիթեղ է՝ հատուկ բարձիկներով: Տարբերում են աջակողմյան, ձախակողմյան և երկկողմանի Բ-ներ: Դրանք ընտրում են անհատականորեն, բժշկի հսկողությամբ: Բ. հագնում են միայն պառկած՝ ճողվածքի արտափքվածքն ուղղելուց հետո:
ԲԱՆԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ, գործն. բժշկության մեջ լայնորեն կիրառվում է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը: Ուստի անհրաժեշտաբար ստեղծվել է պահածոյած հյուսվածքների և օրգանների պաշար, որը կարելի է օգտագործել ցանկացած ժամանակ: Գոյություն ունեն հատուկ «հյուսվածքների բանկեր», որտեղ ստեղծվում և պահվում են փոխպատվաստման համար նախապատրաստված օրգաններ և հյուսվածքներ: Փոխպատվաստման որոշ անհրաժեշտ պայմաններ (դոնորի և ընդունողի հյուսվածքների համատեղելիությունը) ստիպում են հյուսվածքները և օրգանները դասակարգել, որպեսզի դրանք փոխպատվաստվեն միայն համապատասխան ընդունողին: Հենց այս խնդիրներն է լուծում Բ.հ.:
Բ.հ. սովորաբար կազմակերպվում են խոշոր քաղաքներում: Դրանք կապված են բազմաթիվ բժշկ. հիմնարկների հետ, որտեղ կատարվում են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում: Առավել խոշոր են միջազգային Բ.հ., որոնք և ապահովում են մի քանի պետությունների պահանջները:
Տես նաև Փոխպատվաստում օրգանների և հյուսվածքների:
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ, սննդի մեջ օգտագործվող մշակաբույսեր: Ենթաբաժանվում են հետևյալ խմբերի՝ տերևաբանջարներ (կաղամբ, սպանախ, մաղադանոս, գինձ, կոտեմ ևն), պտղաբանջարներ (լոլիկ, տաքդեղ, սմբուկ, վարունգ, սեխ, ձմերուկ, դդում, դդմիկ, բամիա ևն), արմատապտուղներ (գազար, ճակնդեղ, բողկ, ամսաբողկ, շաղգամ), սոխուկավորներ (սոխ, սխտոր ևն): Հասուն մարդու ամենօրյա սննդի օրաբաժնում դրանց քանակը պետք է լինի 600 գ-ից ոչ պակաս: Բ-ի բաղադրությունը և սննդային արժեքները տարբեր են (տես Սնուցում)՝ կախված տեսակից, աճեցման պայմաններից ևն:
Բ. ավելի քիչ սպիտակուցներ և ճարպեր է պարունակում, քան կենդ. ծագում ունեցող սննդամթերքը: Բ. պարունակում է ածխաջրեր, վիտամիններ, ալկալիական բնույթի հանքային նյութեր, օրգ. թթուներ: Բ-ի ֆիզիոլոգ. կարևորագույն հատկանիշներն են ախորժաբերությունը, մարսողությանը և աղիքների ու դրանց միկրոֆլորայի գործունեության կարգավորմանը նպաստելը: Խոհարար. մշակման