Jump to content

Էջ:Մշակ, 1873, համար 7.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղիղ ենք ասում, կտեսնեն, որ փոքր պաշտօնեաները քիչ բացառութեամբ դէպի իրենց մեծաւորները ինչ որ ասում են, անում են և գրում են, բոլորը լիքն է կեղծաւորութիւններով, շողոքորթութիւններով և հազար տեսակ կողմնապահ զրոյցներով։

Մեր կարծիքով ընթերցողը արդէն գուշակեց, որ մեր միտքն է Հոգևոր դպրոցի վրա միայն մի խօսք ասել։ Շուշվա վերջին աստղը[1] խաւարելուց, այսինքն մեծապատիւ Շանշեանի գնալուց յետոյ, շատ վարժապետներ, անդամներ, հոգաբարձուք, քահանայք, ժամկոչներ, և ամենատեսակ դատարկ խօսքերով մարդոյ գլուխ ցաւեցնող ու այբուբէնից զուրկ մնացած անձինք՝ ճշմարտութեան այնքան կատարելագոյն աստիճանը հասան, որ այդ աստղի հետ Շուշվա դպրոցի երբեմն ունեցած երջանիկ ժամանակն էլ պախարակեցին։

«Մեղուն» սրանք ամէնն էլ գիտէ։ Նա հէնց իւր շապիկը փոխելուց փոքր առաջ Շուշվա վրա քարոզում էր «այս դարի մէջ Չամուրճեանի ուղղութեամբ դաստիարակութիւն չի լինիլ։ Շուշվա վարժապետները մութ տեղ են սիրում, որ մարդկանց աչքին չերևան։ Հոգաբարձութիւնը իւր պաշտօնը չի ճանաչում։ Տիգրան թագաւորը Հայ քրիստոնեայ է (Շանթարարձակեանի յօդուած)։ Չամչեան և Սալլանթեան քերականութիւնները շատ թանկ են վաճառվում այնտեղ, մի խօսքով, դպրոցը ոտից մինչև գլուխ անկարգութեան մէջ է»։ Այս և սրա նման մտքերից շատերը, նա ոչ թէ ուրիշների բերանով էր քարոզում, այլ մեծ մասամբ ինքը իւր կողմիցն էր յայտնում։ Բայց դու ընթերցո՛ղ միտք բե՛ր, եթէ Արարատ կարդում ես, տե՛ս Շուշուց նրա գլխին ինչ կայծակներ ու շանթեր թափեցին որոնցից մենք ցանկանում ենք մի քանիսը առաջ բերել այստեղ. այն յօդուածները խօսում էին «Մեղուի» վրա, թէ նա բերանը մեղր առնող և ադան մէջ թոյն ունեցող մեղուներու է նմանվում. զրպարտութեան խնձորները ցաւակցական խրատներով է ոսկեզօձում, զանազան դիմակ երեսն առնելով ստութիւնը ճշմարտութիւն է հրատարակում, սնոտի տղայամտութիւնն է անում. նրա լրագիրը ստութեանց և զրպարտութեանց հանդիսարան է. ինքը դպրոցին առանձին նպատակաւ ոխերիմ թշնամի է և ազգին մէջ այսօր Արշակաւան է հանդիսանում և այլն»։ «Մեղուն» ինչպէս ասեցինք, շապիկը փոխեց, բայց Շուշվայ ուսումնարանը անփոփոխ մնաց։ Լաւ թէ վատ, ինչ որ անցեալ տարի էր, էսօր էլ մի և նոյնն է։ Սակայն մի նոր զարմանալի երևոյթք ևս,— «Մեղուն» իւր շապիկի հետ միտքն էլ է փոխել։ Երեկ իւր բերանով վատ քարոզածը այսօր լաւ է հրատարակում։ Այս նրա բարձրագոյն բարոյականին հարկաւոր է տալ։ Նա եթէ բախտի բերմամբ Տիբեթումը ծնուած լինէր, անկասկած դալայլամայ կընտրուէր։ Բայց երէկ ինձ հետ խօսող պարոնին մէկը ասում էր, թէ Մեղուն հաշտուած չի լինիլ իւր վրա շանթ թափողների հետ, թէ նա անպատճառ «Մշակին» կռթելու համար տպած կլինի (ըստ խնդրանաց իւր բարեկամաց) իւր լրագրի 40 համարում վարագուրեալ Գէօրգ Պարտիզպանեանցի նամակը իւր ծանօթութիւններով։ Սակայն թէ այսպէս և թէ այնպէս մենք նրանից գոհ ենք, ըստ որում եթէ նա այլապէս վարուէր մեր Շուշվա մասին, դեռ շատ կուշանար այժմ մեր նպատակը այս է, որ ընթերցասէր ազգայինք հասկանային իսկապէս, այս վերջին երկու տարուա մէջ, Շուշվա ուսումնարանի մասին հրատարակուած նամակների մէջ էլած տարաձայնութեանց և հակաճառութեանց հակասութիւնները։

