Եվ երեքին գլորում է նա գետին
Հըզոր բազկով և փախցընում մյուսներին։
Կիզիչ արևն արդեն խանձում է երկիր,—
Եվ ուժասպառ, ճանապարհից ջարդըված.
Կանգ է առնում ու կանչում է նա աստված.
«Ո՛հ դո՛ւ, որ ինձ չար ձեռներից փրկեցիր
Եվ կատադի այն հեղեղիցն հանեցիր,
Ո՛հ դու և այժմ ինձ մի մատնիլ կորստյան.
Բարեկամիս պատճառ չլինիմ թող մահվան»
Բայց ականջ դի՛ր, ահա բխում է վըտակ
Այնտեղ մոտիկ, մեղմ կարկաչով արծաթի,
Եվ նա կանգնում, լսում է ձայնն անձկալի,
Եվ տե՛ս, ժայռից խոխոջելով ու արագ
Թափվում է ջինջ մի կենսատու աղբերակ.
Եվ նա ուրախ խոնարհում է դեպի ցած,
Զովացընում է յուր մարմինը թալկացած։
Արեգակը սաղարթների ետևից
Խիտ ծառերի հսկա ստվերներն է սփռում
Սարերի վրա կանաչափայլ, վառվռուն։
Երկու ճամփորդ գնում են նորա առաջից,
Եվ ըշտապով կամի անցնել նոցանից
Ու լըսում է, որ խոսում են յուր առաջ.
«Այժըմ արդեն նորան պիտի հանեն խաչ»։
Եվ երկյուղից արագ փոխում է քայլեր
Եվ անհանգիստ հառաչում է տագնապով.
Լուսավորված վերջալույսի շողերով
Սիրակուսան ցուցնում է յուր կատարներ.
Ֆիլոստրատոս, որ Դամոնի տընպահն էր
Հավատարիմ. ահա ելավ նրա դիմաց
Եվ յուր տիրոջը ճանաչեց սարսափած։