Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ մենք էլ ձեզ նման գոռոզ էինք և ամբարտավան։ Անցա՜վ, կործանվեց ամեն ինչ, ցրվեց մեր բույնը, դարձյալ ձեր ձեռքով, ով Քրիստոսի աշակերտներ։ Եվ մենք ցրվեցինք աշխարհի բոլոր կողմերը։ Դժոխք է մեզ համար տիեզերքը, և այդ դժոխքի ամենասոսկալի վայրն է մեզ վիճակվել․․․ Ռուսիան։ Ի՞նչ եք ուզում իմանալ, ինչո՞ւ մենք հաջող ենք վաճառականության մեջ։ Բարի քրիստոնյա, ի՞նչ կլիներ մեր դրությունը, եթե այդքանն էլ չունենայինք։ Չէ որ մեր միակ ապավենը ճարպկությունն է։ Միակ միջոցը գոյության։ Ա՞յն էլ ուզում եք խլել։ Խլեցե՛ք, մենք ուրիշը կգտնենք։ Զարմանում եք, թե ինչպես մենք ձեզ այդ օրին հասցրինք։ Շատ պարզ է։ Մենք ուզում էինք ապրել, իսկ դուք արդեն ապրում էիք։ Մենք բախտ էինք որոնում, իսկ դուք արդեն ունեիք այն։ Մենք դժգոհ էինք մեր վիճակից, իսկ դուք գոհ, ահա՛ ձեր դժբախտության հիմքը։ Ձեր խելքը և եռանդը նիրհում էր ձեր ամբարտավանության մեջ, իսկ մենք արթուն էինք և պիտի կռվեինք։ Այսպիսի հանգամանքներում դժվա՞ր էր ձեզ թավալել գետին ու խեղդել։ Ոչ։ Եվ մենք թավալեցինք ու խեղդեցինք ձեզ։ Ի՞նչ եք ուզում այժմ մեզանից։ Ընկերանա՞լ։ Շատ բարի, համեցեք ընկերանանք։ Բայց ամեն մի ընկերություն հիմնվում է իրավունքների հավասարության վրա։ Տվեցեք ձեր իրավունքները մեզ էլ կամ վերցրեք հազարավոր շղթաները մեր ձեռքերից ու ոտքերից, և մենք կարող ենք ընկերանալ։ Վերջապես, մեր վարք ու բարքերի մեջ կա ահագին անդունդ, նախ լեցրեք այն՝ հետո։ Դուք, պարոն Ագրինցև, ծնված եք գոռալու, հայհոյելու, հարբելու, ծեծելու, կոտրատելու և մատնելու համար։ Ախ, ի՛նչ երևելի ոստիկան կլինեիք դուք, եթե ժամանակին հասկանայիք։ Նայեցե՛ք. ձեր այդ խոշոր բազուկները՝ կարծես ստեղծված են մեզ՝ խեղճերիս բռնելու և բանտ դնելու համար։ Եվ դուք ուզում էիք, որ մենք չկարողանա՞նք հաղթել ձեզ վաճառականության մեջ։ Ի՜նչ կոպիտ մոլորություն։ Մեր հայրերը և մեր նախահայրերը, մեր հարյուրավոր սերունդները առուտրի մեջ են մաշել իրենց խելքը։

Ագրինցևը, այդ անհամբեր և ոչ ոքի հակաճառությանը չընդդիմացող մարդը, լուռ լսում էր Շմուլ Մոզերի թունավոր խոսքերը։ Երբ ընկերս ավարտեց, նա նայեց շուրջը