Մենք կրկնում ենք, որ մեր նպատակն է մասնաւորապէս ցոյց տալ մեր համազգիներին ուսումնարանի լաւ թէ վատ դրութիւնը. ուստի հրավիրում ենք խաւարի մեջ թագնուած ուսուցիչներից մէկին այսինքն պ. Պարտիզպանեանցին, հանդէս դուրս գալ։ Ճշմարտախօսին հարկաւոր չէ Եգիպտական քրմերի նման վարագուրի տակ ծածկուել։ Ինչ կնշանակէ, նիւթի հեղինակը լինի Պ...եանը, իսկ ստորագրութեամբ անուն վաստակողները լինին հոգաբարձուք, անդամք, տիրացուք, ժամկոչի տղերք և վերջապէս դեռ նոր ստեղծվելու Գէօրգ Պարտիզպանեանցը։ Սա արդարութիւն չի։ Կարելի է շատերին այս ճշմարտութիւնը անհաւատալի երևի, բայց մենք էդպիսի պարոններին մի շատ հեշտ ճանապարհ ցոյց կտանք։ Թո՛ղ այդ կասկածող պարոնները նախ և առաջ աշխատեն 1870 թուի Արարատին մէջ գտնել պ. Պ...եանի յօդվածը, յետոյ միւս յոդվածները համեմատեն խոհէմ կերպով նորա հետ, եթէ չգտնեն որ բոլորն մի գրչից է դուրս եկել, չտեսնեն մի և նոյն խօսքերը ամէն տեղ կրկնուած, մի և նոյն ձևերը, ոճերը, դարձուածները բացի մի քանի զօռով եղած փոփոխութիւններից, մենք մեր խօսքը յետ կառնենք։

Երկրորդ անգամ հրաւիրում ենք պ. Պարտիզպանեանցին հանդէս դուրս գալ, լոյս աշխարհ մտնել և պատռել իւր վրա գցած ծածկոյթը։ Մենք շատ ունինք նիւթեր, ուսումնարանից, Հոգաբարձութիւնից և նրա գործունէութիւնից պ. Շանշեանից յետոյ, 35-ից մինչև 40 վարժապետ փոխվելուց յետոյ և այլն։ Եթէ պ. Պարտիզպանեանը մեր ասածը կարողանայ փաստերով հերքել և ցոյց տալ հետևաբար որ 280 աշակերտ ունեցող մի ուսումնարան լաւ դրութեան մէջ է, մենք պատրաստ եմք մեր խօսքն յետ առնել։ Բայց եթէ այսպես չլինի, ուսուցիչները յատուկ եղած սահմանից թո՛ղ չդուրս գան, ժամկոչի տղէն իւր տիրացութիւնը, թո՛ղ շարունակէ, Հոգաբարձութիւնը, իւր եռանդը թո՛ղ բազմապատկէ, պ. Գէորգ Պարտիզպանեանը թո՛ղ նոր ստեղծուի. իսկ «Մեղուն» նոր տարուա սկզբից, եթէ կամենում է, իւր սերտուկն էլ թող փոխէ, ժամանակը ամէն բան կպարզէ...։

Անտօն Մէլիք-Դադայեանց

ՆԱՄԱԿ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՑ


Այս օրերումս Ախալքալաքում մի Հայ լուսաւորչական պանդուխտ երիտասարդ, կամենալով ամուսնանալ մի լուսաւորչական Հայ օրիորդի հետ, Ախալցխոյ Հոգևոր Կառավարութիւնից թոյլտվութեան թուղթը ձեռին դիմում է տեղւոյս գործակատար բարձրապատիւ Դ....եանցին պսակել նորան, Տէր գործակատարը պսակելու համար պահանջում է նորանից յիսուն (50) րուպբ. արծ. Երիտասարդը խնդրում է, աղաչում է, իւր աղքատ դրութիւնից 10 րուպլի ևս տալիս է, բայց խնդիրքը մնում է անկատար։

Երիտասարդը ստիպվում է դիմել դարձեալ Ախալցխոյ Հ. կառավարութեան։ Կառավարութիւնը երիտասարդին միամտեցնում է, որ գործակատարին յայտնուծ է, որ նա ձեզ պսակելով, ոչինչ պատասխանատվութեան չի ենթարկվի։ Բայց այս ամէնքը անցանում են զուր, երիտասարդը հարկադրված և յուսահատված մի Հ. Կաթօլիկ քահանայի ձեռով պսակվում է նորանց եկեղեցում Ալաստան անուանուած գիւղի մէջ։

Ասում են, որ այսպիսի անցք առաջին անգամ չէ, որ պատահում է, թէ որքան ճշմարիտ է այդ «ասում են» ները... մեք չգիտենք, միայն մեք ճանաչում ենք մի երիտասարդ, որ մի այդպիսի պատճառով այժմ պսակված է դուխապօռի աղջկայ հետ։

Ասում են, որ այս գործակատարի պատճառով մի քաղաքացի Զատկին իւր տունը օրհնել է տալիս մի Կաթօլիկ քահանայի։

Մեք կը ցանկանայինք, որ ասէին, թէ սուտ են ասում։

12 փետրվ. 1873.
Սոխակեանց Աբեղէն

ՆԱՄԱԿ ԵԿԱՏԵՐԻՆԱԴԱՐԻՑ


Տեղւոյս ծխական Հոգևոր Մեսրոպեան դպրոցը, որ հիմնուել է 1863 թ. համարեա մինչև 1870 ի վերջերը միայն արական սեռի աշակերտաց ուսում էր տալի, և սա առաւել ընդարձակօրեն, այն է առաւել թուով ուսանելի առարկայք էր աւանդում, քան թէ կային միւս ծխական դպրոցներում։

Այս վերջին թուականից յետոյ յիշեալ դպրոցի տեղական շինութիւնը ընդարձակելով՝ օրիորդաց համար ալ մի նախապատրաստական դասարան բացուեցավ, և փոքր ժամանակից յետոյ յաջորդեցին սորա առաջին և երկրորդ դասարաններն ալ, ուր ուրախութեամբ սրտի զգալի կերպով նկատվում է, որ այս վերջինները ոչ սակաւ յառաջադիմութիւն են ցոյց տալի, քան թէ առաջինները։

Եւ որովհետև թէ դպրոցիս նիւթական ընդարձակութեան, և թէ երկսեռ աշակերտաց օր քան զօր բազմանալու պատճառաւ, բնականաբար հարկ կար դրամական միջոցներն ալ ավելացնել, գոնեա չքաւորների անհրաժեշտ համարուած պիտոյքը դիւրաւ հոգալու. ուստի երբ ներկայ 1872 թ. յունիս ամսում տարեկան հարցաքննութիւնը վերջացավ, դպրոցի Հոգաբարձութիւնը մասնաւոր հրաւէրքով, առ հասարակ քաղաքիս երկսեռ Հայ բնակիչքը հրաւիրեց ներկայ լինել ի դպրոց պարգևաբաշխութեան օրում, ուր սովորական ճառեր կարդացվելուց և նոյն տարուայ աշխատութեանց երեխայրիքը հանդիսաւոր կերպով ընդհանուր հանդիսականաց ցոյց տրվելուց յետոյ, առաջարկվեցաւ, մասնաւորաբար ներկայ գտնվող կանանց, յանձն առնուլ, անուանվել խնամակալուհիք չքաւոր օրիորդաց դպրոցին, հատուցանելով իւրաքանչիւր տարի երեքական ռուբլի։

