Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ սարսուռ զգաց, նահանջեց արքան.
«Բայց մի՛ հավատար դու երջանկության»,–
Մտահոգ ասաց յուր բարեկամին.
«Հարուստ նավերիդ — այդ մի՛ մոռանա —
Բախտըն է լողում նենգ ալյաց վերա.
Կըփշրե՛ նոցա փոթորիկն ուժգին»։

Եվ հազիվ թե նա յուր խոսքն ավարտեց,
Մի ուրախ գանչյուն նորան ընդհատեց,
Որ ծովեզերքից հասավ թնդալով.
Ծանրացած գանձով օտար աշխարհի
Դառնում են ահա երկիրն հայրենի
Նավերն՝ իբր անտառ խիտ–խիտ կայմերով։

Ապշեցավ մընաց ու ասաց արքան.
«Հաջողում է քեզ այսօր ամեն բան.
Բայց ըզգուշացիր հեղհեղուկ բախտից —
Ահա կրետացվոց գնդեր զինավառ
Պատրաստում են արդ վըտանգ քեզ համար,
Արդեն հեռու չեն նոքա այս ափից»։

Եվ խոսքը բերնից դեռ նոր դուրս եկած՝
Տեսան նավերի դրոշները պարզած.
«Հաղթությո՜ւն»,—հազար ձայներ գոչեցին —
«Այլևս թշնամու չըկան արհավիրք.
Կրետացիներին ցրվեց փոթորիկ,
Եվ հասավ վախճան գոռ պատերազմին»։

Սարսափով լսեց հյուրն այս ավետիք.
«Իրավ, պիտի քեզ ասեմ երջանիկ։
Վախենում եմ սակայն ես կյանքիդ համար.
Աստվածոց նախանձն ահռելի է միշտ,
Եվ ուրախություն ոչ երբեք անվիշտ
Հողածնի բաժին տեսել է աշխարհ։

«Հաջողվում էր միշտ ի՛նձ ևս ամեն բան.
Բոլոր գործերումս ինձ միշտ անբաժան