նրան մերթ կարեկցությամբ, մերթ արհամարհանքով: Ոմանք կանգ են առնում և հետաքրքիր հայացքով հետևում են նրա երերուն քայլքերին, կարծես սպասելով, թե ահա, ահա նա ուժասպառ պիտի թավալվի գետնի վրա: Նրան ամեն օր տեսնում են զբոսավայրում, և միշտ մենակ, միշտ խորասուզված իր մտքերի մեջ, միշտ կռնատակին մի գիրք կա և շատերը, որ նրան համարում էին հոգեկան հիվանդ և խղճում են ասելով.
– Էլի այդ խեղճ մարդը:
Նա ճեղքեց ամբոխը մի ամենախիտ տեղ, ցած իջավ մայթից: Նա կամեցավ ձիաքարշ նստել, ինքն էլ չգիտեր ինչու: Կոնդուկտորը մոտեցավ նրան, նա մեքենաբար առավ տոմսակը, դրեց գրպանը, վայրկյան անգամ չազատվելով իր մտքերից որպես կախարդված մեկը:
– Իսկ փո՞ղը,– ասաց կոնդուկտորը:
Նա մոռացել էր, որ գրպանում ահա երեք օր է կոպեկ չունի: Շփոթվեց, բայց ի՞նչ փույթ, վաղուց էր սովոր նման պատահարների: Նա տոմսակը հետ դարձրեց, շտապով ցած իջավ վագոնից, հետևից լսելով կոնդուկտորի լկտի ծիծաղն ու հայհոյանքը:
Ինչ է պատահել, որ այսօր այնքան մտամոլոր է ու շփոթված: Ոչինչ, մի շատ սովորական բան՝ ընդհարում իր կնոջ հետ: Ճիշտ այն պահին, երբ նա սկսեց պարապել իր բազմաթիվ գրքերով ծանրաբեռնված սեղանի մոտ, անզգա կինը մոտեցավ և հանդգնեց նրանից պահանջել օրվա ծախսի համար դրամ: Ընդամենը մի ռուբլի: Նա մերժեց, որովհետև չուներ:
– Ուրեմն ինչո՞վ պիտի կերակրեմ երեխաներիդ,– ասաց անողոք կինը այն դարձվածքը, որ ամեն օր կրկնում էր և որ մուրճի պես հարված էր խեղճ մարդու համար:
– Այսօր էլ մի կերպ անցկացրու:
– Այօր էլ, այսօր էլ, մինչև ե՞րբ…
– Կին, կգա մի օր, որ լավ կապրենք և շատ լավ:
Մի դառն, երկարատև ծիծաղ եղավ նրա պատասխանը:
Եվ կրկնվեց ամեն օրվա դարձած տեսարանը:
– Դու ծույլ ես, դու փախչում ես աշխատանքից, դու անհոգ հայր ես,– ասաց կինը:
– Իսկ դու նյութապաշտ ես, երկրին կպած ողորմելի,– ասաց մարդը:
Հազար անգամ կրկնված դարձվածքներ, որ վաղուց էին կորցրել իրանց սրությունը: Բայց այս անգամ, երբ Միսակ Ավալյանը, կամենալով ազատվել անախորժ տեսարանից, վերցրեց վերարկուն ու գլխարկը