Քա՛ջ դու, սիրտ առ ու հոգի —
Հրաշքո՜վ կբացվի քո առաջիդ
Սիրուն աշխարհն հրաշալի։
1895
ՊՈԼԻԿՐԱՏԵՍԻ ՄԱՏԱՆԻՆ
(Շիլլերից)
Տանիքի վերա նա բարձր կանգնած
Նայում էր, հոգին հրճվանքով լցված,
Իրեն հպատակ շքեղ Սամոսին։
«Հնազա՛նդ է ինձ այս ամենը, տե՛ս.
Խոստովանի՛ր, որ երջանիկ եմ ես»,—
Նա Եգիպտոսի ասաց արքային։
«Վայելում ես դու երկնից շընորհներ —
Ահա վաղեմի քո բախտակիցներ
Քո գայիսոնի ուժիցն ընկճվեցան։
Բայց կա վրիժառու մեկը տակավին.
Եվ մինչ կենդանի է քո թշնամին,
Երջանիկ քեզ չի՛ ասիլ իմ բերան»։
Եվ դեռ չէր արքան յուր խոսքն ավարտած,
Ահա Միլետից հրեշտակն ուղարկված
Եկավ, ավետիք բերեց իշխանին.
«Թող, տե՛ր, բորբոքվի զոհերի ճենճեր,
Եվ դալարագեղ զվարթ դափնիներ
Հյուսվին փառավոր պըսակ քո գլխին։
«Տիգահար արդեն ընկավ թշնամիդ.
Հաղորդում է այս լուրն ուրախառիթ
Պոլիդորն ազնիվ, զորավարըդ քաջ»։
Ասում է, բանում նա մի սև անոթ,–
Եվ արյունաթաթախ գըլուխը ծանոթ
Սոսկալով տեսան նրանք իրենց առաջ։