Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սմբատը դատարկեց թեյի բաժակը, բարձացավ տեղից և շարունակ լռելով, դիմեց դեպի յուր սենյակը։

― Սմբատ,― դարձավ նրան մայրն անվստահ եղանակով։

Սմբատը հետ նայեց և կանգնեց։ Գավթում ոչ ոք չկար, բացի ծառայից, որ հեռվում ցնցուղով ջրում էր պարտիզի ծաղիկները։ Մայր և որդի կարող էին խոսել վստահ, որ ոչ ոք չի լսիլ նրանց։

― Ի՞նչ ես ուզում,— հարցրեց որդին։

Որքան ևս աշխատեր մեղմ արտասանել յուր հարցը, այնուամենայնիվ, նրա ձայնի մեջ մայրն զգաց անսովոր խստություն։

― Ուզում եմ տխրությանդ պատճառն ինձ էլ հայտնես։

— Ես տխուր չեմ։

Ասաց որդին և անմիջապես շուռ եկավ, որ գնա, բայց մայրը խնդրեց սպասել։

— Դու ինձանից թաքցնո՞ւմ էս միտքդ,― հանդիմանեց Հռիփսիմեն․– միթե չե՞ս իմանում, որ ինձ վշտացնում ես։

― Շատ հետաքրքիրն ես․— պատասխանեց որդին տհաճությամբ, և այս անգամ նրա ձայնի կոշտությունն ավելի զգայի էր։

— Սմբա՛տ․․․

Մի անսովոր դառն ժպիտ աղավաղեց որդու շրթունքներն, երբ մայրը կասկածելի հայացքով չափեց նրան ոտից մինչև գլուխ։

— Այդ, վերջապես, անտանելի է․― գոչեց նա, նստելով յուր աթոռի վրա.― այդ կյանք չէ, մայր, որ ես քաշում եմ։ Քո կասկածներն ինձ հալածում են։ «Սմբա՛տ, ինչո՞ւ, ես տխուր, Սմբա՛տ, ինչո՞ւ ես լուռ, Սմբա՛տ, ինչո՞ւ չես ուտում, ինչո՞ւ չես խմում»։ Խոստովանվում եմ, այդ բոլորն ինձ արդեն ձանձրացրել է։

Մայրը աթոռը առաջ քաշեց և, աչքերը լայն բանալով, հառեց որդու երեսին։ Նա սպասում էր, որ վերջինը շարունակի։

— Ես տխուր եմ, որովհետև դու ինքդ ես ինձ ստիպում տխրել,― շարունակեց որդին սրտմտությամբ,― ամեն քայլափոխում խնամք, խնամք ու խնամք, մինչև ե՞րբ։ Գիշերն ուշ եմ վերադարնում― լաց ես լինում, մի տեղ զբնոսնելու եմ գնում― խրատներով ես ճանապարհ դնում։ Չեմ ուտում– ստիպում ես ուտել, չեմ ուզում քնել, պահանջում ես, որ քնեմ, մի գիրք եմ վերցնում կարդալու― խլում էս ձեռքիցս, թէ «աչքերիդ վնաս է», ընկերներիս նամակ եմ ուզում գրել– չես թողնում, թե «կուրծքդ կցավի»։ Ահա, այդ քո հիվանդոտ սերն է, որ, վերջապես, ինձ տխրեցնում է։ Դու ինձ ստրուկի պես ճնշում ես քո սիրով, դու քո կյանքը կապել ես իմ կյանքի հէա, դու ուզում ես, որ քսանչորս տարեկան երիտասարդը