Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չենք կարողացել տարբերել պետութիւնը կուսակցութիւնից ու կուսակցական մտայնութիւն ենք մտցրել պետական կեանքի մէջ:


Պետական մարդիկ չէինք մենք:


Պակաս անբարեյաջող պայմաններում թևրեւս կարողանայինք՝ սխալւելով ու քնթահարւելով հանդերձ՝ գտնել վերջապէս ճամփան, ոտներս մի տեղ ամրացնել ու կամաց-կամաց շինել, կարգաւորել պետական շէնքը: Բայց այն սոսկալի պայմանների մէջ՝ մենք չէինք, որ պիտի կարողանայինք - առանց որեւէ յենարանի, միայն մեր ոյժերին թողած — կատարել այդ հերկուլեան աշխատանքը:


Թող ոչ ոք չվիրաւորւի այս խօսքերից․ անբարեացակամ մարդու չարախնդութիւն չէ սա, այլ մի պարզ ինքնագնահատում: Չէ՞ որ անկարողների առաջի շարքում ձեր կողքին ու ձեզ հետ միասին՝ եղել եմ ել ես․ ես ձեր գործակիցն եմ եղել, ձեզ հետ ու ձեզ չափ պատասխանատու մեր պարտութեան:


Պատասխանատու, ասի... Քաջութիւն չանեմ աւելացնելու, որ մենք ոչ միշտ ու ոչ հարկաւոր չափով գիտակցել ենք, թէ ինչ մեծ պատասխանատւութիւն ենք վերցրել մեզ վրայ. ապա նաեւ, թէ ոչ միշտ ու ոչ հարկաւոր չափերով բարեխիղճ ենք եղեք մեր պարտականութիւնների հանդէպ... Քաջութիւն չունեմ, որովհետև, վախենամ եմ թէ անարդար լինեմ: Բայց — ո՞վ գիտէ — գուցէ ինձանից աւելի անաչառ մի մարդ այդ էլ ասի ու անիրաւացի չլինի...


Ի՞նչ է ներկան:


Արաքսի ու Սեւանի միջեւ ունենք այսօր մի փոքրիկ Հանրապետութիւն, անունով անկախ, իսկ իրօք՝ վերահաստատւող Ռուսական կայսրութեան ինքնավար ծայրագաւառներից մէկը:


Թիւրքահայաստան չկայ — ոչ իբրեւ պետութիւն, ոչ իբրեւ home, ոչ իսկ իբրեւ միջազգային դիւանագիտութեան խնդիր․ խնդիրը փակւած է, սպանւած ու թաղւած Լոզանում:


Աւելին՝ Թիւրքահայաստանում հայ չկայ այլեւս ու չկայ ոչ մի հաւանութիւն, թէ լինելու է այսուհետեւ. թուրքերը պինդ փակել են դռները ու ասպարէզում չկայ, չի երեւում ոչ մի ոյժ, որ հարկադրէր բանալու:


Մօտ մի միլիոն հայ գտնւում է Հայաստանի Հանրապետութեան սահմանների ներսը․ միլիոնից աւելի մնում է դուրսը (Վրաստան, Ազրբէյջան, Հիւսիսային Կովկաս, Պարսկաստան, Սիրիա, Պոլիս, Բալքաններ ու ապա՝ աշխարհի ամէն կողմը):


Դրսեցիների մի չնչին մասը միայն կարող է ապաստան գտնել Հայաստանի Հանրապետութեան մէջ: Անկախ ժամանակաւոր դժարութիւններից, Հանրապետութեան խիստ նեղ սահմանները թոյլ չեն տալիս