Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 32 —

1876 թուին բողոքական միսիօնարները հաստատում էն Նոր-Ջուղայում մի տղայոց դպրոց, ուր անգլիերէն լեզուն սովորելու նպատակով սկսում են մեծ թւով երեխաներ յաճախել։ Եւ իրաւ, մանաւանդ Դր․ Հէնրու տեսչութեան օրով դպրոցը յառաջադիմութեան կողմից նախանձելի աստիճանի է հասնում և մի խումբ կրթուած երիտասարդներ ընծայում Նոր-Ջուղային։ Սակայն յետոյ, կամաց-կամաց կորցնում է իր նախկին հմայքը, մինչև հասնում է մեր օրերը։

Տղայոց դպրոցի սկզբնաւորութիւնից քիչ յետոյ հաստատում են և մի օրիորդաց դպրոց, որ նոյնպէս ունենում է իր փառաւոր անցեալը, յատկապէս աշակերտութեան քանակի կողմից։

1905 թուից սկսած Միսիօնարութիւնն ընդարձակելով իր գործունէութեան շրջանը և միևնոյն ժամանակ նպատակ ունենալով բուն պարսիկ ժողովրդի մէջ գործել, կամաց-կամաց կենտրոնանում է Սֆահանում, հետևաբար և սահմանափակում է Նոր—Ջուղայի երկսեռ դպրոցները, մանաւանդ տղայոցը։

Սֆահանում մտադիր են կառուցանել ի միջի այլոց և մի բարձրագոյն դպրոց (կօլլէջ), համապատասխան հռչակաւոր հիւանդանոցին։ Վերջինս իր մարդասիրական ծառայութեամբ ուղղակի պատիւ է բերում Քրիստոնէական կրօնին, որի սկզբունքները տարածելու կոչումն ունի Միսիօնարութիւնը։