Jump to content

Էջ:Մշակ, 1873, համար 7.pdf/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
№ 7. Փետրվարի 22.
Փետրվարի 22․ № 7.
1873
ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ

Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․

Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Առևտրական դատարանի մասին։ — Ներքին տեսութիւն։ Առևտրական դատարան։ Նամակ Շուշուց։ Նամակ Ախալքալաքից։ Նամակ Եկատերինօդարից։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Գերմանիայի այժմեան դրութիւնը։ Պարսկաստան։ Էս էլ քեզ կրիտիկա (պատասխան)։ Արտաքին լուրեր։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ —Յայտարարութիւններ։


ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ


Յիշելով „Մշակի“ 4-որդ համարում մի և նոյն վերնագրով տպված առաջնորդող յօդվածը, դարձնում ենք այս անգամ ընթերցողի ուշադրութիւնը այս համարի Ներքին տեսութեան մէջ տպված պ. Գ. Մեհրաբեանցի յօդվածի վրա։ Այդ տեսակ յօդվածները մեզ համար թանգագին են, որովհետև ապացոյց են, որ երևոյթի հետ միայն գործնական կերպով ծանօթ մի անձն դարձեալ իր յայտնած իրողութիւններով հաստատում է մեր տեսական հայեացքները գործի էութեան վրա։

Մենք չենք կարող չը համաձայնել յօդվածագրի խօսքերի հետ, որ մեր առևտրական դասը, համեմատելով նոյն դասի հետ, Եւրօպայում դեռ ևս անչափ տգէտ ու անզարգացած է։ Նա ոչ թէ միայն մտաւորապէս անզարգացած է, բայց և մեր առուտուրը համեմատելով եւրօպական ընդարձակ և բարձր նշանակութիւն ունեցող առուտուրի հետ,— չնչին է և աւելին՝ նմանում է մանրավաճառութեան...

Բայց այդ չէ նշանակում որ՝ նոյն իսկ այդ պատճառով մենք պիտի աշխատենք, ենթարկելով նրան ընդհանուր քաղաքական դատարաններին, աւելի էլ սեղմել և արգելք դնել նորա ազատ և ընդարձակ զարգացմանը։

Իսկ մեր բերած փաստերը պարզ հաստատում են մեր այդ խօսքերը, և մենք դեռ ևս յոյս չենք կորցրել կրկին և կրկին անթիվ իրողութիւններ առաջարկել մեր ընդհանուր յայտնած դրութիւնները գործնական կեանքից առնված երևոյթներով հաստատելու։

Բավական է վաճառականութեան պատմութեան վրա նայելու[1] որ համոզվենք, թէ որքան զարգանում էր և ընդարձակվում էր մի երկրի առուտուրը, այնքան աւելի բաղադրեալ էին դառնում առևտրական յարաբերութիւնները, այնքան ուրեմն արգելք էին լինում անթիւ ձանձրացնող և սեղմող կանօնները, այնքան պահանջմունք էր զգացվում բաժանել առևտրական օրէնսդրութիւնը ընդհանուր օրէնսդրութենից։ Արդէն XVI դարի, Ֆրանսիայի Հէնրի IV-ի Ֆինանսների մինիստրը Մաքսիմիլիան դը Բէթիւն, դուքս դը Սիլլի անվանված, հասկացել էր որքան վնասակար և արգելառիթ է լինում ժողովրդի տնտեսական կեանքի կանօնաւոր զարգացման համար՝ դանդաղ և ձանձրացուցիչ օրէնսդրութիւնը։[2]

Այդ է պատճառ, որ մի երկրի տնտեսական զարգացման ժամանակ, երբ սկսում է ընդարձակվել երկրի առուտուրը և նրա յարաբերութիւնները աւելի բաղադրեալ են դառնում,— հարկաւորութիւն է զգացվում մշակել և մտցնել մի առանձին առևտրական օրէնսդրութիւն, և առևտրական դատարանները ձանձրացնող ընդհանուր դատարանների օրինական կանօններից բաժանել։

Սա բոլոր երկիրների համար հասարակ երևոյթ էր և առևտրական դատարանի հիմնելու իրողութիւնը ամեն երկրի մէջ զուգընթաց էր գնում ազգի առևտրականութեան զարգացման իրողութեան հետ։

Միայն այդ գաղափարի իրագործումը, նայելով երկրի կազմակերպութեան և յատկութիւններին, տարբեր է եղել այս կամ այն երկրի մէջ:

Առևտրական օրէնսդրութեան տեսական էութեան անհրաժեշտութիւնը և նրա գործնական կերպով ընդհանուր քաղաքական դատարաններից բաժանվելը առևտրական դատարանների միջոցով, ամեն տեղ մի և նոյն էր, բայց գաղափարի գործնական իրագործման ձևը տարբեր էր:

