Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասպարիզում: Բայց բօլշեւիկները չհասկացան այդ, որոնեցեին հակայեղափոխութիւն այնտեղ, ուր նա չկար ու իրանք իրանց դէմ զինեցին ժողովուրդը:


Փետրւարեան ապստամբութիւնը — բօլշեւիկների գործն էր ամբողջովին, բնական հետեւանք նրանց բռնութիւնների ու՝ մանաւանդ՝ անվերջ բռնագրաւումների, որ քանդում էին ժողովրդական տնտեսութեան վերջի մնացորդները, զրկում էին սովահար մարդկանց վերջի կտոր հացից:


Դաշնակցութիւնը ոչ միայն չի կազմակերպել, ոչ միայն չի ցանկացել, այլ եւ հակառակ է եղել ապստամբութեան:


Գիտեմ, որ ապստամբութեան նախօրեակին, մի քանի անհատ դաշնակցականներ, մի քանի գիւղերում (մասնաւորապէս՝ Կոտայքում) որոշ մասնակցութիւն են ունեցել նախապատրաստութիւնների մէջ: Բայց սա, կուսակցութեան գործը չէր, այլ կուսակցական անհատների: Ապստամբութիւնը բռնկւելուց յետոյ էր միայն, որ կուսակցութիւնը հրապարակ եկաւ: Այս անգամ եւս նա տարւեց մասսայական հոսանքով ու գլուխ անցաւ մի շարժման, որի հեղինակը ինքը չէր:


33. Ապստամբութիւնը դուրս քշեց բօլշեւիկներին Հայաստանի կենտրոնից դէպի ծայրագաւառներ ―, դէպի Շարուր ու Ղազախ: Անմիջապէս հաստատւեց «Հայրենիքի փրկութեան կօմիտէն», որ իր ձեռն առաւ երկրի իշխանութիւնը ու վարեց կռիւները:


Ամիս ու կէս տեւեց քաղաքացիական պատերազմը:


Մեր շարքերում տարածւած է այն համոզմունքը, թէ ապստամբ ժողովուրդը լաւ կռւեց ու եթէ յաջողութիւն չունեցաւ, պարտւեց — պատճառը բօլչեւիկների գերազանցօրէն մեծ ոյժն էր: Ես հակառակ կարծիքի եմ: Լաւ կռւեցին, իսկապէս հերոսաբար կռւեցին՝ բօլշեւիկները․ իսկ մերոնք վատ կռւեցին: Եթէ լաւ կռւէին, առաջին իսկ շաբաթւայ ընթացբում կջարդէին հակառակորդին թէ՛ Ղամարլուի եւ թէ՛ Ելենօվկայի ճակատներում (հակաբօլշեւիկեան Վրաստանը դեռ կանգուն էր, դրսից օգնութիւն դեռ չէին ստացել բօլշեւիկները ու իրենց սեփական ոյժը շատ աննշան էր Հայաստանում): Վատ կռւեցին ոչ այն պատճառով իհարկէ, որ չէին ուզում կռւել (եթէ չուզենային՝ չէին ապստամբի եւ տեղի չէր ունենայ այն ընդհանուր, անօրինակ խանդավառութիւնը, որին ականատես եղանք Երեւանում, ապստամբութեան առաջին օրերին)․ այլ այն պատճառով, որ վստահութիւն չունէին իրանց ոյժերի վրայ, չէին հաւատում յաջողութեան:


Ապստամբութիւնը — ջղացնցում էր, տարրերային, անգիտակից ու անհաշիւ: Բռնկւեց յանկարծակի, մի վայրկեան յայտ բերեց մեծ ոգեւորութիւն ու ոյժերի լարում, բայց իսկոյն իջաւ, յուսալքւեց գոլորշիացաւ:


Չեմ ուզում ասել, որ եթէ ապստամբները լաւ կռւէին, կխորտակէին