Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրս: Դրսի ոյժերր, լաւագոյն դէպքում, կարող են միայն օժանդակել, բայց ոչ երբեք ղեկավարել երկրի գործերը: Դու ինքդ հակառակ ես գաղութային կուսակցութիւնների. միայն չես ուզում տեսնեք, որ ուրիշ ապագայ չունի Ղաշնակցութիւնը, որ նա արդէն գաղութային է:

Այստեղ ես հանդիպում եմ մի շատ լուրջ դժուարութեան:

Դու իրաւացիօրէն հարցնում ես ինձ. ի՞նչ «Օբյեկտիւ տւեալներ» ունեմ ես պնդելու, թէ Դաշնակցութիւնը մեռած է երկրում: Ես կտրւած եմ երկրից, տեղեկութիւն չունեմ, թէ ի՛նչ է կատարւում այնտեղ: Դու ասում ես, որ տեղեկութիւններ ունես, ունես նոյնիսկ... ամերիկացի Մ-ի վկայութիւնը:

Քո դիրքը շատ աւելի ուժեղ է, քան իմը եւ իրաւունք է տալիս քեզ ասելու, որ ես ուզում եմ «մեր հիւանդ էմիգրանտական ապրումները փաթաթել Ժողովուրդի գլիւին...»

Ճշմարիտն եմ ասում քեզ, շատ լուրջ ուշադրութեան առնում եմ այս հանգամանքը եւ կրկին ու կրկին հարց եմ տալիս ինձ. չլինի՞ թէ իրօք իմ մտածումները «վերացական սիլլօգիզմներ» են միայն, իսկ կեանքը բոլորովին տարբեր թելադրութիւններ է անում:

Որոնում եմ եւ ուզում եմ գտնել իմ սխալը, բայց չեմ գտնում:

Գիտե՞ս ինչ. ես չեմ հաւատում քո ունեցած տեղեկութիւններին, նրանց լրջութեանն ու օբյեկտիւութեանը: Իսկ Մ-ի վկայութիւնը համարում եմ միանգամայն անարժէք, ինչպէս անարժէր են բոլոր знатный иностранец—ների անպատասխանատու խօսքերը, վայրիվերոյ, պատահական տպաւորութիւնները:

Ինչո՞ւ չեմ հաւատում:

Որովհետեւ այդ տեղեկութիւնները հակասում են իմ գիտցածին ու տեսածին, հակասում են իրերի դրութեան ու տրամաբանութեան: Ես տեսել եմ մեր կուսակցութիւնը Հայաստանում, երբ մենք դեռ այնտեղ էինք. տեսել եմ մեր երկար ճամփին — Պարսկաստանում, Եգիպտոսում, Պոլսում. տեսնում եմ այստեղ, Բալքաններում - ներկայ եմ եղել ու հետեւել զանազան Ժողովների, խօսակցութիւններ եմ ունեցել անհատ ընկերների հետ, կարդում եմ մամուլը... եւ եզրակացութիւններս միշտ նոյնն են. կուսակցութիւն չկայ այլեւս: Կան միայն նախկին կազմակերպութեան բեկորներ,որ իներցիայի ոյժով շարունակում են կրել զանազան անուններ ու իրար թղթեր գրել, բայց կեանք չկայ, որովհետեւ չկայ գործ, չկայ հաւատ ու ոգեւորութիւն:

Եւ ես չեմ զարմանում, որ այդպէս է, որովհետեւ տեսնում եմ ու հասկանում պատճառները:

Հակառակին հաւատալու համար ես փաստ պիտի ունենամ, դրական ու շօշափելի. քո ստացած տեղեկութիւնները համոզեցուցիչ չեն ինձ համար, որովհետեւ գիտեմ, թէ որքան անձեռնհաս են տեղեկատուները իրականութիւնը ճշտօրէն ըմբռնելու եւ ճշտօրէն արձանագրելու համար: