Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեքստի տողատումը Չարենցի կողմից չի կարելի սոսկ տեխնիկական փոփոխություն համարել։ Բանն այն է, որ թարգմանության մեջ, հայկական ոտանավորի վանկածին բնույթի պատճառով, բացակայում է շեշտերի կանոնավոր դասավորության սկզբունքը։ Մյուս կողմից, ինչպես այս երկու բանաստեղծությունների ռուսերեն բնագիրը, այնպես էլ նրանց հայերեն թարգմանությունը անհանգ (սպիտակ) ոտանավորներ են։ Այդ պայմաններում հայերեն թարգմանությունը արձակի ձևով տպագրելը կապված կլիներ որոշակի վտանգի հետ. դա կարող էր խանգարել ռիթմական միավորների՝ տողերի հստակ սահմանազատմանը, հետևաբար և՝ ոտանավորի բուն ռիթմի ընկալմանը։

Կանգ չառնելով մյուս չափածո թարգմանությունների վրա, նշենք միայն «Վալախական լեգենդի» տաղաչափական կառուցվածքի օրինակը։ Հետաքրքիր է այդ օրինակը մանավանդ այն պատճառով, որ այն կարելի է համեմատել Հ. Թումանյանի կատարած թարգմանության հետ և ակնառու կերպով տեսնել մեկը Չարեցի գեղարվեստական նորարարության այն բազմաթիվ կողմերից, որոնցով նա հարստացրեց հայ պոեզիայի արտահայտչական միջոցների զինանոցը։

Մ. Գորկու «Վալախական լեգենդը» գրված է ամֆիբրաքոսյան (քողաղոտային) տողերով, այսինքն՝ երկրորդ վանկի վրա շեշտ կցող եռավանկ ոտքերով։ Դա նշանակում է, որ հիմնական շեշտերն ընկնում են յուրաքանչյուր տողի 2, 5, 8-րդ վանկերի վրա։