Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարեր ծծելով քո ազնիվ արյունը. թշնամին եկավ և դարձավ հարևան քեզ, սպանելով քո եղբորը, և տիրանալով նրա հողին ու տանը և իր մահաբեր նիզակը ցցեց քո սրտին...

Աղավաղվեց քո հոյակապ լեզուն, նվաստացավ քո գեղարվեստը, և քո ստեղծագործ ոգին շղթայվեց։

Քո հացը տվիր նրան՝ հարևանիդ, քո եկեղեցիներում ներեցիր և օրհնեցիր քո հարևանին, բայց միայն թշնամի ունեցար և ո՛չ մի բարեկամ, ո՛չ մի բարեկամ՝ ողջ աշխարհի մեջ: Քանդեցին քո դարբասներն ու ոգիաշեն վանքերը, քանդեցին քո խրճիթները քո որդիների վրա, խեղդեցին քո դուստրերին թոնիրների մեջ, տրորեցին սմբակների տակ, քո մանուկներին քո հնձաններում—քեզ տապալեցին գետին. բայց քո ոգին մնաց կանգուն՝ քո Մասիսի նման...

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ
ՊԱՏՎԻՐԱՆ Ժ-ԻՆ

Դու ժամանակ դարձիր նորոգ
Մեր քարքարոտ ճանապարհին
Եվ քո լույսով ապաքինիր
Վերքերը նոր, վերքերը հին։
Թող ամպերից աչքը բացի
Մեր տառապած երկինքը բիլ,
Որ արևի շաղով աճի
Ամեն տերև ու ամեն ծիլ։
Լուսավորիր համատարած
Մարդկանց հոգին խավարամիտ,
Դուրս բեր նրանց մութ խորշերից
Եվ կարգերից խարխուլ ու բիրտ։
Ժամանակից ամեն ժամը
Թող որ դառնա մի նոր դպրոց,
Դառնա նոր վանք աստվածահաճ
Ու նորակերտ բերդ ու ամրոց։
Ամեն ժամի ու վայրկյանի
Թող որ մի սիրտ բարեփոխվի,
Եթե չար է, դառնա բարի,
Ամբարիշտ է, թող խաղաղվի։
Անխղճություն, նախանձ ու քեն
Թող հուշերից ջնջվեն անգամ,
Մարդը մարդուն սատար լինի,
Ընկեր լինի ու բարեկամ։