Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մենք որոշ շանսեր ունէինք՝ թուրքերին խօսք հասկացնելու:


Պէտք է յիշել ու հաշւի առնել, որ 1920 թ. աշնանը մենք բոլորովին quantity negligeable (արհամարհելի մեծութիւն) չէինք թուրքերի աչքում: Նախորդ երկու տարիների զուլումը անցել էր արդէն կամ անցնելու վրայ էր. ժողովուրդը մի քիչ կշտացել էր արդէն, մի քիչ հանգստացել, կազդուրւել- ունէինք բանակ, որ լաւ զինւած էր անգլիական զէնքերով ու մաքուր հագնւած անգլիական հագուստներով- ունէինք բաւականաչափ ռազմապաշար- մեր ձեռին էր Ղարսի պէս կարեւոր բերդը վերջապէս — եւ որ ամենից ցուցադրելին էր — հրպարակում կար Սեւրի դաշնագիրը, որ այն ժամանակ վարկաբեկւած մի թղթի կտոր չէր, այլ մի զօրեղ զէնք թուրքերի դէմ:


Մեր դրութիւնը այլեւս այն չէր, ինչ էր Բաթումում, 1918 թ. Մայիսին: Մենք կարող էինք յուսալ, թէ մեր խօսքը հաշւի կառնւի, մանաւանդ որ իրանք թուրքերը դեռեւս պարտւած ի վիճակի մէջ էին:


Այդ փորձը չարինք:


Ի՞նչ պիտի առաջարկէին մեզ թուրքերը, եթէ ընդունէինք բանակցելու հրաւէրը:


Հաւանականօրէն պիտի սկսէին Բաթումից ու Բրեստ-Լիտօվսկից եւ ապա աստիճանաբար զիջելով հասնէին մինչեւ 1914 թւականի սահմանները. գուցէ մի քայլ ետ գնային, հրաժարւէին նաեւ Բայազիդից ու Ալաշկերտից: Անհաւանական է, որ սրանից աւելի զիջող լինէին — նոյն իսկ 1920 թ. Սեպտեմբերին: Փոխարէնը կպահանջէին, իհարկէ, որ Հայաստանի կառավարութիւնը հրաժարւէր Սեւրի դաշնագրով նախատեսնւած իրաւունքներից:


Ի՞նչպէս կընդունէր այդպիսի մի առաջարկ Հայաստանի կառավարութիւնը:


Կմերժէր, անկասկած: Չէր ընդունի, չէր յանդգնի ընդունելու եւ կգերադասէր պատերազմը: Եւ այդպէս կանէր ոչ միայն դաշնակցական Բիւրօ-կառավարութիւնը, այլեւ ամէն մի ուրիշ հայ կառավարութիւն: Ընդգծում եմ այս հանգամանքը, որովհետեւ սրանով զգալիօրէն սահմանափակւում է մեր կուսակցութեան յանցանքի չափը:


Կաոռվարութիւնը չէր յանդգնի ընդունելու, որովհետեւ բոլոր քաղաքական կուսակցութիւններն ու խմբակցութիւնները, ազգային բոլոր դիւանագետները, կոչւած ու անկոչ հայրենիք փրկողները — թէ՛ երկրի ներսը եւ թէ՛ մանաւանդ երկրից դուրս — բոլորը իբրեւ մի մարդ կըմբոստանային, կքարկոծէին, միաբերան դաւաճան կյայտարարէին այդպիսի մի կառավարութիւն. Սեւրի դաշնագիրը շլացրել է բոլորիս աչքերը, կաշկանդել միտքը, մթնացրել իրականութեան գիտակցութիւնը:


Այսօր մենք հասկանում ենք, թէ որքան շահած կլինէինք, եթէ 1920 թ. աշնանը՝ Սեւրի դաշնագրի գնով անմիջական համաձայնութեան եկած լինէինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում: