ռուսական բանաստեղծությունը հայ տաղաչափության միջոցներով վերարտադրելու խնդիրը։ Նա երբեք մեխանիկորեն չի պատճենում բնագրի չափերը, այլ հայկական և ռուսական տաղաչափական սկզբունքների յուրօրինակ զուգակցումից ստեղծում է ոտանավորի նոր ձևեր։ Նա միշտ իրականացնում է ամենակարևոր խնդիրը՝ հարազատորեն վերստեղծելով բնագրի ռիթմական ոգին։
Ոչ միայն ռիթմի ու չափի, այլև բոլոր մյուս հարցերում Գորկու բանաստեղծությունների չարենցյան թարգմանությունը բարձր վարպետության մի իսկական դպրոց է՝ խորապես ուսանելի մեր օրերի թարգմանիչների համար։
⁂
Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» գրքի հայերեն թարգմանությունը լույս տեսավ այն ժամանակի համար շատ մեծ՝ տասը հազար տպաքանակով, իբրև նվեր գրողների համագումարին (գրքի անվանաթերթից առաջ հայերեն և ռուսերեն նշված է՝ «Խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարին։ ՀՍԽՀ Պետհրատ»)։ Ինչպես իր հուշերում պատմում է Վահրամ Ալազանը, Միությունների տան սյունազարդ դահլիճի մուտքի մոտ (ուր տեղի էր ունենում համագումարը) գրքի օրինակներն իբրև նվեր հանձնվել են համագումարի պատգամավորներին։ Համագումարի բացումից առաջ Վ. Ալազանը գիրքը նվիրել է նաև Մաքսիմ Գորկուն։ «... Մեր նվերը շատ ուրախացրեց նրան,— գրում է