Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են, հավատացնում եմ, դատարկ, անիմաստ ֆրազներ, դարձյալ ուրիշներից վերցրած և քո ապիկարության կատարյալ ապացույց։

– Դժբախտ, դժբախտ,– արտասանեց կինը, երեսը դարձնելով մի կողմ։

– Այո, ես դժբախտ եմ, որ ունեմ քեզ նման կին և դրա նման ազգական։ Հեռացե՛ք, թողեք ինձ հանգիստ, թողեք։

– Ո՛չ, չեմ թողնիլ, քանի որ վերջին խոսքս չեմ ասել։ Լսի՛ր․վաղուց է ինձ հայտնի, որ դու իմ քրոջ հետ ամուսնանալը համարում ես քո դժբախտությունը։ Դու այդ մասին մինչև անգամ գրել ես մի պատմվածք և տպագրել անամոթաբար։ Դու արտահայտել ես այն բանայլ գաղափարը, թե ընտանեկան կյանքի հիմքը պետք է լինի ամուսինների հոգեկան համերաշխությունը։ Դու հրապարակորեն վիրավորել ես իմ քրոջը, նկարագրելով նրան որպես մի էակ, որ անընդունակ է ըմբռնել քո դժվարամատչելի գաղափարները և գնահատել քո մեծությունը։ Ա՜հ, չճանաչված հանճար, այդ պատմվածքը մեկն է քո անշնորհքության փայլուն ապացույցներից, որովհետև այնտեղ ևս դու կապկություն ես արել, հետևելով ոչ քեզ նման, այլ իսկապես չգնահատված տաղանդների օրինակին։ Չեմ վիճում, քույրս շատ էլ մեծ մտավոր զարգացում չունի, բայց նա զուրկ չէ առողջ բանականությունից և արժանավորներին գնահատելու ճաշակից։ Նա ունի գոնե շնորհալին անշնորհքից զանազանելու չափ ունակություն։ Հավատա, եթե դու տաղանդ լինեիր, վաղուց նրան գրաված կլինեիր։ Վերջապես, ես ինքս կստիպեի նրան համբերությամբ կրել կյանքի նյութական գրկանքները, հանուն քո սուրբ կոչման։ Բայց դու չունիս կոչում, բարեկամ, չունիս, ինչո՞ւ ես անհաջողությանդ պատճառները նրա վրա ձգում։ Տաղա՜նդ… տաղանդ այնպիսի մի ուժ է, որի առջև վաղ թե ուշ խորտակվում են բոլոր պատնեշները և փարատվում է ամեն մի խավար։ Նրա դեմ անզոր է և՛ տգիտությունը, և՛ նախանձը, և՛ ատելությունը, ամեն ինչ։ Քսանուհինգ տարի է դու կռվում ես, ասա՛, հաղթե՞լ ես որևէ նախապաշարմունք, մի սխալ կարծիք․ մի թյուր հասկացողություն, լսե՞լ են երբեէ քո ձայնը, հարցրե՞լ են գեթ մի անգամ քո կարծիքը այս կամ այն հասարակական գործի մասին։ Ունի՞ս դու գոնե մի հատիկ երկրպագու չեմ ասում, այլ պարզ հետևորդ, ուզում եմ ասել աշակերտ։ Հո չի կարելի շարունակ դատարկ խոսքերով կերակրվել և սնոտի երազների մեջ թմրել։ Մի բան ևս․ ասում ես, թե քո մեջ ուժ ես զգում, բայց չէ որ խելագարներ կան, որ հավատացած են, թե կարող են դարավոր կաղնին արմատահան անել իրանց ձեռքերով և երբ փորձում են, թավալվում են գետնին։ Սակայն ներիր, ես նույնիսկ չեմ հավատում, թե դու