Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ոչ մի օրինակ,– պնդեց անողոք գրավաճառը,– և չեմ էլ կարծում, թե ծախվի մի օրինակ գոնե մոտիկ ապագայում: Փորձով գիտեմ: Իմ գնողները շատ ժլատ են և չափազանց դժվարահաճ: Նրանք միշտ գալիս են ու պահանջում այնպիսի գրքեր, որ ես չունեմ: Անցեք մի ամսից հետո, գուցե ինձ հաջողվի մի քանի օրինակ նաղդել իմ անձնական բարեկամների կամ ազգականների վրա:

– Մի ամսից հետո: Բայց ինձ փող է հարկավոր, ես ոչինչ չունեմ, նույնիսկ հինգ կոպեկ:

– Է՛հ, բարեկամ, փողն ո՞ւմ չի հարկավոր: Ես ինքս այսօր մեծ կարիքի մեջ եմ:

– Գոնե մի ռուբլի չե՞ս կարող տալ:

֊– Ո՛չ ռուբլի, ո՛չ կոպեկ, չունեմ:

– Ես կոմիսիա կտամ քեզ հարյուրին վաթսուն՝ պայմանավորված երեսունի փոխարեն:

– Որ իննսուն տոկոս էլ տաս, էլի չեմ կարող, չունեմ:

– Ցտեսություն,– ասաց Ավալյանը ընկճված ձայնով և դուրս գնաց:

– Գնաս բարո՜վ:

Երբ Ավալյանը տուն վերադարձավ, կինը կանգնած էր պատշգամբի վրա, ձեռները ծոցը դրած, հայացքն ուղղած դեպի վար՝ կեղտոտ գավիթը, ուր խաղում էին նրա զավակները – մեկը վեց, մյուսը չորս տարեկան, երկուսն էլ աղջիկ: Դա փոքրիկ հասակով, թուխ դեմքով, նեղ ճակատով, տափակ մազերով, հիվանդոտ աչքերով մի էակ էր՝ կյանքի առօրյա հոգսերի կատարյալ մարմնացում: Տնային ծանր ու հարատև աշխատանքը և կարիքը զրկել էր նրան իր տարիքին հատուկ թարմությունից: Երեսուն տարեկան չկար. քառասունհինգ տարեկանի տպավորություն էր անում:

Նրա մոտ կանգնած էր եղբայրը, մոտ քառասուն տարեկան մի տղամարդ, դեմքի առողջ, խնդուն ու խելացի գծերով, կատարյալ այս աշխարհի զավակ:

– Ահա և՛ ինքը,– ասաց նա անփույթ բարևելով Ավալյանին,– ես ձեզ կհաշտեցնեմ:

Ավալյանը լուռ բարձրացավ սանդուղքով և անցավ բնակարան, որ բաղկացած էր երկու շատ փոքրիկ, շատ անշուք և վերին աստիճանի աղքատ կահավորված սենյակներից: Նա վերարկուն ձգեց աթոռներից մեկի, գլխարկը մյուսի վրա և նստեց գրասեղանի քով: Շուրջը ձգելով մի մոլոր հայացք, արմունկը հենեց սեղանին, գլուխը դրեց ձեռի ափի մեջ և աչքերը փակեց: Կար այդ շրջապատող չքավորության մեջ մի սուր