Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղաները, անմիջապես զբաղեցնելով իրենց տեղերը, լուռ սպասում էին կինոժապավենի ցուցադրմանը։ Քիչ հետո էկրանին երևաց հին Դսեղը՝ գեղջկական խրճիթներով, տխուր մարդկանց առօրյայով։ Ահա և Գիքորենց ընտանիքը՝ հայրը, մայրը, քույրերն ու եղբայրները՝ տխուր դեմքերով, վախվորած հայացքներով, թշվառ ու խղճուկ վիճակով։ Քիչ հետո երևաց Համբոն՝ թիկն տված սյանը, նստած, չիբուխ քաշելիս։ Համբոյի ընտանիքի այդ տեսարանը՝ հոգեմաշ ու սրտակեղեք, ծանր ներգործեց նաև հանդիսականների հոգեբանության վրա՝ շատերի աչքերից քամելով խղճմտանքի ու կարեկցանքի արցունքներ։ Համբոն, անասելի կարիքից ու աղքատությունից դրդված, չէր լսում ո՛չ կնոջ աղերսագին խոսքը, ո՛չ տնեցիների ու մերձավորների վշտահար անհամաձայնությունը՝ Գիքորին Թիֆլիս չտանել, «չգցել էն անիրավ աշխարհքը»։ Խեղճ գյուղացին, ընդդիմանալով բոլորին, Գիքորին տանում է քաղաք՝ սրտում ծանր վիշտ ու թախծալի մորմոք... Թիֆլիս են գնում հայր ու որդի վաղ առավոտյան՝ բարձր լեռներով ու զմրուխտե դաշտերով, խոր ձորերով ու անտառներով սրտներում տագնապ ու վախ։ Ահա և Թիֆլիսը՝ իր հակասություններով ու խայտաբղետ կյանքով, ուրախություններով ու տխրություններով, քաղաք, որտեղ գյուղացի պարզ ու միամիտ երեխան դառնում է բազազ Արտեմի՝ այդ խարդախ ու ստոր, ժլատ ու դաժան առևտրականի զոհը։ Կինոժապավենի վերջին հատվածը՝ Գիքորի մահվան և Համբոյի՝ աշխարհից խռոված հոգեբանության պատկերը շնչում է խոր իրապաշտությամբ ու դրամատիզմով:

Տղաները դուրս եկան դահլիճից՝ ջարդված տրամադրությամբ, Գիքորի նկատմամբ տածած սիրո ու կարեկցանքի զգացումով լցված։

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

Դու ադամանդե լեռների վրա, այդ հավերժական սյուների վրա բարձրացած երկնասույզ աշխարհ, փիրուզե աշխարհ. դու աշխարհների մեջ անպարտելի կանգնած առաքինի նահապետ, որ անդավաճան քո սրբությանը, քո Աստծուն՝ հանապազ վառ ես պահում քո երգը, քո ատրուշանը, Թուրանի և Արաբի և Սարմատական տափաստանների խորշակն ու ցուրտը չկարողացան և չեն կարողանալու հանգցնել քո սուրբ հուրը. դու լույսի, ազնիվի և մաքրության ջրաբաշխ, որ քո լեռներից սահանքում են գետերդ՝ տանելով ու սփռելով բարբարոսների հողերի վրա բարություն և օրհնություն։

Կա՞ ավելի դժբախտ, ավելի չարատանջ, ավելի արյունվող, քան դու. դու բազմադարյան զինվոր և նահատակ. անթիվ, անհամար թշնամին եկավ հարավից և հյուսիսից, արևելքից և արևմուտքից և թունավոր օձերի պես խրվեցին քո մարմնի մեջ և այլևս չանջատվեցին՝