Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիսիս չափ չկաս՝ տասն իմ չափ եռանդ ունիս։ Ինչո՞ւ դու ոտքով ավելի արագ էիր կատարում գործերդ, քան ես կառքով։ Ինչո՞ւ դու կարողանում էիր առավոտներն ինձանից ավելի վաղ զարթնել, գիշերները ինձանից ուշ քնել։ Ինչո՞ւ դու գիտեիր գուշակել, թե մի տարի հետո որ ապրանքն է թանկանալու, որն է էժանանալու։ Ինչո՞ւ դա բոլոր վաճառականների գործերին տեղյակ էիր, իսկ ես իմ հաշիվներին էլ վերահասու չէի։ Ասա, ի՞նչ կա քո աչքերի մեջ, որ այդպես լավ են տեսնում: Ասա, որ ես դուրս գջլեմ եղունգներովս։ Ասա, ի՞նչ կա քո ականջների մեջ, որ այնպես լավ են լսում հեռվից։ Ասա, Այզելման, ինչո՞ւ դուք հրեաներդ անհաղթելի եք։ Ինչո՞ւ ձեզ ոչ ծեծն է ցավ պատճառում, ոչ հալածանքը հուսահատեցնում, ոչ անարգանքն ընկճում։ Ասա՛, պատասխանիր, ես չեմ բարկանում, տեսնում ես, այլ խնդրում եմ․․․

Տարօրինակ հարցեր են, այնպես չէ։ Ես կամեցա ինչ-որ ասել, բայց Շմուլ Մոզերն ինձ առաջեց։

— Ես կպատասխանեմ,— ասաց նա հանդարտ ձայնով և մոտեցավ Ագրինցևին։— Ասում եք ինչ նյութից է ստեղծված հրեան։ Միևնույն նյութից, միևնույն աստծու ձեռքով։ Հող է այդ նյութը և հող պիտի դառնա թե՛ ձեր ավետարանով և թե՛ մեր թալմուդով։ Բայց դուք, ով քրիստոնյաներ, այնքան հունցել, այրել, ծեծել, կռել եք մեզ, որ դարձել ենք պողպատ։ Հազար ինը հարյուր տարի է դուք հրեայի դարբինն եք, և պետք է ասած, երևելի վարպետ եք ձեր գործում։ Դուք եք, որ սրել եք հրեայի լեզուն, նրբացրել եք նրա տեսանելիքը և լսելիքը։ Հարցնում եք, ինչո՞ւ ենք մենք ձեզանից ավելի շուտ զարթնում, ձեզանից ուշ քնում։ Ինչո՞ւ, որովհետև առավոտները ձեր կոզակների ձիերի տրոփյունն է մեզ զարթեցնում, իսկ գիշերները ոստիկանների շվոցներն են խափանում մեր քունը։ Մենք այդ տրոփյունն ու այդ շվոցները ձեզանից լավ ենք լսում, որովհետև ձեր լսելիքը դեռ կոպիտ է։ Ոչ. այդ չէ միայն, մենք ստիպված ենք քիչ քնել, բնավ չքնել, որովհետև քնում են միայն տեր ու պահապան ունեցողները, իսկ մեր գլխին հավիտյան կախված է բռնության սուրը։ Մենք վազում ենք, ձեր կառքը մեզ չի հասնում, որովհետև մենք հալածվողներ ենք։ Իսկ հալածվողների ոտները փետուրից են։ Ախ, կար ժամանակ,