Jump to content

Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դամոնն ասաց. «Պատրաստ եմ ես մեռնելու,
Կյանքիս խնայել ես չեմ խնդրում քեզանից.
Սակայն թե շնորհ պիտի անես երբեք ինձ,
Գեթ երեք օր ժամանակ եմ հայցելու,
Գընամ քրոջս յուր փեսային հանձնելու։
Բարեկամիս թողնում եմ քեզ գրավական,—
Թե չըդառնամ՝ իմ տեղ սպանի՛ր դու նորան»։

Եվ գոռ արքան մի նենգ ժպիտ երեսին
Փոքր-ինչ խորհեց, ապա դարձավ ու ասաց։
«Ես քեզ կըտամ երեք օրն այդ քո խնդրած,
Բայց պայմանի եթե օրերըն անցնին,
Եվ ետ եկած դեռ չըլինիս դու կրկին,
Նա, իմացի՛ր, քո փոխարեն կըմեռնի,
Իսկ քո պատիժն՝ այնուհետև կըներվի»։

Եվ նա եկավ յուր մտերմին. «Ինձ արքան
Հըրամայեց, որ իմ մահվամբ խաչի վրա
Քավեմ հանդուգն այն խորհուրդն որ հղացա.
Բայց շընորհեց երեք ավուր ինձ պայման,
Որ կատարեմ քրոջս հանդեսն հարսնեկան։
Արդ դու մնա՛ որպես պատանդ արքային,
Մինչև ես գամ և վերջ տամ քո կապանքին»։

Հավատարիմ ընկերն նորան լուռ գրկեց
Եվ գնաց, հանձնեց բռնակալին նա իրան.
Մյուսն այնտեղից իսկույն բռնեց յուր ճամփան։
Եվ հենց երրորդ արշալույսը կարմըրեց
Շտապով քըրոջն յուր փեսային հասցըրեց
Ու շուտ ընկավ, տագնապ սրտում, նա ուղի,
Որ պայմանով որոշված ժամը չանցնի։

Տեղատարափ ահա անձրև երկնքից.
Եվ թափվում են սարից ջըրեր հորդառատ,
Մըռնչում են վըտակներ ու հեղեղատ։
Նա ցուպ ձեռին հասավ գետը փրփրալից,–
Հորձանքն ահեղ պոկեց կամուրջն ափերից,
Եվ ալիքներն որոտընդոստ փշրեցին
Մեծ ճայթյունով կամարները կամրջին։