Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրականության ձևավորման և զարգացման պատմության մեջ։ Այդ գրողներից է նաև Եղիշե Չարենցը՝ սոցիալիստական ռեալիզմի խոշորագույն դեմքը հայ գրականության մեջ, ամբողջ սովետական պոեզիայի հիմնադիրներից մեկը։ Սխալ չի լինի, եթե ասենք, որ հայ գրողներից ո՛չ ոք այնքան խոր և բազմակողմանի կապերով չի առնչվում Մ. Գորկու ավանդույթների հետ, ինչպես Չարենցը, և ո՛չ ոք իր հեղինակությամբ ու գործով այնքան չի նպաստել հայ իրականության մեջ հեղափոխության մրրկահավի փառքի ու համբավի տարածմանը, ինչպես Չարենցը։

Ահա թե ինչու ծավալով ոչ մեծ այս գիրքը, որն ամփոփում է Մաքսիմ Գորկու չափածո, արձակ և դրամատիկական երկերից Չարենցի կատարած թարգմանությունները, ինչպես նաև նրա հոդվածներն ու ասույթները պրոլետարական մեծ գրողի մասին, բացառիկ արժեք ունի, կազմում է «Մաքսիմ Գորկին և հայ գրականությունը» թեմայի տարեգրության թերևս ամենավառ ու ինքնատիպ էջը։ XX դարի հայ գրականության պատմության մեջ կարևորագույն նշանակություն ունի և՛ այն, թե Չարենցի պոեզիայում ինչպես են արտահայտվել Գորկու սկզբնավորած և հաստատած գաղափարական և ստեղծագործական սկզբունքները, և այն, թե Չարենցն ինչպես է թարգմանել Գորկու երկերը, ինչպես է գնահատել հանճարեղ արվեստագետի դերը մարդկության գեղարվեստական զարգացման մեջ։