Մէկ տեղ առևտրական դատարանների դատաւորները միայն վաճառականներն են, ուրիշ տեղ միայն իրաւաբանները, որք ծանօթ են առևտրական իրաւունքի հետ, մէկ էլ երկրում առևտրական դատարանը կազմվում է թէ առևտրական մարդիկներից թէ իրավաբաններից։

Այժմ հարցը հետևեալ կերպով է դրվում՝ ի՞նչ ձև աւելի ձեռնտու, օգտաւէտ և անհրաժեշտ է մեր երկրի մէջ հիմնվող առևտրական դատարանի համար։

Մենք չենք կամենում նախագուշակել յիշեալ հիմնարկութեան կազմակերպութեան ձևը, չենք կարող տեսական կերպով կատարելապէս հաստատել այն, որ պիտի ցոյց տայ գործնական փորձը, բայց, թող ներվի մեզ կարծել, որ ըստ սկզբին, ճանաչելով մեզ համար առևտրական դատարանի անհրաժեշտութիւնը, աչքի առաջ ունելով մի կողմից՝ մեր իրաւաբանների թէ տեղային առևտրական պայմանների, թէ տեսական ճշմարտութիւնների անտեղեակ լինելը, իսկ մյուս կողմից՝ մեր վաճառականների առհասարակ դատաստանական պրակտիկայի մասին տգիտութիւնը,— թող ներվի մեզ կարծել, որ նրանք կարող են առևտրական դատարանի կանօնաւոր և յարմար գործունէութեան մէջ միմեանց լրացնել՝ առաջինները՝ իրանց իրաւաբանական ընդհանուր հմտութիւններով, վերջինները վաճառականութեան վերաբերեալ գործնական պահանջների և նրա պայմանների մօտիկ ծանոթութեամբ։

Չը պիտի մոռանանք մի բան՝ այն է որ եթէ Ֆրանսիայում այդքան աջողվում են առևտրական դատարանները միայն առևտրական մարդիկներից կազմված, այդ այն պատճառով է, որ նրանց կազմող վաճառական—դատաւորները մի և նոյն ժամանակ կատարելապէս տեղեակ են երկրի առևտրական օրէնսդրութեան՝ (կօդ դը կօմմէրս) հետ:

Եթէ առևտրական դատարանի մասին խնդիրը փոքր ’ի շատէ, իրագործելու վրա լինի,— մենք խօստանում ենք դարձեալ յայտնել մեր կարծիքը այդ առարկայի մասին, նայելով թէ ինչ ձև կը ստանայ յիշեալ հիմնարկութիւնը։


ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ


Մենք ստացանք հետևեալ յօդվածը առևտրական դատարանի մասին, որ և առաջարկում ենք մեր ընթերցողներին։

Մշակի“ 4-որդ համարում կարդալով ձեր առաջնորդող յօդվածը առևտրական դատարանի մասին, ինձ վերա մեծ տպաւորութիւն ունեցավ ձեր այն յայտնած իրողութիւնը, որ Եւրօպայում առևտրական պրօցէսների առիթները աւելի բազմաթիւ են, քան թէ քաղաքական ընդհանուր պրօցէսները։

Ես ինքս ինձ հետևեալ հարց առաջարկեցի՝ արդեօք ո՞րքան հարկաւոր են մեզ համար այդ տեսակ դատարանները, աչքի առաջն ունենալով մեր Թիֆլիսի առևտրական դասի կրթութեան աստիճանը, և համեմատելով նրան եւրօպական առևտրական դասի կրթութեան աստիճանի հետ, որտեղ հազիւ կը գտնվի կարդալ գրել չիմացող և քիչ շատ գիտութեանը անծանօթ մարդ։

Իսկ մեզ մօտ շատ քիչ կը գտնէք առևտրական դասի մէջ մայրենի լեզվով կանոնաւոր գրել և կարդալ իմացող մարդ, ուր մնա որ նոքա ծանօթ լինէին կատարելապէս ռուսաց լեզուին...

Մեր վաճառականների մեծ մասին կանօնաւոր հաշուապահութիւն (բուխգալտէրիա) ասացած բանը ծանօթ չէ։ Նրանք մեծ մասամբ իրանց հաշուէմատեանները մի այնպիսի անճոռնի վրացերէն լեզվով են պահում և այնպէս անկանօն, որ ոչ թէ միայն այժմեան ընդհանուր քաղաքական դատարանները, բայց և իրանց ընկերակից աւելի գիտուն վաճառականներն էլ (որք „միջի մարդ“ անունով ընտրվում են որ և է ընկերական հաշուի վիճաբանութեան մէջ) հազիւ են կարողանում նրանց ուղղել։