Մեծ սիրով և ցանկութեամբ ընդունվեցաւ առաջարկութիւնը, և անմիջապէս քսանէն առաւել կանայք ստորագրեցին, (որոնց համեստութիւնը չթոյլատրեց իւրեանց անունները այստեղ նշանակել տալու,) և դեռ մի շաբաթ չանցկացրած՝ գործով ալ կատարեցին նոյնը։

Արդարև գովութեանց արժանի ձեռնարկութիւն մի է սա, նա մանաւանդ նայելով տեղւոյս Հայ գերդաստանների սակաւաթիւ լինելը՝ այսքան մի նշանաւոր քանակութիւն արդարև անյուսալի է ձեռք բերել։ Ցանկալի էր որ ուրիշ տեղեր ալ հետևէին այս գովելի և միանգամայն ազգաշահ օրինակին։

Վերոյիշեալ խնամակալուհիք մտադիր են փոքր ժամանակից յետոյ ընտրել իւրանց մէջէն երկու Հոգաբարձուհիք, որպէս զի իւրանց բարի ձեռնարկը առաւել ապահովապէս և կանոնաւորապէս իւր նպատակին հասանի։

Մ. Պ.

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ


Փետրվարի 13-ին, երեկոյեան 7½ ժամին Թիֆլիսի Ներսիսեան դպրոցի դիմաց գտնվող իշխ. Մուխրանսկու խանութները հրդեհ ընկան։ Թէ քաղաքիս հրդեհ հանգցնողների, թէ մասնաւոր անձանց կողմից բոլոր ջանքը երկար ժամանակ իզուր էր երևում, որովհետև այրվող ապրանքը յարմար էր սաստկացնել հրդեհը՝ այրվում էին կահ—կարասիք (մէբիլ)։ Այդտեղ մենք համոզվեցանք, որքան անկատար ու նահապետական են մեր քաղաքի մէջ ձեռք բերած հրդեհ հանգցնելու միջոցները ու գործիքները... Վերջապէս կէս գիշերին կարողացան տիրապետել կրակը, բայց կորուստը, ինչպէս ասում են, խանութատէրերի համար հասնում է մինչև 17 հազար ռուբլի։ չը նայելով, որ կահ—կարասիքը մասամբ աղատված են։

Ներքին գործերի Մինիստրի հրամանով, փետրվարի 1-ին, արգելվեցաւ Русская Вѣдом. լրագրի առանձին համարներով ծախելը։

Բագուի քաղաքացիք ի յիշատակ Կովկասի Փոխարքայի տասն տարվայ կառավարութեան տարեդարձի, նուիրեցին քաղաքի արդիւնքների մնացորդ գումարից տարեկան 4000 ռուբլի քաղաքի մէջ մի հիւանդանոց հիմնելու համար։

