մայրն է յուր բոլոր սերը նվիրել որդուն, նա ևս պարտավոր է յուր հոր և եղբոր փոխարեն սիրել նրան․․․
Նա ուշադրությամբ նայեց մոր երեսին։ Որքա՞ն նա փոխվել է վերջին ժամանակ, թառամել, դալկացել և գրեթե կմախք դարձել։ Մի վայրկյանում բուռն զորությամբ գրգռվեց նրա որդիական սերը, խառն խղճահարության և ցավակցության հետ։ Ճնշված սրտով, խոր զգացված, նա բռնեց մոր աջը, հպեց յուր շրթունքներին և հուզված ձայնով արտասանեց.
― Ների՛ր, մայրիկ, գիտեմ ինձ համար ես այդքան վշտանում, քո տկարության պատճառը ես եմ միայն․․․ Բայց ահա քո մոտն եմ և չեմ․․․ հեռանալ․․․ Չե՞ս հավատում․․․
Նա վազեց յուր սենյակն և իսկույն հետ դարձավ ճանապարհի տոմսակը ձեռին։
― Տե՛ս, ահա, պատռում եմ տոմսակս և չեմ գնում․․․
Մայրը թռավ ոտքի և բռնեց նրա ձեռը։
― Ոչ, սպասի՛ր, եթե ինձ սիրում ես, մի պատռիր, շատ լավ ես արել որ վերցրել ես։ Գնա՛, որդի, գնա՛, ես ինքս եմ խնդրում, գնա՛, աշխարհ տես, մարդ տես, թող միտքդ բացվի։ Լսո՞ւմ ես, ես քեզ խնդրում եմ, գնա՛։ Էհ, ես հիմար կին եմ, չէի հասկանում, հակառակում էի։ Հիմա հանգիստ կաց, առանց քեզ կարող եմ համբերել, ինչու չէ, կարող եմ․․․
Նա խոսում էր հաստատ ձայնով և համոզված մարդու եղանակով։ Ոչ մի կեղծ հնչյուն կամ թաքցրած դժգոհություն չէր զգացվում նրա ասածի մեջ։ Սմբատը հակառակեց, նա սկսեց հավատացնել, որ այժմ այլևս ինքը չունի ոչ ուսման ցանկություն և ոչ Թիֆլիսից դուրս գալու միտք։ Բայց դժվար էր համոզել Հոիփսիմեին։ Նա անհողդողդ կրկնում էր, թե շատ կվշտացնի Սմբատը նրան, եթե չկամենա գնալ, թե այդ յուր ջերմ ցանկությունն է և այլն։
Հետևյալ օրը Սմբատը պատրաստվեց ճանապարհ ընկնելու։ Հռիփսիմեն ուրախ էր և աշխույժ։ Նա Սմբատի աչքում բավական փոխվել էր ու անհամեմատ առողջ և զվարթ էր երևում, քան նախընթաց երեկո։ Նա օգնում էր Սմբատին, աշխատելով որքան կարելի է, նրա բեռը ծանրացնել զանազան պիտանի ու ավելորդ հագուստներով և ստիպելով անպատճառ յուր հետ վերցնել տեսակ-տեսակ ուտելեղեն ճանապարհի համար։
Սմբատը մեծ հաճությամբ կատարում էր նրա ամենաչնչին ցանկությունն անգամ։ Բայց, զբաղված լինելով յուր նոր սկսվող կյանքի մտքով, չէր նկատում այն խորին և տարօրինակ թախծությունը, որ թաքնված էր մոր զվարթության ներքո և որ մերթ ընդ մերթ փայլում էր նրա աչքերի մեջ կամ արտահայտվում ձեռների դողոցով։