Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Դառնալով դժնի ու չար առավել—
Հագավ Մահը իր տրեխները հին,
Եվ հազիվ իջավ լուսնկա գիշեր—
Ճանապարհ ընկավ ամպի պես մթին։

Քիչ գնաց— մեկ էլ տեսնում է ահա․
Ցողապատ, դալար թավուտի ներքո
Նստած է, գարնան դիցուհու նման,
Աղջիկը՝ շաղած լուսնյակի ցոլքով։

Վաղ-գարնանային հողի պես տկլոր՝
Բացված է նրա կուրծքը անամոթ,
Եվ թավ, մետաքսյա մաշկի վրա, խոր,
Աստղերն են փայլում համբույրների տոթ։—

Աստղերի նման կուրծքն են զարդարում
Գիրգ ստինքների պտուկները հուր,—
Եվ, աստղերի պես, աչքերն են նայում
Վեր՝ Կաթն-Ծիրի ճամփեքին մաքուր։

Կապույտ ստվերներ աչքերի տակին,
Շրթերը— կարմիր վերքերի նման,
Գլուխը դրած նրա ծնկներին՝
Հոգնած, հագեցած՝ նիրհել է տղան։

Նայում է Մահը— և բոցը քենի
Մարում է դանդաղ իր դատարկ գանգում։
— «Եվայի նման այդ ի՞նչ ես էլի
Թաքնըվել աստծուց խոտի արանքում։»