Кавказъ լրագրի մէջ կարդում ենք, որ Կովկասեան Գլխաւոր Կառավարութեանը շատ անգամ ուղղված են եղել գանգատներ տաւարատէրերի և զանազան բեռներ տեղափոխող անձերի կողմից, որ ճանապարհի մօտ գտնվող կալվածատէրերը փող են առնում ինքնակամ կերպով յիշեալ անձերից, ամեն անգամ, երբ տաւարը փոքր ինչ շեղվում է ճանապարհից, կամ սուլուղներին (վօդօպօյ) է մոտենում։ Այժմ Գլխաւոր Կառավարութիւնը քարավանատէրերին, տաւարատէրերին և չարվադարներին պաշտպանելու համար, դիմեց պ. պ. Գուբերնատօրներին, խնդրելով նրանցից ուշադրութիւն դարձնել, որ ճանապարհների լայնութիւնը որոշված լինի, այսինքն որոշելով յիշեալ անձանց անվարձ երթևեկութեան-համար փօստի ճանապարհի համար 20 սարժէն լայնութիւն, իսկ կողմնակի ճանապարհների համար՝ 3 սաժէն, նշանակելով տեղ տեղ և սուլուղները։ Կալվածատէրերը ընդհանուր համաձայնութեամբ տաւարատէրերի, քարվանատէրերի և այլն անձանձ հետ սահմանում են վարձ ամբողջ օրվայ իջևանի համար իրանց հողի վրա և երբէք չը պիտի պահանջեն վարձ ոչ սուլուղների, ոչ էլ նրա համար, որ տաւարը անցնում է կալվածատէրերի երկրի երկայնութեամբ եղած ճանապարհով։ Իրանց կողմից կալվածատէրերը, օրէնքի զորութեամբ, պիտի պատեն իրանց կալվածները ցանկապատով, կամ ճանապարհի երկայնութեամբ կանաւներ փորեն։

Մենք հաստատ գիտէինք, որ «Մեղու Հայաստանի» լրագիրը կը պատասխանէ այն, ինչ որ և պատասխանել է իր 6-որդ համարում, թէ ի՞նչի մենք չարտագրեցինք յօդվածի շարունակութիւնը, որտեղ ասված է, թէ թարգմանական գրվածները կարելի է տալ բեմի վրա, բայց պէտք է նրանց այնպէս թարգմանել, որ յարմարեցրած լինեն մեր կեանքին։ Յօդվածի այն տողերը, որ մենք յիշել էինք, գոնէ այն պարզ (թէև սխալ) միտք ունեն, որ թարգմանական գրվածները բեմի վրա անօգուտ են... իսկ այդ խօսքերի մէջ բոլորովին միտք չը կայ։ Մենք թէև համոզված ենք (?) որ „Մեղուն“ հասկանում է որքան անհնարին է յարմարեցնել, օրինակ, մի օտար կեանքի մասնաւոր հասարակական երևոյթը, կամ յարմարեցնել մեծ հեղինակների գրվածները, ինչպէս Շէկսպիր, Գեօոթէ, Շիլլէր... բայց մի՞թէ «Մեղուի» խմբագիրները չը գիտեն, որ օրինակ թղթախաղը այնպէս ընդհանրացած երևոյթ է մեզանում և այնքան յատուկ է մեր կեանքին, որ էլ հարկաւորութիւն չկայ յարմարեցնել այդ գաղափարը։ Հարկաւոր է մեր խօսքերի ճշմարտութեան մէջ համոզվելու համար՝ մտնել մի որ և է կրթված շրջան Թիֆլիսում, և մանաւանդ բարձր ուսում ստացած և առաջադէմ մարդիկների ընկերութիւնը յաճախել...

Ինչպէս մենք քանի մի անգամ հաղորդած էինք ընթերցողին, տեխնիկային ընկերութենից մշակված արվեստագործական ուսումնարանի մասին պրօէկտը քննելու համար նշանակվեցաւ Քաղաքային վարչութեան կողմից մի մասնաժողով։ Բայց մինչև այժմ մենք չենք լսել, որ յիշեալ մասնաժողովը մի նիստ անգամ ունեցած լինէր։

«Մշակի» անցեալ 6-որդ համարում վերջացաւ պ. Վ. Շահվերդեանի «Նախագիծ տարրական ուսումնարանների համար» անունով յօդվածի տպագրվելը։ Այդ յօդվածի վրա ընթերցողի ուշադրութիւնը կրկին դարձնելով, ուրախ ենք, որ առիթ ունենք յայտնելու, թէ մեզ լուր է հասնում, որ պ. յօդվածագիրը իր վերա ուշադրութիւն դարձրեց Ներսիսեան դպրոցի հոգաբարձուների և յիշեալ յօդվածը նրանց համակրութիւնը գրավեց։ Հոգաբարձուները, ինչպէս լսում ենք զբաղված են այս րօպեիս դպրոցիս պատրաստական դասատան ուսման կողմից կատարեալ վերանորոգութեամբ։

