Jump to content

Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԱՆՀՈՒՆԸ

                       (Լեոպարդիից)

Սիրել եմ միշտ այս բըլրակ
Եվ այս տունկեր, որ իմ աչքից
Խլում են հեռու կամարն երկնից։
Երբ նայում եմ նստած մենակ
Այս ամենին, ես այն հեռուն
Եմ երազում, ուր լռություն
Ու քաղցր հանգիստ սպասում են ինձ,
Եվ աներկյուղ, և անթախիծ։
Բայց երբ քամուց տերևների
Շրշյունն է ինձ մեկ էլ հասնում,
Այն լռությունն անխզելի
Մտքիս մեջ է պատկերանում։
Անհունի մեջ ես խորասույզ
Դարերն այնժամ բերում եմ միտ,
Հիշում եմ և խըռովահույզ
Ապրողներին հիմա անմիտ։
Եվ իմ հոգին անվախճանի
Ծոցումն հալվում է ընկղմած.
Ո՜հ, թե ինձ այս օվկիանի
Գիրկն ընդուներ համատարած…
1889


                   (Լեոպարդիից)

Սիրո ցընորքնե՛ր, վսե՛մ երազներ…
Նոքա հոյակապ գործի են պատճառ.
Եվ գեղաժպիտ կուսի հրապույրներ
Տալիս են նոցա միշտ կյանք ծաղկավառ։

Բայց և նա բնավ սեր չէ ճանաչում,
Ում սիրտը երկչոտ մնում է քընած,
Երբ ահեղ մրրկից երկինքն է գոչում
Եվ դիզանում են ալիք կատաղած…