Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մենք, հասկանո՞ւմ եք արդյոք, ուզում ենք ապահովել մեզ սխալներից, որպիսիք, դուք գիտեք, մենք բավականին շատ ենք ունեցել, և այս նպատակով մենք կուզենայինք իմանալ ձեր սկզբնական և վերջնական կետերը,— իմանալ, թե ո՞ւր են մեզ կոչում և ինչո՞ւ,— հարցադրեց կարմրակատարը և, ինքնաբավական, շվվացրեց ինչ-որ ուրիշի երգ․ կարմրակատարներն, ինչպես հայտնի է, սեփական երգեր չունեն։

Սարյակը թպրտաց․

— Ես ելնում եմ այն անհողդողդ համոզմունքից, որ թռչունների բարձր կոչումը բնության ստեղծագործության ամենաբարդ և ամենաիմաստուն ակտն է։ Մենք չպետք է հոգնենք, մենք պետք է միշտ պայքարենք և ամեն ինչ հաղթահարենք, որպեսզի արդարացնենք ինքներս մեզ մեր սեփական աչքերում, որպեսզի իրավունք ունենանք ասելու․ ամբողջ անցլաը, ներկան և ապագան— այդ մե՛նք ենք, և ոչ թե տարերքի կույր ուժը։ Այն ճանապարհը, որով պետք է մենք ընթանանք, ինձ հայտնի չէ, բայց ես համոզված եմ, որ պետք է առաջ գնալ։ Այնտե՛ղ է երկիրը, որ արժանի է պարգև լինելու այն վաստակների համար, որոնք մենք կրել ենք ճանապարհին։ Այնտեղ հավիտենական, անվերջանալի լույս է, այնտեղ կան մեզ անհայտ հրաշալիքներ, այնտեղ մենք կհրճվենք, [մեծ, ազատ, ամեն ինչ հաղթած թռչուններս,] մեր ուժի հայեցությամբ, և ամբողջ աշխարհը ասպարեզ կդառնա մեր գործերի, որոնց վեհությունը անհնարին է պատկերացնել այժմ, այնտեղ մեր միտքը ամե՛ն ինչ կլուծի, և մեր զգացմունքները, հրաշալիորեն