Правителъст. Вѣст. լրագրում կարդում ենք, որ Նորին Բարձրութեան Կովկասի Փոխարքայի տասն տարվա կառաւարութեան տարեդարձի օրը, դեկտեմբերի 6-ին 1872 թուի, Ելիսավէտպօլու հասարակութեան կողմից նուիրած 3000 ռուլի քաղաքի մէջ արվեստագործական ուսումնարանը հիմնելու համար, Նորին Մեծութիւն ԹԱԳԱՎՈՐ ԿԱՅՍՐԸ բարեհաճել է հրամայել՝ ընդունել և շնորհակալութիւն յայտնել Ելիսավետպօլու հասարակութեանը, արած նուիրտւութեան համար։

Մենք ստացանք հետևեալ ծանուցումն Թիֆլիսի Բարեգործական Ընկերութեան կողմից։

Թիֆլիսի բնակիչներին լաւ յայտնի է, որ քաղաքիս Բարեգործական Ընկերութեան գլխաւոր նպատակներից մինն է ձրիաբար դաստիարակութիւն և կրթութիւն ամենաչքաւոր դասի երեխաների, և որ միջոցները այդ նպատակին հասնելու համար, միշտ չեն նպաստում Ընկերութեան ձգտումների իրագործմանը, կախված լինելով նրանցից անբաժան պատահական հանգամանքներից։ Այդ տեսակ միջոցները մինչև ցայժմ բարերար անդամների դրամական տուրք էին և զանազան վիճակախաղներից պարահանդէսներից, ներկայացումներից, կօնցէրտներից արդիւնքը։

Այժմ կամենալով հաստատել ըստ կարելոյն հաստատ և միակերպ մուտք կամաւոր նուէրների, ընկերութեան նիւթական միջոցները աճեցնելու, և նրա գործունէութիւնը հաստատ սկիզբների վրա հիմնելու համար, Ընկերութիւնը մտադրած է, Կայսրութեան միւս նշանաւոր քաղաքների օրինակով, Թիֆլիսի մէջ էլ մտցնել „կօպէկանոց նուիրատւութիւնը, որի նպատակով Ընկերութեան անդամները յայտնի ժամանակին առանձին տուփերով (կրուժկի) Քաղաքային վարչութեան ընդհանուր ժողովից ընտրված անձերի մասնակցութեամբ պիտի ման գան ամեն մի տուն, խնդրելով յանուն անօգնական որբերի նուիրել մի կօպեկ բարի գործի համար։

Յայտնելով սորա մասին հասարակութեանը, բարեգործական Ընկերութիւնը յոյսով է, որ Թիֆլիսի բնակիչները, իրանց յատուկ համակրութեամբ, դէպի բարեգործութիւնը արձագանք կը տան նրա այդ հրաւէրքին, յիշելով, որ թուողի ձեռքը չի աղքատանայ և որ ամեն տուրք բարի է և ամէն պարգև՝ կատարեալ։


ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ


ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՅԺՄԵԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ


Կար ժամանակ, երբ Գերմանիան բաժանված էր, թոյլ էր, յուսահատված էր, ճնշված լինելով մի կողմից քաղաքական բռնաւորության տակ, միւս կողմից հառաչում էր թէ մարմնաւոր, թէ հոգևոր ստրկութեան տակ։ Այդ ուղղութեանը համապատասխան էր գրականութեան մէջ

  1. Աստղ խօսքը ընթերցողը եթէ չափազանցութիւն համարէ, խնդրում ենք, թող վեր առնէ 1871 թուականի Արարատայ մայիսի ամսատետրը և կգտնէ այնտեղ Սիմէօն քահանայ Տէր Իսրայելեանցի ստորագրութեամբ մի յօդված, որտեղ Շուշվայ այժմեան վարժապետներից մէկին կենսատու արև էր կօչում։