Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

— 47 —

Կովկասի Հայութեան մէջ իր բարեգործութեամբ յայտնի՝ Ազնւուհի տ․ Վառվառէ Քանանեանը Նոր-Ջուղայի Գէորգ Քանանեան դպրոցի հետ միաժամանակ Հ․ Բագրատ վ․ Վարդազարեանի միջոցով բարեհաճում է հիմնել Փէրիա գաւառի Նամակերտ գիւղում և մի գիւղական դպրոց «Յովնանեան» անունով ի յիշատակ իր ծնողաց։ Սոյն դպրոցի շինութեան համար ևս նուիրաբերում է 800 ռուբլի․ սակայն որովհետև այդքան գումարով հազիւ հնարաւոր է լինում մեծ ծրագրով հիմնած դպրոցի շինութեան կէսը միայն աւարտել, ուստի ս․ Ամենափրկչեան վանքի միաբան և նոյն գաւառի հոգևոր հովիւ՝ Հ․ Եզնիկ վ․ Երկարակեցեանն աշխատում է գիւղացիներից հանգանակութեամբ և զանազան աղբիւրներից հոգալով լրացնել հսկայ շինութիւնը, որ այսօր պատիւ է բերում նոյն գաւառի Հայութեան և միևնոյն ժամանակ ծառայում է իբրև Փոխանորդարան թեմիս Հոգևոր իշխանութեան Փէրիայի ներկայացուցչի։

Իսկ յարգելի Տիկինը նոյն դպրոցի գոյութիւնը պահպանելու համար յատկացնում է 4000 ռուբլի, որ ապահովացրւում է Եղբ․ Թումանեանց Թէհրանի առևտրական տանը և որի եկամտով կառավարւում է Յովնանեան դպրոցը։[1]

  1. Տիկին Վ․ Քանանեան Նոր-Ջուղայի «Գ․ Քանանեան» և Նամակերտ գիւղի «Յովնանեան» դպրոցների գոյութիւնը ապահովելուց զատ, հոգում է և նրանց բարեգործութեան մասին, ուղարկելով սեղան-նստարանների ու կահ-կարասիների ծախքերը և նուիրելով զանազան իրեր — մոգական-լապտեր, երկրագունդ, թանկագին գրքեր, հանգ․ Գ․ Քանանեանի, Հ․ Բագրատ վարդպետի և իր մեծադիր պատկերները, մանկապարտէզի նիւթեր-խաղալիքներ և այլն։