Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երբ ամպերի մեջ կորած լեռներին
Զարկում են ուժգին հըրեղեն շանթեր,
Միայն խանդավառ ազատ աչերին
Պատկերանում է ցընորք անվեհեր։
Ո՛վ կանայք, ով որ ստորոգությամբ
Ծունկ է խոնարհում չար բախտի առաջ,
Ով որ լռում է, ըստրուկ զգացմամբ,
Երբ հայրենիքի բաժինն է հառաչ,
Ով երկչոտությամբ փախչում է դաշտից,
Ուր որ պողպատի ցոլում են սրեր,
Եվ չուզե զրկվիլ անփառք հանգստից,—
Ո՛հ, նա չգիտե սիրել ձեզ, կույսե՛ր։
Երբ նա ձեզ մոտ գա՝ աղերս շրթունքին,
Հեռացեք դուք լուռ արհամարհանքով.
Թուլամորթ, ըստոր, երկչոտ ստրուկներին
Դուք մի՛ պսակեք սիրո պսակով։
1889
|
|
ԳԵՐԻ ԱՐԱԳԻԼԸ
(Արանիից)
Գերի արագիլն, ինչպես բանտարկված,
Բարձր պարսպի հետևն է փակված.
Կուզեր նա թռչել ու անցնել ծովեր,
Բայց, ափսո՛ս, խեղճի խուզած են թևեր։
Եվ ըզգում է նա յուր անզոր վիճակ
Ու պահում գըլուխը թևերի տակ.
Կուզեր մտիկ տալ, բայց, ավա՜ղ, ինչի՞ն —
Բարձր պատերն են կանգնած առաջին։
Կարող է տեսնել նա երկնակամար
Յուր մութ, նեղ բանտից, բայց ինչո՜ւ համար…
Այնտեղ թռչում է ազատ կարավան,
Ինքը՝ մատնված դառըն գերության։
|
|