Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կեանքի պահանջը՝ շատ աւեքի հրամայական: Չտեսնել իրականութիւնը այսօր՝ կնշանակէր կոյր լինել երկու աչքով: Եւ եթէ այսօր էլ վճռականութիւն չունենանք՝ առաջներս անփառունակ հոգեվարք է ու քայքայում:


Կուսակցութիւնները կենդանի են միայն գործով ու միայն գործի մէջ: Երբ գործ չկայ կամ փոխարինւում է սուրրօգատով՝ մահը անխուսափելի է:


Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ իր կեանքը փրկելու ու յետագայ գոյութիւնը արդարացնելու համար՝ ունի այսօր մի միջոց միայն. պայքար բօլշեւիզմի դէմ, գործօն ու անողոք պայքար երկրի ներսը, պայքար ամէն կարգի զէնքով ու ամէն հնարին միջոցներով, առանց խտրութեան: Ուրիշ գործ չկայ:


Այս միակ գործը կատարելու համար կուսակցութիւնը ամենից առաջ պէտք է խստօրէն մաքրի իր շարքերը, դուրս ձգի բոլոր անվստահելի տարրերը, բոլոր վարակւածներին ու տատանւողներին, թոյլերին ու յոգնածներին, թերահաւատներին ու յուսահատւածներին, ծոյլերին ու անտարբերներին — այսինքն՝ իր ներկայ կազմի իննը տասներորդը, գուցէ եւ աւելին: Դուրս պիտի ձգի նաեւ բոլոր նրանց, որոնք վճռականութիւն չունեն վերջին կարտի վրայ դնել վերջին ունեցածը: Տակը պիտի մնայ մի զտւած կորիզ՝ հոգով ուժեղ, մտքով անսասան, կուրօրէն հաւատացեալ, ամէն զոհաբերութիւնների ընդունակ, ոչնչից չվախեցող ու ոչնչի առաջ կանգ չառնող մարդկանց մի խմբակ, ամենախիստ գաղտնապահութեան տակ: Սա չի լինի, իհարկէ, քաղաքական կուսակցութիւն, այլ պարզապէս դաւադրական մի կազմակերպութիւն — այնպէս, ինչպէս է՛ր Դաշնակցութիւնը իր գոյութեան նախնական շրջանում:


Այս ճանապարհով — ու միայն այս ճանապարհով — թերեւս կարողանար կուսակցութիւնը փրկել իր գոյութիւնը, նոր կեանք առնել ու պարզած պահել դրօշակը:


Բայց ի՞նչ գնով:


Յաջողութեան դէպքում՝ հայ քաղաքական դատը ամենալուրջ վտանգի ենթարկելու եւ հայ ժողովուրդը նորանոր փորձանքների մէջ ձգելու գնով: Եւ սա՛ է, որ պէտք է չվախեցնի կուսակցութիւնը փրկողներին, այս վտանգն է, որի առաջ չպիտի կանգնեն յամառողները:


Որքան էլ մենք տարւած լինենք կուսակցական մտայնութիւնով, չեմ կարծում — չեմ կարող ու չեմ ուզում կարծել — թէ մեր մէջը կգտնեի մէկը, որ գիտակցօրէն ցանկանար փրկել կուսակցութիւնը այդպիսի գնով:


Կուսակցութիւնը ինքնանպատակ չէ ու այլասերւած է հիմնովին, վտանգաւոր է ու վնասակար, եթէ մոռացութեան է տւել այս հիմնական ճշմարտութիւնը: Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ հում նիւթ չեն Հ.Յ.Դաշնակցութիւնը ապրեցնելու համար: Անորակելի ոճիր կլինէր, եթէ