Նայեցեք խեղճ վաճառականների վրա, և դուք շատերի մոտ ոչ թէ վրացերէն կամ հայերէն հաշիւ չէք գտնելու, այլ անգամ մի կտոր գրելու թուղթ կամ մատիտ դժուարութեամբ կգտնէք,— որովհետև նա ոչ գրել, ոչ կարդալ գիտէ։

Ես չեմ յիշում այստեղ արվեստաւորների դասը, որովհետև նոքա ունեն արվեստական վարչութիւն և կառավարիչներին, այլ միայն խօսում եմ տգէտ վաճառականների հին պապական հաշուապահութեան վրա[3]։

Բացի յիշված դժուարութիւններից, կան և աւելի մեծ դժուարութիւնները։ Ամենայն վաճառական երբ մի դատաստանական վէճ է ունենում, բաւական հմուտ չը լինէլով ռուսերէն լեզուին, վարձում է մի փաստաբան (ադվօկատ)։ Իսկ մեր փաստաբանները, գուցէ լաւ իրաւաբաններն էլ լինէին, բոլորովին տեղեակ չեն առևտրական գործերին։ Պատահում է և այն, որ խեղճ վաճառականը ընկնում է այնպիսի ինքնակոչ փաստաբանի ձեռքը, որ խաբեբայութեամբ կողոպտում է իր կլիէնտին (գործատէրին), անկատար թողնում է գործը իսկ վաճառականին յուսահատված և մի քանի հարիւր կամ հազար ռուբլիով վնասված։

Բաւականանում եմ, առ ժամանակ, այս կարճ տեղեկութիւնները ձեզ տալով, և հարկաւոր ժամանակին խօստանում եմ աւելի մանրամասն և ընդարձակ տեղեկութիւն տալ մեր առևտրական դասի դրութեան վրա, և իմ կարծիքս յայտնել առևտրական դատարանի հարկաւորութեան մասին։

Գ. Մեհրաբեանց

ՆԱՄԱԿ ՇՈՒՇՈՒՑ


«Մշակ» լրագիրը մի տարուայ միջոցում իւր ընթերցողներին գործքով ցոյց տուեց իրա ազգօգուտ ընթացքը։ Մեզ այստեղ հարկաւոր չէ նրա գլխին գովեստներ կարդալ. պատճառն որ այժմ ներբողները արժէք չունին և ամէն փոքր ի շատէ հասկացողը իմանում է սուրբ գրքի այն վսեմ խօսքը, թէ «գործք քո զքեզ օրհնեն»։ Ուրեմն թէ այժմ և թէ ապագայում «Մշակի» գործքը, թո՛ղ կամ պարսաւէ կամ գովաբանէ նրան։ Մենք, այդ մասին ուրիշների գլխին քարոզ կարդալ չուզելով՝ լռում ենք, բայց չենք էլ կամենում դէպի նա ունեցած կատարեալ համակրութիւններս ծածկել։ Միայն մեր կամքը այդ բանի վրա խօսել չէ, մենք իբրև Շուշեցի կամենում ենք Շուշվայ վրա մի քանի խօսք ասել. թէև նրա վրա զանազան ժամանակներ շատերը խօսեցան, վնաս չունի, թո՛ղ մէկն էլ մենք լինենք։ Միայն թէ էս վերջին երկու տարուայ մէջ մի քանի Շուշեցիների ստորագրութիւններով Շուշվայ վրա խօսող յօդվածները շատ էքստրէննի էլան, բայց մեր և այդ էքստրէննի յօդվածների զանազանութիւնը շատ կլինի, որովհետև նոցա ստորագրողները էլած են անգամ, տիրացու, քահանա, հոգաբարձու և վերջապէս դեռ նոր ստեղծվելու Գէորգ Պարտիզպանեան։

Մեր այս խօսքերով յիշյալ պաշտօնների մէջ գտնուածներից առաւել ամենաազնիւները գուցէ շատ թէ քիչ կվիրաւորուին, սակայն մենք խնդրում ենք նրանց, որ փոքր մտածեն և կտեսնեն որ

  1. Տես. գերմանական „Theorie des Handels,“—K. Gellert, Katte, G. Vollmer, Lüders գրքի պատմական մասը։ (Leipzig. 1869)։
  2. Տես. Mémoires du duc de Sully „Economies royales“ անունով գիրքը։
  3. Իսկ արվեստաւորներից բաւական կը լինէր յիշել այստեղ ամեն թիֆլիսցուն յայտնի ջրաբերի (թուլուխչու) հաշուապահութեան ձևը, որ մի փայտի կտորի վերա դանակով այնքան խազ է քաշում, որքան անգամ ջուր է բերել այն տանը, որտեղ և պահվում է փայտի կտորը, կամ պատի մեջ ծակելով նշան է դնում, որով և պահանջում է փող տանտէրից։ Կամ թխողներին (հայ-փրնչիք), որք իրանց մուխից սևացած պատի վերա զանազան նշաններ են դնում կաւիճով։